Գալստյան կիրակի (լրացված)

xach

Արթուն կացէք,զի ոչ գիտէք զօրն եւ ոչ զժամն, յորում գայցէ Որդի Մարդոյ։

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:

Առաջին Գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (Գ Թագ. 19:12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու և վեմեր խորտակելու: Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24:36):

Երկրորդ Գալստյան մասին Ավետարանում ասված է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. 24:27): Ինչպես նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում ձայնը, այդպես էլ Տիրոջ Գալստյամբ՝  նախ խաչը պիտի երևա, և ապա Տերը պիտի հայտնվի: «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29): Իսկ Եսային ասում է. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, և կլինեն նոր երկինք և նոր երկիր» (Եսայի ԼԴ 4):

Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյան մասին: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):

«Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, և այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30): Ինչպես Համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9), այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ ամպով է գալու Տերը:

Ըստ մարգարեությունների՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են Երուսաղեմում՝ Սուրբ Հարության տաճարի տարածքում:

Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդը կարող է սպասել Տիրոջ Գալստյանը:

Աղբյուրը՝ qahana.am

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Լուսանկարը`  անձնական արխիվից

Կարող եք ծանոթանալ նաև՝ Տեսիլքներ և մարգարեություններ հայոց

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.