Հունիսի 6-ին ծնվել է համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը:
Արամ Խաչատրյանը ազգային առաջին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Համաշխարհային համբավ ու հռչակ նրան բերել են «Գայանե» և «Սպարտակ» բալետները, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը և դասական երաժշտության տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ:
Արամ Խաչատրյան
Տարիներ առաջ ինձ բախտ է վիճակվել տեսնել և լսել Արամ Խաչատրյանին իբրև դիրիժորի, նաև հանդիպել ու զրուցել նրա հետ: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մի լսարանում կոմպոզիտորը հարցուփորձ էր անում ուսանողներիս, հետաքրքրվում մեր նվագով, ճաշակով, երազանքներով: Սակայն թողնենք այդ անպաճույճ լսարանը և մտովի տեղափոխվենք Օլիմպոս, ուր միայն մեծերն են հանդիպել:
… Երբ իշխող գաղափարախոսությունը ներխուժում էր, խաթարում ստեղծագործական մտքի թռիչքը, համատարած քաոսին ու խավարին, պատերազմին կոմպոզիտորը հակադրում էր իր հնչյունային վեհ «տաճարները», ռիթմ ներարկում այս անռիթմ աշխարհին: Եվ մեկը մյուսի ետևից «ժայթքում» էին նրա գլուխգործոցները: Որքա՜ն գեղեցիկ է ասել զմայլված ամերիկացին. «եթե լույսը, անաղարտ լույսը վերաձուլես հնչյունների, ապա դրանից ծնված երաժշտությունը կլինի Խաչատրյանի երաժշտությունը»:
Խաչատրյանի պատմական առաքելությունն էր արևելյան երաժշտությունը ներմուծել համաշխարհայինի մեջ: Խաչատրյանը «խաչասերեց» արևելյան միաձայնությունը եվրոպական բազմազանության հետ:
Մարդ և արվեստագետ Խաչատրյանի կերպարն ամբողջանում է հայրենական և արտասահմանյան գործիչների առնչությունների մեջ: Իր «վարակիչ» արվեստով ու հորդորներով նա ուրիշներին էլ մղում էր արարելու: Արտիստիկ խառնվածքի տեր էր և Վագների պես պահանջ ուներ «արվեստավորելու» շրջապատը, կյանքն ապրելու գեղեցիկի օրենքներով: Ջերմ խոսքերով ոգևորել գիտեր երիտասարդներին:
Երբ Ղազարոս Սարյանն իր տաղանդավոր սանին ներկայացրեց Խաչատրյանին, նա անմիջապես քաջալերեց. «Տիգրան Մանսուրյան. որքա՜ն լավ է հնչում հայտագրի համար»: Մանսուրյանի մի դիտարկում. «Շատերն են մեղադրել նրան սնափառության մեջ: Նրանք հաշվի չէին առնում, որ դարեր շարունակ ճնշված նման մի ազգի մեջ, որպիսին մերն էր, մի ժողովրդի, որն իր գեներում կրում էր ազատագրվելու անհագ ծարավը, պիտի որ հայտնվեր հենց այդպիսի մի արվեստագետ, որպիսին էր Արամ Խաչատրյանը, և այդպիսի հաղթական, կենսասեր և այդպիսի, եթե կուզեք՝ փառասեր»:
Եթե Չեխովը կոչ էր անում մարդուն օրեցօր, կաթիլ առ կաթիլ իր միջից դուրս մղել ստրուկը, ապա Խաչաատրյանի ազատատենչության «իններորդ ալիքի» վրա վեր խոյացած «Սպարտակը» ազատության կոչ է համայն մարդկությանը:
Խաչատրյանին սպասում էին ամենուր: Լինում էր նաև, որ ինքը՝ Խաչատրյանն էր սպասում, և ահա, այդպիսի մի դեպք: Կոմպոզիտորը պետք է հանդիպեր սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիին: Քաղաքից դուրս՝ կանաչ դաշտում, մի տարօրինակ դղյակի հասավ: Սպասավորը ներս հրավիրեց: Սպասումը ճնշող էր; Եվ հանկարծ բարձրախոսներից ժայթքեցին «սուսերով պարի» հնչյունները, մի դուռ բացվեց, դուրս պրծավ մեկը՝ մերկանդամ պարելով, պտտահողմի պես մոտեցավ կոմպոզիտորին ու դիմացի դռնով անհայտացավ: Սպասավորն ազդարարեց. «Հանդիպումն ավարտված է»: Սալվադոր Դալին էր պարում:
Պատահել է, որ ինքը՝ Խաչատրյան է պարել: Դաշնակահար Շահան Արծրունին խնդրել էր կոմպոզիտորին մեկնաբանել դաշնամուրային գործերից մեկը: Մի քանի խոսքից հետո Խաչատրյանը հանեց բաճկոնը և սկսեց պարել:
Խաչատրյանի խոստովանությամբ՝ «Սուսերով պարը» հորինել է մեկ շնչով: Պրեմիերայից հետո պարը տարածվեց աշխարհով մեկ:
Հնչեց գրեթե բոլոր նվագարաններով, հեղինակն այն լսել է նույնիսկ մի խուլ գյուղում… սղոցով նվագելիս: Յաշա Հայֆեցը կատարել է ջութակով:
Շվեյցարիայում Խաչատրյանն ու կինը հյուրընկալվել են Չ. Չապլինի տանը: Խաչատրյանին հետաքրքիր էր նաև Չապլինի երաժշտական ջիղը, «սակայն Չապլինը բացեց դաշնամուրը և, չգիտես ինչու, չնվագեց»: Վերջում դերասանը ձայնադարանից հանեց Խաչատրյանի ջութակի կոնցերտի սկավառակը և խնդրեց հեղինակի ընծայագիրը:
Անմոռանալի էր նաև հանդիպումը Է. Հեմինգուեյի հետ: Խաչատրյանի հեղինակային համերգը Հավանայում գրողի կինը՝ Մերին, բնորոշեց իբրև «երկու հրաշք»: Մեկը երաժշտությունն էր, մյուսը՝ Հավանայի սիմֆոնիկը՝ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Հեմինգուեյը, որ Զմյուռնիայի նավահանգստում 1922-ին տեսել էր թուրքերից մազապուրծ վիրավոր հայերին, այժմ կարող էր տեսնել վերածնված հայ ժողովրդի զավակին, որ Նարեկացու պես կարող էր ասել. «Ես՝ զարկվածս, հաղթող եմ կրկին»:
Աղբյուր՝ Դանիել Երաժիշտ «Ամենեն մաքուր հայելին ցեղին» գրքից
Ստորև ներկայացնում ենք Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքից մի փոքրիկ հատված:
Պատահում էր, իհարկե, որ Վարպետ Սարյանի ներկայությամբ Արամ Խաչատրյանի անունը տալիս էին հանճար որակումով, կամ նույնը կարդում էր որևէ լրագրում: Եվ նա, գրեթե բոլոր դեպքերում ու շատ կտրուկ, միջամտում էր.
— Կրկնակի՛ հանճարեղ: Սովորել և ստեղծագործել սոցռեալիզմի բուն կենտրոնում, ճեղքել արյունարբու պետական հարկադրանքով պարտադրվող այդ ահռելի պատնեշը և հասնել այդպիսի՜ արդյունքի` անպայման կրկնակի հանճարեղ պետք է լինել:
Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, — մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշը և նրա հավերժության գրավականն է:
Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպերը:
Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի ..
Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը: Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում:
Թիֆլիսի բազմերանգ, խայտաբղետ, հուզառատ երաժշտական կենցաղում թարմ էին Ք.Կարա-Մուրզայի, Մ.Եկմալյանի և, հատկապես, Կոմիտասի համերգների տպավորությունները: «Իմ կյանքում անջնջելի հետք են թողել մանկությունս և պատանեկությունս Թիֆլիսում: Ես գիտեմ, որ բոլոր քաղաքներն իրարից տարբեր են, ամեն մեկն իր ուրույն դեմքն ունի, բայց ով ապրել է Թիֆլիսում, մանավանդ այն տարիներին, կխոստովանի այդ քաղաքի անկրկնելի հմայնք ու հրապույրը: Ամենուրեք ուրախություն, սրախոսություն, քրքիջ ու ծիծաղ, նվագ, պար, գույների առատություն, չորս կողմը ծաղիկներ, լի օրն էլ նման էր կիրակի օրվան: Վիշտն ասես այդ քաղաքի համար չէ: Ես չեմ մոռանում հայ ժողովրդական երաժիշտներին, ինչպե՜ս էին երգում, ինչպե՜ս էին նվագում և հայկականի հետ միասին վրացական երգերը նույն հարազատությամբ, կարծես ծնված լինեին այդ երգի համար:
Մի պահ լռելուց հետո խոսքը շարունակեց:
— Ինձ համար դժվար է ասել, թե որտեղի՞ց ինչ եկավ իմ մեջ: Այդ ճանապարհները անիմանալի են, բայց կարծում եմ, որ իմ երաժշտության տոնականությունը, կենսախնդությունը, համերգայնությունը գալիս են իմ մանկությունից, Թիֆլիսից, այն ժողովրդական երաժշտությունից, որ ո՛չ հայկական է, ոչ վրացական, այլ թիֆլիսյան»: Արամ Խաչատրյան
Աղբյուր՝ Վիլհելմ Մաթևոսյան «Զրույցներ Սարյանի հետ»
Նաև՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
http://armeniannationalmusic.com/aram_khachaturian/
НравитсяНравится
Շնորհակալություն: :)
НравитсяНравится
Խնդրեմ: :)
НравитсяНравится
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ