Պատումներ

AregGevorgyan

Տիարի ծնունդը չլիներ՝ պատմողը չէի կամ ինչքան ասի՝ չպատմեմ, չեղավ

Ես ինձ համար տանը խախանդ նստած էի, մեկ էլ մամաս ուրախ-ուրախ մտավ տուն ու ասաց, որ «Ասպետի» պայմանագիր է կնքել ու, որ ես պիտի գնամ Արցախ՝ «ծառայության»:
Ես էլ «ուրախ-ուրախ» ասացի.
-Աչքս լույս…
Աչքս փակեցի, բացեցի թե չէ՝ լույսը եկավ: Օրը բացվեց, բարին հետը, ու ՊՆ-ի «ամենագնացներով» ճամփա ընկանք:
Գնացինք-գնացինք, հասանք Դադիվանք: Ծարավեցինք ու մի մարդու ջրի տեղ հարցրինք:
Էս մարդն ի՞նչ ասի, որ լավ լինի:
 -Հընա դենը պըլպըլակի սվեժի ճուրը կըյամ ա:
ՊՆ-ի ամենան մնաց ճամփեքին, գնացները մեզ հասցրին Այգեձորի «Ասպետ» ճամբար, ու սկսվե՜ց…
Առավոտյան, հենց ուշանում էինք շարայինից, սպաներն ու բարձախոսը միասին գոռում էին.
-Ուա,՜ ա՛յ բոլոճներ, շարվե՜լ:
Ասեմ, որ մենք շատ էլ ըմբռնումով էինք մոտենում մեր՝ բլոճներ լինելու փաստին:
Մի անգամ էլ, ընկեր Գնելը իր «թանկագին» ռացիան մի քանի րոպեով վստահեց ինձ ու…
Բա, ես շատ իմանայի, որ ինձ կարող էին լսել Հատուկ նշանակության ջոկատայինները, բազմաստիճան սպաներն ու, ո՜վ գիտի (մեղա-մեղա), ադրբեջանցի գաղտնալսողները:
Ինձնից գոհ, արագ-արագ, ավելին՝  վռազ-վռազ, իրար հետևից վրա տվեցի.
-Բոլոճը՝ տառականին, բոլոճը՝ տառականին, լսո՞ւմ ես, ա՛յ տառական:
Էլ ի՞նչ ասեմ: Էդ օրվանից բոլորը ինձ են ման գալիս…մինչև հիմա:
 
Ես ու իմ շաշ արձակուրդը

Ամեն օրվա պես մի օր քնեցինք, արթնացանք, ես ու մայրիկը նստեցինք ու որոշեցինք գնալ Սպիտակ՝ հարազատներին տեսության: Որոշեցինք ու գնացինք: Հասանք Սպիտակ թե չէ, ձուկ բռնելս որտեղից որտեղ եկավ:
Գնացինք-գնացինք-գնացինք, հասանք «առաջին ջրվեժ» կոչվող տեղանքին: Մեզ հետ տարել էինք հինգ ձկնորսական կարթ, որից մինը բռնակ չուներ, մյուսը՝ որդ,  մնացածով էլ կարող էինք յոլա գնալ: Անցավ մի ժամ, երկու ժամ, լա՜վ, երեք ժամ, մեկ էլ…մի հրճվանք, մի ուրախություն: Բա չե՞ք ասի՝ ձուկ ենք բռնել: Ձուկն էլ ձուկ լիներ, էնքան փոքր էր, որ մեր տարած որդը մեկ շաբաթում հազիվ ուտեր: Անցավ էլի մի ժամ, երկու ժամ, լա՜վ, երեք ժամ, չորս ձուկ էլ որսացինք, որից երկուսը տուն բերելու ճանապարհին ինքնասպան եղան, մյուսին հավը կերավ, էն մինն էլ… ոչ էլ հիշում եմ՝ ու՜ր մնաց, ի՜նչ եղավ: Հաջորդ օրը գնացինք Ղուրսալու՝ խոտ հավաքելու: Ամբողջ օրը արևի տակ տանջվեցինք-տանջվեցինք, խոտը հավաքեցինք, դեզ սարքեցինք, բեզարած, բայց մեզնից գոհ տուն հասանք թե չէ, սպիտակցիների լեզվով ասած՝  էն շաշ անձրևը եկավ ու մեր արած գործը ջուրը գցեց: Դե, արի ու հաջորդ օրը երկու էդքան էլ տանջվի, հավաքածդ դեզը նորից քանդի, ա՜յ գործը… Բայց էս հըլը վերջը չի: Եկանք հասանք Երևան թե չէ, պարզվեց, որ հիմա էլ հայրիկի հետ Լոռի պիտի գնամ՝ Սիրուն խաչը տեսնելու: Գնացինք, հասանք  Դսեղ, տեսանք մի գյուղացու, ոչ բարով հարցրինք սիրուն խաչի տեղը: Էս մեր գյուղացին սկսեց երկար-բարակ բացատրել ռեպ կարդալու նման: Մի խոսքով՝ ոչ ես հասկացա խաչքարի տեղը, ոչ էլ՝ հայրիկը: Քայլեցինք հա քայլեցինք, հանդի միջումը վերջապես հանդիպեցինք էն մեր սիրուն խաչին, նայեցինք-հմայվեցինք, գծեցինք-գծմծեցինք, ետ էկանք Երևան: Ոնց որ՝ վերջ:

Վա՜յ, պապի, պապի

Ամեն ինչ սկսվեց, երբ Դիլիջան-Համզաչիման-Վանաձորից գալուց իջա Սպիտակում ու բարեհաջող հանգրվանեցի բարեկամներիս տանը: Ու սկսվեցին իմ արկածները: Հիմա կպատմեմ դրանցից մեկի մասին: Մի օր զարմիկս ինձ ասաց.

-Էթալ տենք տխիլի:

Մեր լեզվով ասած` գնալու ենք պնդուկի գողության: Գնացինք, գնացինք ու հասանք մի այգու: Այգու մոտ տեսանք մի պապիկի: Որպեսզի նա մեզ չնկատի, մենք սկսեցինք  խոտերի մեջ սողալով մոտենալ ծառին: Պապին քիչ էր, մեկ էլ որտեղից որտեղ մի մեքենա սկսեց մոտենալ մեզ: Մենք վախից թռանք ցանկապատի վրայով: Պապին ու մեքենան քիչ էին, մեկ էլ ցանակապատը փլվեց, ու մենք ընկանք հարևան այգին, որը, զարմիկիս ասելով, Սպիտակի ամենաջղայն դասատուի այգին էր: Ընկանք խոտերի մեջ ու շունչներս պահեցինք, մեկ էլ տեսանք, որ էս մեքենան ուղղակի պտտվում էր, որ հակառակ ուղղությամբ գնար: Մենք շունչ քաշեցինք ու վերջապես մոտեցանք մեր երազած ծառին, պնդուկ քաղեցինք ու, երբ ուզում էինք հեռանալ, նկատեցինք մեզ մոտեցող պապիկին: Մենք ուզում էինք փախչել, մեկ էլ նա ասաց.

-Րեխեք ջան, վախիլ միք, ես էդ հարևանին սիրըմ չեմ, ինչքան կուզեք քաղեք, ես դրա…

Վա՜յ, պապի, պապի…

Տանում ես, տա՜ր….

Դե, արդեն գիտեք, որ մենք գնացել էինք ճամփորդության դեպի Եղջրա, չէ` Եզա, հա` Երնջատափ: Բարեհաջող հասանք Արայի լեռ, բարձրացանք մինչև Արայի կրծքի, չէ` լանջի մազերը, է` փեշերը: Հա, ինչ էի ասում, բարձրացանք, տեղավորվեցինք ու սկսեցինք զբաղվել տարբեր բաներով. մի մասը ֆուտբոլ էր խաղում, մի մասը խոսում էր, մեր Հմայակն էլ ստիպված երգում էր, քանի որ Նատալին շանտաժ էր արել ու ասել էր, որ մաթեմատիկան չի օգնի: Հմայակը ռուսական շանսոն էր երգում, մեկ էլ …մեկ էլ Նատալիի ծոցը որտեղից որտեղ մի կորած-մոլորած ծղրիդ մտավ: Նատալին ծղրտաց հերիք չի,  վերնաշապիկի կոճակներն էլ բացեց ու վազեց դեպի Հմայակը: Էս մեր Հմայակը հանկարծակիի գալով նույնպես ճչաց ու թռավ նստեց ընկեր Լուսինեի գիրկը: Էլ ինչ ասեմ, դրանից հետո հա ծիծաղում ենք մինչև հիմա: Տուն վերադառնալիս էլ, Աշտարակի խճուղու վրա, քամին որոշեց իմ գլխարկը գլխիցս թռցնել: Գողացավ ու տարավ, երևի դուրը շատ էր եկել: Է, տանում ես, տար, մեկ է, այդ գլխարկը հեչ էլ սրտովս չէր. գույնը դուրս չէր գալիս:

Արեգի հերթական ձախողված փորձ

Ամեն ինչ սկսվեց, երբ ես` Արեգս, ոգևորված տուն եկա «Տիեզերք» ակումբի հերթական պարապմունքից ու որոշեցի պատրաստել իմ օդապարիկը: Շաբաթ օրը արթնացա թե չէ, ասացի մայրիկիս.

-Օ՜, աստվածային մայր իմ: (Ես միշտ այդպես եմ դիմում իմ մայրիկին, երբ փողի կարիք եմ ունենում): Ու շարունակեցի.

— Դե, ի՞նչ ասեմ: Դու գիտես` գիտությունն առանց փողի չի զարգանում:

Չերկարացնելու համար ասեմ, որ ստացա իմ ուզած գումարը և շտապեցի խանութ` օդապարիկի համար պարագաներ առնելու: Ես գնեցի համարյա բոլոր պարագաները: Մի քանի ժամ ջանք թափեցի, որպեսզի գործը գլուխ բերեմ: Իմ կազմած նախագծի համաձայն` օդապարիկն ուներ կատարյալ տեսք և պատրաստ էր թռչելու: Ես ուրախ-ուրախ ու հպարտ-հպարտ, օդապարիկը գրկած տարա դուրս`  հուզմունքից մի քանի կաթիլ ացետոնի փոխարեն օդապարիկի մեջ լցնելով մի ամբողջ սրվակ: Ու հենց պետք է այն տաքացնեի, որ թռչեր, շուրջբոլորս հավաքեցի բարեկամներիս: Ամեն ինչ իմ ուզածով էր, մինչև ացետոնով թրջված բամբակը օդապարիկին մոտեցնելը: Ացետոնոտ բամբակը մոտեցրի թե չէ, իմ օդապարիկը միանգամից կնճռոտվեց ու դարձավ իմ լեզվով ասված` օդապարիկի չիր, մերոնց լեզվով ասած`  Արեգի հերթական ձախողված փորձ:

Արեգին պարգևատրելու մասին

«Տիեզերք» ակումբում խիզախ փորձարարության և փորձարարության նյութական վնասները մասամբ փոխհատուցելու, ակումբի գաղափարները հարազատների շրջանում տարածելու համար միջին դպրոցի սովորող Արեգ Գևորգյանին պարգևատրել 10.000 դրամով:

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան

Արկածային ճամփորդություն

Այսօր մենք ուսուցիչների հետ ճանապարհ ընկանք դեպի Խոր վիրապ: Սովորականի պես հասանք տեղ, չհամբերեցինք և արագ-արագ իջանք ամենափոսը: Ամեն ինչ լավ էր, հետո բարձրացանք լույս աշխարհ, ու, հենց այստեղ էլ սկսվեցին մեր արկածները: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մենք տեսանք մի հատ անմեղ ոչխարի, է~ մի հատ անմեղ գառնուկի: Էդ խեղճ կենդանուն մի խումբ անբաշարներ բերել էին Խոր վիրապ: Էդ խեղճ գառնուկին մի պտղունց աղ տալու փոխարեն մի ամբողջ տուփ աղ լցրին բերանը: Մեկ էլ հո~պ, գառնուկը փախավ, մենք սկսեցինք խուճապի մատնված գառնուկի ոտնահետքերը փնտրել, մեկ էլ ինչ տեսանք` անխիղճ ահաբեկիչները ոչխարին, է~ խեղճ գառնուկին մտցրին իրենց ավանակի, բլբլած «Մուրազ», է~ «Երազ» մակնիշի մեքենայի մեջ և պուկ փախան անհայտ ուղղությամբ:
Քիչ անց մենք մոռացանք ոչխարիկին ու նստեցինք արտի մեջ, որպեսզի լիցքավորվենք `հաց ուտենք: Մի բան ասեմ չեք հավատա, հիմա էլ մեր դասարանի Ռազը գառնուկի նման անհետացավ: Քիչ հետո մարգախնձորները վերադարձան, Ռազմիկն էլ նրանց հետ:

Մենք Ռազմիկից պարզեցինք խնձորների բնակության վայրն ու հասցեն, որը պարզ է` մեր այցելությունից հետո դադարեց գոյություն ունենալուց : Հա~, մոռացա մեր Հմայակի մասին պատմել: Նա իր հետ դհոլ էր բերել և ետ գալու ճամփին դհոլահարում էր մեր գլուխներն ու նյարդերը, այնուհետև սկսեց զբաղվել մեր առողջապահական հարցերով` մանրամասն ներկայացնելով դեղատուփի դեղերի խորհուրդն ու նշանակությունը, օրինակ` յոդը գլխացավանքի դեղ է, պարացետամոլը նույն լուծողականն է և այլն: Վա~յ, արդեն հասանք Երևա՞ն:

Երկրորդ օրվա արկածները

Քնից արթնացանք, ամեն ինչ կարգին էր, գնացինք վազելու: Վազեցինք, կոփվեցինք, գնացինք բուկլետ, է՜ բուկետ, է՜ Փունջիկենց տուն` ջուր բերելու: Ջուրը բերեցինք, հաց կերանք ու սկսեցինք ֆուտբոլ խաղալ: Դիրքավորվեցինք, Նարեկը դարպասապահն էր, ես` կիսապաշտպանը, (դե՜, կիսատ- պռատ էի պաշտպանում, էլի), Միսակն էլ հարձակվողն էր, բայց ավելի շատ մունաթ գալով էր հարձակվում, քան գնդակով: Խաղի թեժ պահին, երբ գնդակը սլանում էր դեպի դարպասը, դարպասապահի տեղում հանկարծակի հայտնվեց մեր պահեստայինը` ֆուտբոլի դաշտում խոտ հնձող, է՜ ուտող ցուլիկը: Գնդակը կպավ ցուլիկին,նրա գլուխը (ցուլիկինը չէ, գնդակինը) ցավեց, իսկ ցուլիկին տերն առավ ու տարավ, թե չէ գնդակի վրա կապտուկներ կառաջանային ու մենք, գնդակի տեսքով, կորուստներ կունենայինք: Տիար Գևորգ ջան, եթե նվերանյութը դուր չգա ձեզ, մի՜ ամաչեք, վերադարձրեք: Հա, քանի չեմ մոռացել, ասեմ`մի հատ էլ շարունակելի ու էլ հույս չունենաք:

Երրորդ գիշերվա մեր արկածների մասին

Ես և Հովակիմյան Արեգը մեզ համար փնտրեցինք  ուղղակի գիշերելու վրան, բայց գտանք մի հրաշալի պալատ-վրան: Սկզբում, երբ ես Արեգի մոտ չէի, նա առանց իմ լխկած ուղեղի չէր կարողացել գործը գլուխ բերել, այսինքն` վրանը ամրացնել:  Նա մեր արքայական պալատը լրիվ հակառակ ձևով էր ամրացրել` գլխիվայր. ելքը մուտք էր, մուտքն էլ`ելք, ելումուտ էլ ընդհանրապես գոյություն չուներ: Ես պտտվեցի, պտտվեցի վրանի շուրջը, մտածեցի, մտածեցի ու առաջարկեցի վրանի շուրջը պտտվելու փոխարեն վրանը պտտել: Մեր օգնությամբ վրանը պտտվելուց հետո ուղղվեց  ու արքայավայել վրան դառնալու փոխարեն դարձավ արեգավայել բուրգ: Ինչո՞ւ բուրգ,  դե,  որովհետև Արեգ Առաջինը (էդ ես չեմ) տուալետի թղթերով իրեն փաթաթել էր և դարձել մումիա, լապտերը պահել էր դեմքին ու գիշերով վախեցրել աղջիկներին: Քանի որ Ծաղկունքի գերեզմանները գտնվում էին բարեկամ, է,~ հարևան  բլուրի վրա, մեր վախեցած աղջիկները արեգամումիային լուրջ  ընդունեցին, խուճապահար  լքեցին իրենց վրանը և սկսեցին վազել դեպի հարևան պետության վրաններ: Ու, քանի որ վրաններին դավաճանել էին, կովերը առավոտ շուտ նվաճեցին  տարածքը, ոտնահարեցին և կեղտոտեցին` բուրումնավետ հետևանքեր թողնելով… Շարունակելի

Ծաղկունքի «աքաղաղները»

Մինչև գլխի կընկնեք` ովքեր են Ծաղկունքի «աքաղաղները», սկսեմ պատմել: Ամենահամարձակներով որոշեցինք գիշերը քնել դրսում` վրանի միջի քնապարկի մեջ: Մի կերպ քնեցինք, մեկ էլ գիշերվա կեսին ես աչքերս բացեցի ու նկատեցի, որ մեր վրանը իր տեղում չէ,  իջել, իջել էր ու հասել էր մյուս վրաններին: Էլի քնեցի: Մեկ էլ ինչ լսեմ. Ծաղկունք գյուղի «աքաղաղների» բառաչը: Ինձ թվում է հասկացաք, որ խոսքը կովերի մասին է: Մենք սկսեցինք օգնություն կանչել, որովհետև չէինք կարողանում վրանից դուրս գալ: Եկան իններորդցի տղաներ ու մեզ փրկեցին: Վրանից դուրս գալուց հետո պարզեցինք, որ կովերը բացի «աքաղաղ» լինելուց, նաև ակրոբատ են: Նրանք քայլելով անցել էին մեր վրանի վրայով: Ծաղկունք գյուղի կովերը մի 30 հոգի կլինեին, ու բոլորը միասին առավոտ շուտ սկսում էին աքաղաղի դեր խաղալ ու մեզ քնից հանել:

Հեղինակ` Արեգ Գևորգյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Պատումներ»

  1. Ի~, էս փոքր ժամանակ եմ գրել:

  2. Уведомление: Բլոգը վիրտուալ լաբորատորիա | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Պատումներ | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  4. Уведомление: Բանակային հումորներ Արեգից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s