Իմ բարեկամ Սանչո, ահա այժմ, երբ ես դեռ նոր եմ սկսում գագաթը բարձրանալ, դու արդեն ժամանակից շուտ եւ առողջ բանականության օրենքներին հակառակ` քո իղձերը կատարված ես տեսնում: Շատերը կաշառք են տալիս, աղերսում են, չեն քնում, ձանձրացնում են, խնդրում են ու համառում եւ էլի նպատակին չեն հասնում, իսկ մեկ ուրիշը հազիվ ասպարեզ է գալիս, հայտնի չէ, թե ինչ կերպ եւ ինչու` հասնում է այն պաշտոնին ու դիրքին, որի վրա շատերը աչք էին տնկել:
Բեւեռիր հայացքդ քեզ վրա եւ աշխատիր ճանաչել ինքդ քեզ` քանզի դրանից ավելի բարդ ճանաչողություն դժվար է պատկերացնելը: Ճանաչելով ինքդ քեզ` չես փքվի այն գորտի նման, որն ուզում էր եզան հետ համեմատվել, հակառակ դեպքում դու քո գոռոզամիտ խելացնորությամբ կնմանվես փարթամ պոչ եւ այլանդակ ոտներ ունեցող սիրամարգին: Հիշիր, որ դու մի ժամանակ խոզարած ես եղել: Եթե դու կնոջդ քեզ հետ բերելու լինես (որովհետեւ հարկ չկա, որ երկարատեւ ծառայություններ ունեցող կառավարիչները բաժանված լինեն իրենց ամուսիններից), սովորեցրու նրան, լուսավորիր եւ հղկիր նրա բնածին կոպտությունը, որովհետեւ շատ հաճախ խելացի նահանգապետի ձեռք բերածը կորչում եւ կործանվում է անտաշ եւ հիմար կնոջ երեսից:
Եթե դու հանկարծ ամուրի դառնաս (որ միշտ կարող է պատահել) եւ քո վիճակը թույլ տա քեզ ավելի տոհմիկ ծագում ունեցող աղջկա հետ ամուսնանալու, ապա ուշադիր եղիր, որ նա իրեն կարթի նման չպահի եւ չասի` “չեմ ուզում, ջեբս գցիր” , որովհետեւ, ճշմարիտն ասած, դատավորի կնոջ վերցրած ամեն մի կաշառքի համար մարդն է պատասխանատու Ահեղ դատաստանի օրը…
Երբեք մի ղեկավարվիր քո սեփական կամայականության օրենքներով, որովհետեւ այդ կերպ են վարվում միմիայն իրենց մեծ խելոքներ երեւակայող տգետները:
Թող աղքատի արցունքները ավելի շատ կարեկցություն հարուցեն քո մեջ եւ ոչ պակաս արդարացիություն, քան հարուստի գանգատները:
Այնտեղ, ուր անաչառություն է պետք, մեղավորին մի ենթարկիր օրենքի խստության, որովհետեւ դաժան դատավորի համբավը ոչնչով լավ չէ գթասիրտ դատավորի համբավից:
Հանգամանորեն պարզիր քեզ համար, թե որչափով նշանակալից է քո վիճակը, եւ եթե կարեւորագույնը թույլ է տալիս սպասավորներիդ հատուկ սպասազգեստ հագցնել, ապա պատվիրիր, որ այդ սպասազգեստները շքեղ ու վառ չլինեն, այլ լինեն վայելուչ եւ դիմացկուն եւ բաժանիր այն սպասավորների եւ աղքատների միջեւ, այսինքն վեց մանկլավիկ հագցնելու փոխարեն, հագցրու երեք աղքատի եւ երեք մանկլավիկի”:
Դոն Կիխոտ
Աղբյուրը` asekose.am
Уведомление: Էլեկտրոնային ռեսուրսներ. գրականության ցանկ « Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Համաշխարհային գրականություն – Ալլա Թադևոսյան