Նվարդ Թումանյանի հուշերից
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել
***
Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին:
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…
***
Իմացողը գիտի, որ Թումանյանն ու Ղազարոս Աղայանը բացառիկ ընկերներ էին: Էնքան ու էնպիսի, որ էդ ամենը տարօրինակ հեռազգացության ու իրար մտքերը կարդալու էր հասնում: Թումանյանն Ասլան ապեր էր ասում Աղայանին, նա էլ Թումանյանին՝ Ասլան բալասի:
Ահա, մի օր, ուրեմն, երբ Թումանյանը շատ վշտացած է լինում ե՛ւ ազգի վիճակից ե՛ւ աջից ու ձախից իրեն ուղղվող նետերից, նաեւ՝ ֆինանսական դժվարություններից, Աղայանը, որ հնչակ էր, սոսկալի է նեղվում ընկերոջ վիճակից, եւ որովհետեւ ՙՙէստեղ Ասլան բալասու հարգը չգիտեն՚, առաջարկում է դառնալ հնչակ, մեկնել Լոնդոն, էնտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու խմբագրել հնչակների թերթը:
Թումանյանս տանում-բերում է ասում՝ Այտա՛, էնպես ես ասում Լոնդոն, ասես՝ էդ Լոնդոնդ Լոռին լինի, հնչակ ասածդ էլ իրոք հնչի, վա՛:
***
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես, որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա, առողջ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
Լեո
…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա /Маевский, «Закавказье»/: Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
***
Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
Նվարդ Թումանյան, «Հուշեր — զրույցներ», Ե., 1987
Զորավար Անդրանիկը Թումանյանի մասին
Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:
Սիրելի Անդրանիկ
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան
Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…
Уведомление: Կարդում ենք Թումանյան — Գոհար Բալջյան
Уведомление: Նվարդ Թումանյանի իր հոր մասին – Հայկ Մկրտչյան
Уведомление: Նվարդ Թումանյանի իր հոր մասին | Գոռ Բաղդասարյան
Уведомление: Մայրենի 5-րդ դասարան — Գոհար Բալջյան
Уведомление: Հուշեր Թումանյանի մասին — Գոհար Բալջյան
Уведомление: ՀՈՒՇԵՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Մարկ Վարդանյան
Уведомление: Դուք գտնվումեք Լեո Աղաբեկյանի բլոգում:)
Уведомление: Պատմություններ Թումանյանի մասին — Թումասյան Լիանայի բլոգ
Уведомление: Տնային աշխատանք հետազոտական աշխատանք. թեմա ՝ Թումանյանը և Վերնատունը: — Միջին դպրոց, 6-րդ դասարան
Уведомление: Հուշեր Թումանյանի մասին. Վերլուծություն – Նանե Մոմչյան
Уведомление: Հովհաննես Թումանյանի մասին հետաքրքիր պատմություն — Մարիա Վաթյանի բլոգ
Уведомление: Հովհաննես Թումանյան — Արսինե Կարապետյանի բլոգ
Уведомление: «Կարդում ենք Թումանյան» նախագիծ — Անի Գրիգորյան
Уведомление: Փետրվարի 21-փետրվարի 25 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ) — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Փետրվարի 25. Մայրենի — Բարի Գալուստ Էլիզա Տոնոյանի Բլոգ
Уведомление: Թումանյանական օրեր – Մարգարիտա Բալայան
Уведомление: Փետրվարի 28-մարտի 4 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ) — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Մայրենի — Նատալի Ավագյան
Уведомление: Հուշեր Թումանյանի մասին — Նաջարյան Արիս
Уведомление: «Կարդում ենք Հովհաննես Թումանյան» նախագիծ — Արման-Տեր-Ստեփանյան
Уведомление: Մայրենի – Աննա- Քրիստինա Չաղլասյան