Վարագա Սուրբ Խաչի տոն

Varagavanq«ԶՎարագն ասեմ զբաղձալին,

Զհրեշտակաց փափագելին,

Ուր խաչափայտն էր Քրիստոսին,

զոր բերեալ էր կոյսն Հռիփսիմին»

Հայաստանյայց եկեղեցին  տոնում է Վարագա խաչի տոնը: Վարագա խաչի տոնը խաչին նվիրված զուտ ազգային տոն է, տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Նվիրված է Վարագա լեռան վրա սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն, Հռիփսիմյանց կույսերը փախչում են Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից: Ավանդույթի համաձայն, տեսիլքով նրանց երևում է ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր: Նրանք  գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սակայն Վարագա լեռան վրա ապաստանած կույսերի թաքստոցը շուտով բացահայտվում է: Փախուստի դիմելուց առաջ Հռիփսիմեն իր պարանոցին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը պահում է լեռան քարայրներից մեկում: Այդ սուրբ մասունքը ժառանգաբար փոխանցվելով էր հասել Հռիփսիմեին: Նա Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկե թագուհին ուխտի էր գնացել Երուսաղեմ: Կայսրուհին փափագում էր տեսնել Քրիստոսի գերեզմանն ու այն փաչափայտը, որի վրա խաչել էին Փրկչին: Նրա ցանկությունը կատարվում է: Հռոմ վերադառնալիս Պատրոնիկեն իր հետ տանում է խաչափայտից մի կտոր, որը նա ստացել էր Հակոբոս առաքյալից: Սուրբ մասունքը հետագայում սերնդեսերունդ փոխանցվում է կայսրուհու քրիստոնյա ժառանգներին: Ի վերջո այն անցնում է նույն տոհմին պատկանող Հռիփսիմեին:

Անցնում են տարիներ: Մարդիկ փնտրում, բայց այդպես էլ չէին կարողանում գտնել սուրբ մասունքը: Ըստ ավանդության, 7-րդ դարում Վարագա լեռան քարայրներից մեկում ապրում էին Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը: Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն`խնդրելով ցույց տալ Քրիստոսի խաչի մասունքի տեղը: «Գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայն են լսում, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը, որտեղ պայծառ լույս են տեսնում:Լույսն իր չափով ու ձայնով այնպիսին էր, ինչպիսին այնտեղ գտնվող մասունքը:Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր` լուսավորելով Վարագա լեռը: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ,որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Վարագա լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով: Կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորոդ ժամը:Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլ լեռան շրջակայքում ապրող մարդկանց: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը, իսկ անուշահոտությանը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն` սուրբ Խաչի երևման համար»:

Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցին և հայոց սպարապետ Վարդ Ռշտունին իմանալով այդ մասին, գալիս են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Նրանք մեծ տոնախմբություն են կազմակերպում: Կաթողիկոսը կարգադրում է Հայոց եկեղեցու տոների մեջ ավելացնել Վարագա սուրբ խաչի տոնը`ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի մասունքի հայտնաբերման: Ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է ս. Նշան: Ներսես կաթողիկոսը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» շարականը, որը երգում են տոնի օրը: Հետագայում 12 եկեղեցիներ են կառուցվում 12 լուսեղեն սյուների երևման տեղում:

Վարագա Ս. Խաչը ժամանակ առ ժամանակ տեղափոխության է ենթարկվել` թշնամիների ձեռքը չընկնելու համար: 1237թ.-ին Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը Ջալալեդդինի հրոսակներից հալածված` հռչակավոր մասունքը տեղափոխում է Տավուշի մարզի Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության հոգևոր կենտրոն: Սկզբում Անապատ կոչվող մենաստանը 13-րդ դարից. վերանվանվում է Նոր Վարագավանք: Նոր Վարագավանքը գտնվում է Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին:

1655 թվականին Վարագա ս. խաչը զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Իբրև լրացում հավելենք, որ Վարագա լանջին կառուցված վանքը մասամբ կանգուն է մինչև այսօր: Վանքի տարածքում եղել են յոթ եկեղեցիներ՝ սուրբ Աստվածածին, սուրբ Նշան, սուրբ Գևորգ, սուրբ Խաչ, սուրբ Սիոն, սուրբ Հովհաննես, սուրբ Սոֆյա անուններով:

Վարագա ս. խաչի մասունքներից հասել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.այդ մասունքով օրհնվում է մյուռոնը:

Աղբյուրը`

Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

«Հայ եկեղեցու պատմություն», դասագիրք

Կայքէջեր` araratian- tem.am, stmarytoronto.com

Կարող եք ծանոթանալ նաև՝

Վարագա խաչի խորհուրդը

 «Անատոլու» գործակալությանը հայտնել է

Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր…

varagavanq

Ես ինձ սենտիմենտալ չեմ համարում, բայց արի ու տես…

Վանա լիճն ու Սիփանը հուզեցին, որովհետև չափից շատ էին անուշ ու նախշուն, Անիում հուզվեցի, որովհետև լիուլի, ափեափ ազատություն, վեհություն զգացի ու տեսա: Հուզեցին Արաքս գետի թափն ու հախուռն ուժը, Թոնդրակ լեռան հաստատուն դիմագծերը, խստաբարո դեմքն ու պահանջկոտ բնավորությունը: Բայց Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր…

Այն դեպքում, երբ  Վարագավանքը միակն էր (իմ կարճ խելքով), որի հետ հանդիպմանը քիչ թե շատ պատրաստ էի. քիչ թե շատ ծանոթ էի, ուսումնասիրել էի, գործի բերումով (Ծիսական տոնացույցի Վարագա Սուրբ Խաչի մասին նյութը պատրաստելիս) բավականաչափ կարդացել էի, փորփրել էի անգամ թուրքական կայքերը:

Բայց Նրա հետ հանդիպման հենց առաջին վայրկյաններին հասկացա, որ չէ, չեմ ճանաչում, չգիտեմ Վարագավանքին:

Երբ տեղ հասանք, դուռը փակ էր ու մինչև կբացեին, պտտվում էի Վարագավանքի շուրջբոլորը: Մեջս վախ կար (հիմա եմ հասկանում, որ դա վախ էր): Վախ, որի անունը հիասթափություն է: Նայում էի հողակույտի ու քարակույտի մեջ թաթախված-ամփոփված Վարագավանքին ու վախենում, բա որ…

Ու, երբ վերջապես բացվեցին Վարագավանքի դռները, հիշում եմ, վախվխելով ներս մտա ու առաջին պահին գլխապտույտ ունեցա (երևի սրտի ծնկները հենց այդպես են ծալվում)…

Ինչ էլ որ ասելու լինեմ, սիրելի ընթերցող, ասածս, մեկ է, առաջինը ես չեմ հավանելու, որովհետև կցկտուր կերպով եմ փոխանցելու Վարագավանքում ունեցած զգացողություններս:

Անսպասելի՝ խորությամբ ու բարձրությամբ, անսպասելի՝ գեղեցկությամբ ու վեհությամբ, անսպասելի՝ որմնանկարների գույնով ու արտահայտչականությամբ, անսպասելի՝ զարդախաչերի միագիծ շարժունակությամբ ու անկրկնելիությամբ: Մի բառով՝ անսպասելի:

Աստվա՜ծ իմ, այդ  մթության ու խոնավության մեջ  ինչքան լույս ու տաքուկ բան կար. կուրացնելու չափ շատ լույս ու հոգին թաքուն համբուրող տաքություն: Ականջին շշնջացող ինչքան շատ խոսք ու ասելիք կար՝ խլացնելու չափ շատ բառուբան: Խենթանալու բան էր…

Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր:

Հ.Գ. Արևմտյան Հայաստանից հետս բերած դեռ լիքը զգացողություններ կան, որ ցայսօր էլ չեմ կարողանում հասկանալ ու բացատրել:

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Վարագա Սուրբ Խաչի տոն»

  1. Նունե Մովսիսյան:

    Հայկական Վարագավանքը, որը հայտնի է նաև Յեդիքիլիսե անվամբ, եղել է Վասպուրականի ամենահարուստ և ամենահայտնի վանքը, ինչպես նաև՝ Վանի արքեպիսկոպոսի նստավայրը: Վանքը գտնվում է Վարագա լեռան հարավային փեշերին մոտ վայրում` Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք:
    Լուսանկարները՝ անձնական արխիվից

  2. Уведомление: Խորոտ ու անուշ Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Վարագա Սուրբ Խաչի տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Գարեգին Սրուանձտեանց, «Գրոց ու բրոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Խաչի երևման տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s