Հրանտ Մաթևոսյան, Ինքնանկար

— Կենդանակերպի Ձեր նշանը:

— Ջրհոս:

— Դուք հավատացյա՞լ եք:
— Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում:
— Ձեր ծնողները հավատացյա՞լ են:

— Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:

— Ձեր սիրած կենդանին:

— Մի ժամանակ ընկերներիս խնդրում էի, որ նկարեն գառը, ուլը, հորթը, քուռակը, փոքրիկ ծառը, կողքին՝ փոքրիկ տղան:
— Ձեր սիրած եղանակը:
— Վաղ գարուն՝ մայիսի սկիզբը, մաքուր, լիքը աշունը:
— Ի՞նչ խենթություններ ունեք:
— Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա. խենթերին չեմ սիրում:
— Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս:
— Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ:
— Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք:
— Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է:
— Դուք երջանի՞կ մարդ եք:
— Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ:
— Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:
— Եթե քաջ եղած լինեի, պետք է որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում՝ որպես մահից խուսափող մարդ…
— Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:
— Գրականությունը ինձ համար դավանանք է:
— Ո՞րն է գրականության հաստատած ճշմարտությունը:
— Գրականությունը Աստծուն բերել, տեղադրել է մարդու մեջ:
— Ի՞նչ եք մտածում գրականություն և գաղափարախոսություն փոխհարաբերության մասին:
— Ինչպիսի գաղափարախոսության պիտի հարի գրո՞ղը. եթե ազգայնական է՝ գրականություն չի, եթե կոմունիստական է՝ գրականություն չի, եթե հումանիստական է՝ քաղցրալորձ է, եթե բուրժուական է՝ գրականություն չի, եթե հարող է՝ գրող չի, այլ քարոզիչ: Գրողից պահանջվում է միաժամանակյա ներկայություն թվարկված և դարձյալ շատ ու շատ կետերում…
— Ո՞րն է այսօր գրողի առաքելությունը:
— Ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը:
— Ո՞րն է Ձեր գրականության առավելությունը: Ի՞նչն էիք ուզում փոխել աշխարհում, որ փոխվեց կամ չփոխվեց:
— Ուզում էի Հայոց երկրի համար ավետարան գրել:
— Ինչի՞ց կուզենայիք փրկել ծմակուտցի և ոչծմակուտցի մարդուն:
— Հավակնոտ այն մշակույթից, որ բանակներ է գումարում, իր իդեալները զենքով տանում ուրիշի երկիրը, փաթաթում մարդկանց վզին, կարծես մարդուց էլ մեծ իդեա կա: Հիշենք և նզովենք Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոնին, Հիտլերին: Սարսափելի բան է, երբ այդ համաճարակային «իդեաները» մեծ ազգերի մեջ են բռնկվում…
— Ի՞նչ ասել է ճշմարիտ գրականություն:
— Եթե կարդում եք ու ասում՝ սա իմ մասին չէ, այլ՝ հարևանիս, նշանակում է գործի ճշգրտությունը մոտավոր է:
— «Արվեստը արվեստի համար». կա՞ այդ սկզբունքը՝ մաքուր արվեստը:
— Երբ արվեստը արվեստի համար է՝ միայն այդ դեպքում է դառնում մարդու համար:
— Ո՞վ է հայը:
— Չի ընկնում մինչև հատակը և չի բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը:
— Տիեզերքի մասին:
— Տիեզերքի սահմանը մեր խելագարությունն է:
— Իսկ անսահմանությո՞ւնը:
— Անսահմանությունը մեր անզորությունն է:
— Ձեր հարցը Ձեզ:
— Ա՛յ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում:

Աղբյուրը`  http://hrantmatevossian.org/hy

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Հրանտ Մաթևոսյան, Ինքնանկար»

  1. Уведомление: Հրանտ Մաթևոսյան, «Լինել» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գեղեցկություն ասված աստծու լույսը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Սպասում էի ու համոզված էի,որ հենց սա կլինի…

  4. Уведомление: Գնալու և հասնելու ճանապարհը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հրանտ Մաթևոսյան | Լիլիթ Մադոյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s