Մհեր Մկրտչյան (լրացված)

Mher MՀուլիսի 4-ին ծնվել է դերասան Մհեր Մուշեղի Մկրտչյանը: 

Մհեր Մկրտչյանը՝ բոլորիս հարազատ Ֆրունզիկը, ապրեց դժվար ու զարմանալի կյանք: Նրա կենդանի, անմիջական ու տաղանդավոր դերերը անտարբեր չեն թողնում: Ֆրունզի մասին խոսելիս հնարավոր չէ չժպտալ, չտխրել, չհուզվել, չարտասվել…

Մեծատառով Մեծ Մարդը

-Ղուրբան ջան, կտեսնի՞ս, անուն, ազգանուն և հայրանունիս սկզբնատառերը կսկսվին Մ-տառով, ճի՞շտ է: Մեծամտություն չհամարես, բայց ըդիք կնշանակե Մեծատառով Մեծ Մարդ:

Ինձ համար շատ հարազատ են Գորկու խոսքերը. «Մարդուն պետք է հիշեցնել, որ ինքը լավն է»: Եվ սա ճիշտ է: Ես աշխատում եմ հիշեցնել մարդուն, որ բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ ու գեղեցիկ: Իսկ վերափոխվելու մասին, ես չեմ մտածում, թեպետ ինձ հետ պատահել է, որ մի փոքրիկի ոչ թե վերափոխել, այլ հեղափոխել եմ: Դա եղավ այսպես: Հնդկաստանի Ջայպուր քաղաքում երկնքից կրակ էր թափվում: Ես նստեցի «ռիկշա» (սա երեք անիվավոր հեծանիվ է ֆայտոնի նման):

— Չըրչ Արմենիա (հայոց եկեղեցի), — ասացի ես:

— Օքեյ, — ասաց «վարորդս», որը մի սիրունիկ աղքատ երեխա էր:

— Քամ օն, — կարգադրեցի ես իմ «փայլուն» անգլերենով:

Երեխան սկսեց քշել: Դա ինչ տառապանք էր, որ ես տեսա: Նայում եմ, մեջքի ոսկորները այնպես են ցցվում, որ քիչ է մնում կաշին պատռվի: Քրտինքը թափվում էր: Բեռը ծանր էր, իսկ ինքը` վտիտ:

— Պրոբլեմ, — հանկարծ բղավեցի ես: Իսկ ասել` պրոբլեմ, նշանակում է ասել, որ դժգոհ եմ:

— Նո, պրոբլեմ, միստր, նո պրոբլեմ, — աղեկտուր ճչաց երեխան և ընկավ ոտքերս:

Ես բարձրացրի նրան, նստեցրի իմ տեղը, ինքս` նրա փոխարեն, ու սկսեցի քշել: Քշում էի մարդատար փողոցի աղմուկի միջով, ամբոխի առաջ, ռիկշաներին, մեքենաներին խառնված: Երեխան սարսափից կուչ եկած, վախեցած, չորս կողմը նայելով, աղերսում էր ինձ` ցած իջնել ղեկից:

— Չըրչ Արմենիա, — բղավում էի ես և հասկացնում նրան, որ ցույց տա ճամփան: Պիտի տեսնեիք, թե ինչ կատարվեց, երբ մարդիկ տեսան ինձ ղեկի վրա, իսկ իմ տեղը նստած աղքատ պատանուն:

— Ուորթ իզ դիս (սա ի՞նչ բան է),- ապշած էր ամբողջ փողոցը: Երեխան գլուխը կորցրած՝ չգիտեր ինչ անի: Իսկ երբ ստիպեցի նրան մոտենալ ինձ, բռնել ուսիցս ու ձեռքը պարզած ցույց տալ ուղղությունը, շուրջս ամեն ինչ տակն ու վրա եղավ: Ես քշում էի ավելի արագ: Երեխան կամաց-կամաց հավաքեց իրեն, դարձավ ավելի համարձակ: Նա արդեն բղավում էր. («Լեֆտ, րայթ, ֆրոնտ» («ձախ, աջ, առաջ»): Ու մենք սլանում էինք այս իրարանցման մեջ: Հանկարծ ես բղավեցի.

— Ուոթ իզ յոր նեյմ (ի՞նչ է քո անունը):

— Պակրաշ, — հրճվանքով գոռաց երեխան:

Ես ձևացրի, իբր չեմ լսում.

— Ուո՞թ, -ասացի:

— Պակրաշ, միստր, մայ նեյմ իզ Պակրաշ, մայ նեյմ իզ Պակրաշ, — ոգևորված անընդհատ կրկնում էր երեխան: Հիմա, որ հիշում եմ, ականջիս մեջ է նրա ձայնը: Ու մտածում եմ, ո՞ւր է փոքրիկ Պակրաշը, ի՞նչ է անունը, ո՞վ գիտի քանի անգամ հպարտությամբ պատմել է այս դեպքը և ինչքան է լաց եղել, որ իրեն չեն հավատացել: Ու մինչև հիմա էլ ականջիս է նրա ճիչը. «Այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ, այ ըմ Պակրաշ»: Պակրաշը մի քանի վայրկյան հեղափոխվել էր, իսկ ես այդ մի քանի վայրկյանում զգացի հեղափոխելու հաճույքը:

Աղբյուր`  Ս. Գալստյան «Անուններ էկրանի վրա» 

Բոլորը գիտեն, որ օտար լեզուների և հատկապես անգլերենի իմացությունը օգնում է այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ շփմանը, բայց արի ու տես, որ այս համընդհանուր ճշմարտության զորությունը խամրում է իրապես մեծ արտիստների դեպքում: Տարիներ առաջ ես մի հաղորդում տեսա հեռուստատեսությամբ, որի ընթացքում Սերգեյ Իսրայելյանը պատմեց մի միջադեպի մասին, որի ականատեսն էր եղել ինքը 1970-ական թվականներին: Եվ հիմա ես հիշելով կվերապատմեմ այն, ինչը լսեցի այդ օրը:

Սերգեյ Իսրայելյանը և Մհեր Մկրտչյանը Մոսկվայի մի հյուրանոցի սրահում էին և քայլերն ուղղեցին դեպի վերելակի դուռը: Հենց այդ պահին Մհեր Մկրտչյանը նկատում է հնդիկ մեծ դերասան Ռաջ Կապուրին, ով շրջապատված էր իրենից հարցազրույց վերցնող լրագրողներով: Մհեր Մկրտչյանը շրջվում է Սերգեյ Իսրայելյանի կողմը և ասում. «Տես, տես Ռաջ Կապուրը»: Այդ ժամանակ նրանք արդեն հասել էին վերելակի դռանը և ուզում էին սեղմել կոճակը և հենց այդ պահին կատարվեց անհավատալին: Հանկարծ Ռաջ Կապուրը փութաջանորեն ազատվեց լրագրողների խմբից ու արագ մոտեցավ վերելակի մոտ կանգնած ու զարմանքով նրան նայող մեր հերոսներին: Ռաջ Կապուրը «Hello» ասելով ամուր գրկեց Մհեր Մկրտչյանին: Անցավ մի քանի վայրկյան, նա հետ քաշվեց, լայն ժպիտով նորից նայեց Մհերին, կարծես համոզվելու համար, որ ինքը չի սխալվում ու նորից գրկեց նրան: Այնպիսի տպավորություն էր, որ երկու շատ մոտ ընկերներ երկար ժամանակ չէին հանդիպել իրար: Դրանից հետո սկսեցին խոսքերով ողջունել իրար` Ռաջ Կապուրը անգլերեն, իսկ Մհեր Մկրտչյանը` հայերեն: Ռաջ Կապուրը չէր ուզում բաց թողնել Մհերին, և Մհերն էլ չէր ուզում բաժանվել Ռաջ Կապուրից: Երեքով գնացին Ռաջ Կապուրի հյուրանոցային սենյակը ու մինչև լույսը բացվելը խոսեցին` Մհեր Մկրտչյանը հայերեն, իսկ Ռաջ Կապուրը հնդկերեն, որովհետև հասկացավ, որ Մհերը չի խոսում անգլերեն և որոշեց Մհերի նման իր մայրենի լեզվով խոսել: Սերգեյ Իսրայելյանի կողմը նույնիսկ չէին նայում: Սերգեյ Իսրայելյանին մնում էր միայն նայել նրանց ու ապշել, թե որքան բան ունեն նրանք իրար ասելու և որքան լավ է Մհեր Մկրտչյանը հասկանում հնդկերեն, իսկ Ռաջ Կապուրը` հայերեն: Հանդիպել էին երկու մեծ արտիստներ:

Աղբյուր՝  mskh.am 

«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերր։ Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»: Մհեր Մկրտչյան

Աղբյուր`  BlogNews.am

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Մհեր Մկրտչյան (լրացված)

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ով ուզի կարո՞ղ է սիրահարվել — Ջուլիետա Սիմոնյան

  3. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s