Մարտի 15-ին ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը
Դաշտավայր
Ես ապրում եմ Արարատի գողտրիկ դաշտավայրում: Դաշտավայրն այս կարծես բաժակ լինի, եզրում՝ լեռներ: Ես ապրում եմ երկրի ափի մեջ: Ես ապրում եմ ԱԲՈՎՅԱՆԻ վիրավոր ափերի մեջ:
ճանաչում
Ծառերից թափվեցին տերևները, չորացան խոտերն ու ծաղիկները: Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ դադարեցիր ինձ նայել:
Այլևս չի լինի ձյուն և անձրև: Եվ արևն է այտուցվել ու փքվել: Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ դադարեցիր ինձ համբուրել:
Ծովը ծածկվել է տիղմով, իսկ գետը դարձել է ծանծաղ: Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ դու հեռացար ինձնից:
Մարդիկ իմ շուրջբոլորը տեսնում են լրիվ ուրիշ աշխարհ՝ աշնանային, բարի, ոսկե-դեղին, և միայն ես եմ թափառում ճամփեքով, ուր փոշու մեջ դեսուդեն ընկած են մեռած արտույտներ: Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ դու դադարեցիր ինձ սիրել:
Դեղին աստղեր
Աստղագետները հաշվում են սև երկնքում առկայծող դեղին աստղերը: Նրանց գլուխները ուղղված են դեպ վեր: Իմը խոնարհված է ներքև: Դու մտածում ես, որովհետև ինձ ասել ես՝ «Ես քեզ չե՞մ սիրում»:
Ոչ, ո՛չ: Այդպես եմ արել, որովհետև ես հաշվում եմ դեղին աստղերը՝ թխկենու դեղին տերևները, որոնք թափված են սև, գիշերային ասֆալտի վրա:
Արվեստագետին
Ճանապարհը միակ բանն է, որը քեզ չի դավաճանում: Կձանձրացնի հարմարավետությունը, կսառչի սերը, և կմնա միայն Ճանապարհը, իսկ ինչ-որ տեղ՝ առջևում, կմարմրա Հույսը, որ կլինի սեր, խաղաղություն… Իսկ այսօր դու կրկին Ճանապարհ ես ելել, և քեզ հետ կրկին Անհանգստությունն է: Եվ չփորձես խաբել ինքդ քեզ. առանց դրա դու չես կարող: Սերը և խաղաղությունը միայն պատրանք են, առանց որի Ճանապարհ չի լինում:
Տերևներ
Ճկուն ճյուղերում մարդկային կյանքեր են՝ նախշազարդ, կանաչ տերևներ:
Բարու տերևներն ամենաշատն են, Սիրո նուրբ տերևներն ու Վախի տերևները սովորաբար աճում են ինչ-որ տեղ՝ ներքևում: Նրանք քիչ են:
Հավատարմության տերևները գուցե ոչ շատ գեղեցիկ, բայց, հավանաբար, ամենաանհրաժեշտն են:
Կան տերևներ, որոնք նման չեն այլոց, և ոչ էլ նկարագրված են որևէ հերբարիումում: Նրանք հազվադեպ են հանդիպում, ու վերջիններիս հարկավոր է առանձնահատուկ կերպով փայփայել:
Քամուց օրորվում են համառ, ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ կգա աշունը, կթափվեն ժամանակի ընթացքում դեղնած տերևները, ու շատ կարևոր է՝ գորգի նախշը, որի վրա իջնում են տերևները, լինի պայծառ, հնչեղ ու մաքուր:
Դա շատ կարևոր է գալիք Գարնան համար:
Լեռներ
Տոթակեզ արև լեռների ստորոտում: Դեղնամոխրագույն լեռները վերևում դառնում են մանուշակագույն՝ արևից շողշողացող թանկագին գագաթներով:
Ես և լեռները: Միայն լեռներն ու ես:
Իմաստուն, հավերժական լեռները, բոլոր կողմերից շրջապատող լեռներն ինձ իրենց մեջ են առնում կտրելով աշխարհից՝ թողնելով միայն մի կտոր կապույտ սառույց երկնքում ու սրինգ-առվակներ:
Իմաստուն լեռներ: Մարդուն տալիս են զնգացող մենակություն, որպեսզի նա հասկանա՝ ինքը միայնակ ոչինչ է…
Բարև ՛, ծառ
Բարև ՛, ծերուկ, բարի ծառ: Բարև ՛: Ես նորից այստեղ եմ, ես նորից եկել եմ: Մենք նորից կարող ենք զրուցել իրար հետ, ես քեզնից գաղտնիքներ չունեմ: Չէ՞ որ դու ամեն ինչ գիտես իմ մասին: Դու հիշո ՛ւմ ես՝ նրա հետ ես կանգնել եմ քո ճյուղերի տակ: Նա հավատացնում էր, որ միայն ինձ է խենթի պես սիրում: Սիրում է, սիրում է…և այլն…
Դա անհանար է՝ դու կանգնած ես աղմկտոտ քաղաքի ամենամարդաշատ տեղում, առավել մարդաշատ խաչմերուկում: Մենք միշտ (հնարավոր է՝ այդպես ինձ է թվում), մեկմեկու հանդիպման ենք սպասում: Ճի՞շտ է:
Այս քաղաքի իմ երկրորդ սիրուն էլ ես դու հավանաբար հիշում: Միայն թե այն ժամ ձմեռ էր: Հիշի ՛ր: Ես մոտեցա քեզ, ձեռքով հպվեցի քո բնին: Ցուրտ էր: Գիշեր էր: Եվ ինձ թվաց, որ դու մրսում ես: Ես ձյուն հավաքեցի քո շուջբոլորը, որ քեզ համար տաք լինի:
Իսկ հետո՞: Չէ՞ որ մենք շատ բան կարող ենք վերհիշել: Դու տխուր էիր, քո տերևները՝ աշնան ոսկին, դու փռել էիր մեր ոտքերի տակ, իսկ մեզ համար գարուն էր: Գարո ՛ւն: Գարո ՛ւն:
Դու ստում ես, անիծյա ՛լ քոթուկ, եղել է Գարուն, եղել է, լսո՞ւմ ես, եղե ՛լ է: Էդ դու ինչ-որ ժամանակ կդառնաս կոճղ, իսկ ինքը չի մեռնի երբեք, ինքը Հույսն է…
Մի զայրացի ՛ր, ների ՛ր ինձ, ների ՛ր ինձ, բարի եղի ՛ր: Ես մարդ եմ: Ես ընդամենը մի մարդ եմ: Սերը գալիս ու գնում է այնպես, ինչպես քո տերևներն են թափվում ու վերստին կանաչում: Էլի հազարավոր մարդիկ իրենց գաղտնիքները քեզ կվստահեն: Ես կգնամ, ինչպես բոլորը, միայն մի ՛ գարուն ինձ նվիրիր: Խնդրո ՛ւմ եմ, էլի ՛ մեկը: Միայն մեկը, մի ՛ մերժիր: Իմ բարի ՛, ծերուկ ծառ: Ես այտս հպում եմ քեզ, զգա՛ ինձ, ես ճանկռում եմ քո բունը, միայն մի ՛ գարուն: Եղի ՛ր բարի, չէ՞ որ ես մարդ եմ թույլ:
Եղի ր, եղի ր, եղի ՛ր անպայման բարի:
Ես կմեռնեմ, եթե ոչ մեկը չասի՝ «Սիրում եմ»:
Դու ինձ կնվիրե՞ս ոսկե տերևիկ:
Լինելու է, լինելո ՛ւ է, ճի՞շտ է…
Աղբյուրը՝ Леонид Енгибаров, Последний Раунд (сборник новелл)
Նաև՝ Ենգիբարով, Ժամանակակից հեքիաթներ
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝
Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, Ժամանակակից հեքիաթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լեոնիդ Ենգիբարով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, «Վերջին ռաունդ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, «Վերջին ռաունդ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լեոնիդ Ենգիբարյան «Մի քանի բառ Երևանի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լեոնիդ Ենգիբարյան «Նրան, ով առաջին անգամ իմացավ՝ ինչ է անձրևը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)