Հոկտեմբերի 15-ին ծնվել է գիտնական, աստղաֆիզիկոս, գրող, հրապարակախոս, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը:
Աստղագետ Գուրզադյանը մեծ ներդրում ունի տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ամերիկյան Հաբլ հեռադիտակի թռիչքից շատ առաջ հայ գիտնականը կառուցեց աստղերի հետազոտման տիեզերական հեռադիտակ:
Գրիգոր Գուրզադյան, էսսեներ
Պատմության ընթացքը
Ասորեստանի պատմությունը մեկ անգամ ևս հաստատում է այն հզոր օրինաչափությունը, համաձայն որի` ամեն մի ազգ, ժողովուրդ, երկիր իր գոյության ընթացքում մեկ անգամ, միայն մեկ անգամ կարող է հայտնվել բարձրագույն կետում, դառնալ գերպետություն, աշխարհակալ, դառնալ իմպերիա:Միայն մեկ անգամ: Կրկնությունը չի լինում: Այդպիսին եղավ փարավոնների էպոխայի Եգիպտոսը, Միջագետքի աշխարհակալական պետությունները իրար հետևից` սկսած շումերներց, վերջացրած խեթերով, Դարեհների Իրանը, հետ` հելլենական Հունաստանը, կեսարների էպոխայի Հռոմը, Տիգրան մեծի Հայաստանը, շատ հետո չինգիզխանյան թաթար-մոնղոլական հրոսակները: Դրանցից ոմանք չքացան պատմության բեմից ընդմիշտ. չկա Կարթագենը, չկա ՄԻջագետքի պետություններից և ոչ մեկը, չկա ղպիտների Եգիպտոսը, իսկ նրանք, որոնք կան դեռ, պարզապես շարունակում են գոյատևել որպես միջակ կամ հազիվ նկատելի երկրներ… Հայաստանն այդ թվում… Այսօրվա Հունաստանը նաև… Ամենաշատը, որ կարող է լինել, երբեմն-երբեմն այս կամ այն առիթով մտաբերել, հիշել անցած-գնացած երկրներին կամ ժողովուրդներին սոսկ որպես պատմական էպիզոդ, տուրք երբեմնի անցյալի…
Ի՞նչ է հանճարը
Ի՞նչ է տաղանդը, ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է, երկրորդը մոլուցք… Դա այն զուսպ, անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի, բնության, տիեզերքի հանդեպ: Կյանքի հանդեպ: Եվ նաև բռնկվել գաղափարից: Բայց և կարողանալ կասկածել, կասկածել ամեն հերթական քայլից, ամեն արդյունքից: Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում` պաշտանմունքի հասնելու աստիճան: Անկախություն, Խորաթափանցություն: Գիտակցումը սեփական հնարավորությունների: Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն: Կարողանալ հրապուրվել: Ու չզգալ, չնկատել, թե ինչպես է անցնում գիշերը, երբ է լուսանում… Դա պիտի լինի տարերայնորեն…
Ունենալ պաշտանմունքը գեղեցկության, փնտրել գեղեցկության գրացիա ամեն ինչում…Կարողանալ տեսնել, զգալ գեղեցկությունը մի հայացքով, ակնթարթորեն… Ստեղծագործությունը տարերք է: Ստեղծագործողը` նույպես …
«Գիտությունը սկսվում է զարմանալուց…» սա Արիստոտելի խոսքն է: Կարևոր է, որ այդ հատկությունը` զարմանալու, որը թվում է թե հատուկ է միայն երեխային, մնա պահպանվի ամբողջ կյանքում… Հենց դա… զարմանալու հատկությունն է հարակյաց դարձնում հանճարի ստեղծագործական կյանքը…Հանճարը, ինչպես ջրվեժը, ինքն է բացում իր ճանապարհը: Տաղանդը կարող է ջարդվել, անգամ կործանվել արգելքներին հանդիպելիս, հանճարը այդպես չէ, նա սնուցվում է հենց այդ արգելքներց:
Թոնիրը
Ով է ստեղծել թոնիրը: Դա հանճարեղ հայտնագործություն է… Շուջանակի, կարասի տեսքով, վերևից բացվածքը` արմնկաչափ, դեպի վար լայնացող, խուրությունը` երկու երեք արմունկի չափ: Սարքում են թոնիրը կավից` լավ մաքրված, ունցած, չորանալուց հետո ուժեղ կրակի մեջ թրծում են մինչև դարչնագույն դառնալը: Թոնիրը թաղում են հողի մեջ, շուրջ լավ հարթում, իսկ վարը` հատակի մոտ, անցք է թողնվում թեք խողովակով դուրս եկող. այդ թոնրին օդ է տրվում կրակի համար: Թոնիրը` մեր ատոմային ռեակտորը…
Տիեզերքը ափի մեջ
«Միտքը և կիրքը գոյություն ունեն համատեղ: Հնարավոր չէ, որ մարդն հավատա, որ ինքը հրեշտակ է կամ կենդանի: Ճիշտն այն է , որ նա հասկանա, որ այդ երկուսն էլ կան իր մեջ: Մարդն ունի երջանկության հասկացողությունը, բայց հասնել դրան, նա չի կարող: Մարդը զգում է ճշմարտությունը, ավելի ճիշտ, դրա կերպարանքը, բայց սուտն է տիրում:
Ուրեմն` ի՞նչ:
Սովորենք մտածել և լավ մտածել»:
Հանճար` աստվածներից մերժված
…Պատերազմների և ճակատամարտերի պատմության մեջ անհնար է գտնել նույնիսկ հեռավոր նմանությունն այնպիսի խելագար մի արարքի, ինչպիսին Հաննիբալի այդ գիշերային երթն էր դեպի Հռոմի սիրտը: Դա հետախուզություն չէր, հակառակորդի թիկունքին ինչ լինելը պարզել չէր… Այդ ե՞րբ է եղել, որ նման խնդիրների լուծման համար հետախուզության գնա ինքը`զորավարը կամ գերագույն հրամանատարը…Հաննիբալի այս սրընթաց արշավը բոլորովին այլ խնդիր ուներ իր առաջ դրված: Բայց նույնիսկ այդ դեպքում իր `Հաննիբալի գիշերով Հռոմ թափանցելու միտնքն արդեն խելացնոր բան, ոստի և այդ հարցն է ծագում. Ինչո˚վ էր վստահ Հանիբալը, որ դա կհաջողվի: Երկու բանով ` նախ` հակառակորդի մտքով չէր կարող անցնել նման մի ավանտյուրայի հնարավորությունը, և ապա` այդ խնդրի ծագելը, կազմակերպելն ու իրանացնելը տևեց կես օրից պակաս` ընդամենը կես գիշեր, այսինքն` այնքան արագ, որ Հաննիբալի բացակայելն անգամ մնաց աննկատ…
…Հաննիբալի գիշերյին այցը Հռոմի կենտրոն նրա հանճարի փայլատակումներից էր…
Գալիք ժամանակները կձևակերպեն նրա այս արարքը այսպես. Հաննիբալից ամեն ինչ կարելի է սպասել…
Այդ ժամանակ Հաննիբալը 31 տարեկան էր…
Առավոտյան Հռոմից վերադառնալուն պես, Հաննիբալը հավաքեց բոլոր զորապետերին… Դրան սպասում էին, նրանք գիտեին, զգում էին, որ Հաննիբալը կայացրել է, պետք է որ կայացրած լինի իր որոշումը, բայց չէին կարողանում գուշակել, թե ինչ է այս անգամ հղացել նրա ֆանտազիան…Թեև բոլորն էլ ճակատամարտը Հռոմի հետ համարում էին անխուսափելի…
Հաննիբալը դուրս եկավ վրանից. նա մռայլ էր , մտահոգ, գիշերային երթի հոգնածությունը, վերջին օրերի լարվածությունը կերպարանափոխել էին նրա դեմքը…
Նրա բերանից դուրս եկավ մի նախադասություն.
— Ճակատամարտը Հռոմի համար չի լինի… Վաղն առավոտյան մենք հեռանում ենք այստեղից… Ձեզ տալիս եմ մեկ օր ժամանակ`ճամբարը հավաքելու և երթի դուրս գալու համար…
Բոլորը քարացան… Չէին հավատում լսածին… նրանք պատրաստ էին մի նոր և էլ ավելի ահեղ Կաննեի, պատրաստ էին թերևս բոլոր ժամանակների խոշորագույն, ամենադաժան ճակատամարտի… Գուցե և ամենավերջին ճակատամարտի… Ին՞չ խնդիր այլևս կարող էր մնալ Հռոմից հետո, անկախ այն բանից, թե ինչով կվերջանար դա… Ու չէին տարակուսում, չէին կասկածում` Հաննիբալը կգնա դրան…
Եվ ահա այս անականկալը. Հաննիբալը հրաժարվում է այն խնդրից, ինչի համար կտրել էր այդ հսկա ճանապարհը` չորս հազար կիլոմետր` կռիվներից ու ճակատամարտերից հետո կտրել-անցել Իսպանիան, անցել գալիացիների երկրով, իրականացրել հսկա բանակի խելացնոր ցատկը Ալպերով, հաղթող դուրս եկել Իտալիայի հյուսիում իրար հետևից տեղի ունեցած բոլոր ճակատամարտերում, իրականցրել աներևակայելի, անըմբռնելի այդ անցումը Առնո գետի ճահիճներով, տարել փայլուն հաղթանակ Տրազիմենուսի ճակատամարտում, նվաճել Իտալիայի ողջ հարավը, վերջապես` Կաննեն ` ամեն ըմբռնումից , ամեն պատկերացումից դուրս Կաննեն…
Նրանք` այսքան տարիների ընթացքում Հաննիբալի հետ միասին տանելով այսքան տառապանքներ, այսքան արհավիրքներ տեսած նրա զինակիցները, պապանձվել էին… Բոլորն իրար էին նայում` անխոս, շփոթահար, այս անակնկալից…
… Ին՞չ կատարվեց նրա հետ, ինչո˚վ Ֆորումի տեսքն առաջ բերեց այդ ցնցումը նրա մեջ` հրաժարվել այն մտքից, այն խնդրից, ինչ համար իր կյանքն է դրել…
«…Այս երկիրը հեքիաթային երկիր է, պարզապես այնքան ենք անպատկառ, որ չենք ուզում դա հասկանալ: Սա շատ մի արտառոց բան է… Աշխարհը այսպիսի հարստություն ունի: Գիտե՞ք, էսպիսի բաներով, եթե մարդու միտքը զբաղվի՝ մարդը մարդ կդառնա: Շատ կարևոր է, թե ինչով է նրա միտքը զբաղված: Պետք է այնպես անել, որ անպետք բաներին տեղ չմնա, նա մտածի նկարի, երաժշտության, գեղեցկության մասին:
Սա թող մնա մի խոստովանանք. իմ մեծագույն դժբախտությունը այն է, որ 1 տարեկանից չունենալով լսողություն՝ ինչպե՞ս կարող էի ենթադրել, որ իմ մեջ կարող է լինել այդքան մեծ երաժշտության պահանջը: Երաժշտությունից վեր ես ոչինչ չգիտեմ, որովհետև երաժշտություն տիեզերքում չկա, երաժշտությունը միայն մա՛րդն է, մա՛րդն է ստեղծել, մա՛րդն է ավելին վերցրել: Ահա այսպիսի ապրումներից հետո, ես հնարավորություն չեմ ունեցել զբաղվել իմ ամենանվիրական բանով՝ երաժշտությամբ՝ չլսելու պատճառով: Դուք հասկանու՞մ եք, կան բաներ, որի մասին բարձրաձայն խոսելը հնարավոր չէ: Ես ամբողջ սիմֆոնյաներ եմ անգիր հիշում, և ամբողջ ժամանակ իմ ներսում հնչում են այդ սիմֆոնիաները: Ես երգի մասին չեմ խոսում: Հայկական երգը, բանը, դրանք փոքրիկ բաներ են: Խոշոր՝ դասական երաժշտությունը, օպերային ամբողջ տեսարաններ՝ բեմական, մի զարմանա, դրանք իմ մեջ կան: Նկարելու պահանջը դա շնչելու պես մի բան է եղել: Դա ինձ համար մի ամբողջ աշխարհ էր: Ես միայն կարող եմ զղջալ, որ հանգամանքների բերումով չկարողացա զբաղվել նկարչությամբ: Թող կոպիտ չլինի՝ գիտությամբ զբաղվելը դա իմ կյանքի նորմալ ձևն է: Մարդը չլինելով՝ տիեզերքից կպակսի և շա՜տ բան կպակսի: Սրանից ոչ մի հիպերբոլա չկա, ոչ մի չափազանցություն չկա:
Մտածողությու՛ն, տիեզերքը չունի, բայց մարդը ունի: Վճիռ կայացնե՛լ, տիեզերքը չունի, բայց մարդը ունի: Արվեստ ստեղծե՛լ, միայն մա՛րդն է ստեղծում, տիեզերքում նման բան չկա»: Գրիգոր Գուրզադյան
Մերի Մուսինյան «Զրույց աստղերի հետ»: Աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի խոհերը մարդու, տիեզերքի, արվեստի, պատմության, լեզվի, հայրենիքի, զարմանքի, երջանկության, հավերժի մասին: Հաղորդումը նվիրվում է նրա լուսավոր հիշատակին:
Աղբյուրը` mskh.am
Կարող եք ծանոթանալ նաև՝
Թամար Ղահրամանյան, Գրիգոր Գուրզադյան ֆենոմենը
Գրիգոր Գուրզադյան «Հայաստանը կհերիքի բոլորին, Հայաստանը սպառել հնարավոր չէ»
Գրիգոր Գուրզադյան «Հայ ժողովրդին պատմության բեմից կարող է հեռացնել միայն հայ ժողովուրդը»
Ի՞նչ է ամբոխը. մաս առաջին, մաս երկրորդ, մաս երրորդ
Քննարկումների շարք
Գրիգոր Գուրզադյան, «Ի՞նչ է ամբոխը»
Уведомление: Գրիգոր Գուրզադյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական դեկտեմբեր+ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Մարդու ուղեղը երբեք չի հոգնում: Դա ապացուցված է գիտականորեն: Եվ եթե մեկը ասում է՝ գլուխս պայթեց, ուրեմն դա գլուխ չէ՝ մտածելու ունակ, այլ մի ուրիշ բան է՝ պայթելու ունակ:
Կարևոր է՝ ինչպես ենք սկսում օրը: Ի՛նչ տրամադրությամբ: Գիտե՞ք, օրը լավ սկսելու համար կա շատ հեշտ, շատ պարզ մի ձև. նախորդ օրվա վերջին մի հետաքրքիր անելիք թողեք հաջորդ օրվա համար: Փորձված արհեստավորները, վարպետներն այդպես էլ անում են. հաստոցը կանգնեցնում են գործի ամենահետաքրքիր պահին՝ ավարտը թողնելով հաջորդ օրվան: Դա, հաճելի, շատ ցանկալի ժամադրության պես է՝ գիշերը չես քնում:
Մարդ արարածը շատ թերի կողմեր ունի: Ինչպես երևում է, Արարաիչը մարդ ստեղծելու գործը հանձնարարել է որպես դիպլոմային աշխատանք և իր ոչ այնքան էլ շնոհքով աշակերտներից մեկին: Նա էլ ահա այսպես՝ ծուռուշիտակ ստեղծեց այս արարածին, որը հետո կոչվեց մարդ: Չգիտեմ՝ այդ դիպլոմային աշխատանքը վերևում ինչ գնահատակն ստացավ, բայց ես հազիվ «երեք» կդնեի: Այդքա՜ն էլ անշնորհք, անկատար աշխատանք: Երբ մեքենան չի աշխատում, նա էներգիա, վառելիք չի վատնում: Իսկ մարդը աշխատի-չաշխատի՝ վառելիք պիտի վատնի, ասել է՝ պիտի կերակրես: Եղա՞վ: Ո՞ւմ է պետք այդքան անկատար, այդքան վնասով աշխատող մեքենա: Մեկը լինի հարցնի էդ դիպլոմնիկին՝ հասկացողություն ունի՞ էկոնոմիկայի օգգ-ի մասին: Հապա քնելու պարագան: Ինչո՞ւ համար է քնելը: Ասում են՝ նյարդային համակարգը հանգստացնելու համար: Բայց այդ ինչպե՞ս է, որ մնացած օրգանները գործում են, աշխատում առանց հանգստանալու: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ պետք է կյանքի մեկ երրորդը ծախսվի այդպես անմիտ ձևով ՝ քնելով: Էլ չասենք դրա հետ կապված հոգսերը՝ ննջարան, մահճակալ, անկողին: Եվ քնում են բոլորը՝ նյարդային համակարգ ունեցողն ու չունեցողը: Վերջինները՝ նույնիսկ հուժկու խռմփոցով:
Միայն քնե՞լն է: Մարդը ստեղծել է մի տարօրինակ հասկացողություն՝ հանգիստ, հանգստայնա ժամ, հանգստյան օր, արձակուրդ ու չգիտեմ էլ ինչ, որոնք դժվար է տեղավորել բնության երևույթների շարքում: Մարդը հակված է քիչ աշխատելու, իսկ եթե հնար լիներ՝ բնավ չաշխատելու: Մարդն իր էությամբ ծույլ է, նրա մեջ նստած է ծուլությունը: Ի բնե, ի ծնե:
#Մարդը_տիեզերքի_ամենամեծ_հանելուկն_է #Հարց_պատասխան #Մի_սիրո_պատմություն
НравитсяНравится
Уведомление: Գրիգոր Գուրզադյան «Մարդը տիեզերքի ամենամեծ հանելուկն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ