Հուլիսի 13-ին ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը:
Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժակ Պրեվերը նրան անվանել է «գիսավոր մի աստղ, մի արև, բանաստեղծության լավ մի պահ…», արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսն ասել է. «Զգալի է, որ նա գրում է ճշմարտությունը», իսկ նրա որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն: 2009 թվականին Կալիֆորնիայի հանրությունը Ալիսիա Կիրակոսեանին ներկայացրել է Նոբելյան մրցանակի: Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն, 1992 թվականին): Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունները հայ ընթերցողին հասանելի է դարձել Վահագն Դավթյանի անզուգական թարգմանությունների շնորհիվ: «Երախտապարտ եմ մեր ժողովրդի մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանին, որովհետև հայության համար ես գոյություն ստացա շնորհիվ իր հայտանաբերումին ու իր արժեքավոր ոճին, իր բացառիկ նրբությանն ու տաղանդին, որոնք գումարված են քերթվածներուս վրա»: Ալիսիա Կիրակոսեան, 1971թ.
Բանաստղծություններ
► Սերը գոյության հանճարն է միակ.
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես…
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։
►Լինելիութեան ամենաբարձր կետում
աստիճանները փշրվելու են
և վերելքը չի լինելու հողեղեն
այլ վերացական
հոգեկան
երկնային օրէնքներով ծրագրուած։
Ճրագները մարելու են
և տեսողությունը չի պատկանելու
աչքերին
այլ ընկալութեան
իմացութեան
տարբեր լույսով լուսացած։
Խոսքերն ունայն ցնդելու են
ու ճշմարիտը չի վաճառվելու շուկայում
ու լռութեան թափանցիկ տառերով
փորագրելու է
յայտնությունը վերին։
Գոյութեան վերջին հանգրունում
Գիտակցութիունն է տիրելու
ու կարիք չի լինելու հավատքի։
Սէրը միջոց է դառնալու
Ու մահը մահանալու է ընդմիշտ։
Այն ժամանակ -սիրելիս-
ես ու դու ձուլուելու ենք
աստղերի հետ
ու լինելու ենք
լույսի ալիք
սիրոյ ճառագայթ
մաքուր տիեզերք։
►Ես վախենում եմ
Սեր բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին
ամայություն է…
Ես վախենում եմ, որ սերը միայն
Բառ լինի, որ ես
Ճաշակեմ բառն այդ
Եվ քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում
Պահպանեմ սերը,
Որն ամենքինն է
Ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում
Ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում
Չլինի ոչինչ…
► Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենա՜կ:
Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենա՜կ:
Ես նկարել եմ
Իմ մենությունը:
Ու նա ինձ արդեն չի թունավորո՜ւմ:
Ես արդեն նույնիսկ… սիրո՜ւմ եմ նրան:
►Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ներիր, չեմ կարող
Արդեն սպասել:
►Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:
► Այնպես ուզում եմ
Անունդ թողնել
Կեսգիշերային ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:
► Սպասում եմ քեզ,
Որ կիսեմ քեզ հետ
Մեր հանդիպումի արտասուքերը:
Եվ ծովախորշում խոնարհ կուչ եկած`
Լսում եմ ջրի շաչյունն ուշացած,
Որ բերում է ինձ
Խոստովանելու գաղտնի ցանկություն:
Ես հավատում եմ,
Որ լուսաբացի քո ալիքները
Պիտի սեփական ծովս արարեն:
► Մենք թանկ ենք գնում
Խաղաղությունը
Առավոտների :
Մեր էությունն ենք
Նետում թեվաբեկ
Երազների մեջ:
Եվ մենք գնում ենք
Հաց որոնելու,
Որը իսկական սնունդ չէ բնավ,
Այլ՝ խոստովանանք:
Մենք գիշերները
Վերագտնում ենք
Այլ խորհուրդները,
Որոնք կորչում են
Մի սքանչելի առանձնության մեջ,
Այն առանձնության ,
Որտեղ բոլորս
Ժառանգորդներն ենք վերացականի:
Գիշերվա մինջեվ
Եվ առավոտվա՝
Ունայնություն է:
Հիշողություն է
Դա մեր էության:
Եվ երազանքը հաճախ դառնում է
Լքման կրկնություն
Մինչեվ , որ հեռվից
Այցելում է մեզ
Ինքը՝ Սկիզբը:
►Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…
Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:
► Անցավ իբրև երազ,
Երազ,
Որ երազվեց առանց լույսի:
Ժամանակի բարակ թելին թառած,
Սուրաց իբրև թռիչք,
Սուրաց
Դեպի մի նոր, անհայտ աշխարհ:
Իսկ ես,
Իսկ ես ահա
Վերադառնամ պիտի իմ բույնը հին,
Որ ծեփված է հույսով,
Բնակեցված ծանոթ հոգիներով,
Որ սպասում են ինձ,
Սակայն ես չեմ զգում անձկությունը նրանց:
Վերադառնամ պիտի
Իմ բույնը հին,
Բայց հոգնած ու տխուր՝
Անձրևի տակ ընկած տերևի պես…
► Չեմ կարող գրել…
Այս ուշ գիշերվա խոր լռության մեջ
Չեմ կարող գրել:
Ուղեղիս միջից
Կախման կետեր են անվերջ թափթփում:
Երեսուն տողից
Բաղկացած երազն արարվում է լուռ՝
Առանց շշուկի:
Ես ուշ եմ եկել…
Հայացքիս անտես շառավիղներով,
Որ մոլորվում են անձրևների դեմ:
Պիտի ետ դառնամ…
Պիտի ետ դառնամ այն մրրիկի հետ,
Որ թրթռում է ձայնիս զուգահեռ:
Ուզեցի
Երկվորյակը լինել
Դիցուհիների,
Բայց ճանաչեցի հանկարծ
Տանջող քաղցը,
Որը վիրավոր երգեր էր լալիս
Արդար հացի հետ…
Դանդաղ եմ մարսում:
Մահվամ հետ կապված
Մանուշակագույն ժապավեններով:
Շատ լռություն կա,
Թաղման լռություն,
Որն աղարտում է այս թուղթը մաքուր…
Եվ կա խնկահոտ,
Թանձր խնկահոտ,
Ու անզոր եմ ես
Այս թղթի վրա քանդակել
Մի կարճ երազ,
Որ բաղկացած է
Երեսուն տողից…
► Անգամ հուսալքված,
Անգամ անզոր,
Պիտի մերժենք, այո,
Եվ չընդունենք Ոչինչն
Իբրև ճակատագիր…
Պիտի գնանք դեպի
Վճիռը մեծ,
Ուր կա մի տևական արագություն,
Որի նյութը լույսն է:
Եվ հանճարի
Վերջին ներշնչումով
Պիտի դարպասները
Հավետ բանանք…
► Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո»-ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի:
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի
Լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից
Ալիսիա Կիրակոսեան «Սիրոյ մէկ ու կէս հազարամեակ», կարդում է հեղինակը
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ալիսիա Կիրակոսյան, «Նամակ առ Հայաստան»
Կիրակոսյանը՝ գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիր
«Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», երաժշտությունը՝ Ռ. Ամիրխանյանի
«Ինձնից այնքան ես բացակա եղել», երաժշտությունը՝ Ռ. Ամիրխանյանի
«Ես վախենում եմ «սեր» բառը ասել», երաժշտությունը՝ Ռ. Ամիրխանյանի
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ալիսիա Կիրակոսյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ընթերցում եմ․․․ – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ