- Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
- Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
- Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
- «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
- Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
- Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
- Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
- Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։
- Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։
- «Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։
- Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։
- Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։
- Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։
- Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։
- ֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։
- ֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։
- ֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։
- ֊Դե տեղդ կանգնի․․․
- Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։
- Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։
- Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։
- Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։
- Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։
- Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։
- Պարտուսի գերին
- Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։
…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։
— Ծածկիր, այ տղա։
Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։
— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։
Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։
Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։
— Հենրիխ, ասա րոդերը։
— Հաջա՞ն…
— Րոդերը, խնտրեմ։
Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։
Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․
— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։
— Ետո՞…
— Սրեդնիիիի…
— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։
— Սրեդնի Ազիա…
— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։
— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։
Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։
Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։
— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։
Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․
— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…
Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․
— Երկրաչափություն՝ երկու…
— Վա՜շ։
— Պատմություն…
— Վա՜խ։
— Ռուսաց լեզու…
— Վա՜շ, անլեզու տղես։
— Բուսաբանություն…
— Վա՜խ, բանվոր տղես։
— Անգլերեն…
— Վա՜շ, ռանչպար տղես…
— Աշխատանք՝ հինգ։
— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։
Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։
Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․
— Իմս մեկ է, հըմը բեկ է։
Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։
Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։
Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։
— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։
Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…
— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։
— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։
— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։
Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝
— Երկու։ Դասարանը ապշած էր։
— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։
Բուքը, երգը, երեխան
Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։
Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։
Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։
Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։
Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։
— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։
Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։
Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։
— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։
Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.
— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։
— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։
Երեխան կարծեց լավ չարդարացավ։
— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։
— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։
Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։
— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։
— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։
Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։
Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.
- Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,
- Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…
— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։
Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։
Աղբյուր՝ grapaharan.org
Սկզբնաղբյուր՝ Վանո Սիրադեղյան «Ծանր լույս»
