Հատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու» գրքից
XXVI
Հեշտ է հասարակության մեջ կարգուկանոն հաստատել՝ յուրաքանչյուր անդամի պարտադրելով որոշակի օրենքներ: Հեշտ է դաստիարակել կույրի, ով առանց բողոքելու ենթարկվում է կովբոյական չգրված օրենքների կամ էլ ասենք՝ Ղուրանին:
Շատ ավելի դժվար է ազատագրել մարդուն՝ նրան սովորեցնելով վերահսկել ինքն իրեն:
Ի՞նչ ասել է ազատագրել: Եթե ես անապատում ազատագրել եմ մի մարդու, ով ոչ մի տեղ չի փորձում գնալ, քանի՞ կոպեկ արժե այդ ազատագրումը: Ազատությունը գոյության իրավունք է ստանում միայն այն մեկի համար, ով ինչ-որ բանի ձգտում ունի: Մարդուն անապատում ազատագրել նշանակում է նրա մեջ ջուր խմելու պահանջ առաջացնել՝ ցույց տալով դեպի ջրհոր տանող ուղին: Միայն այդ դեպքում նրա գործողություններն իմաստ կստանան: Անիմաստ է քարն ազատագրել, եթե գոյություն չունի ծանրակշիռ արդարացնող փաստարկ: Ի՞նչ իմաստ ունի, մեկ է, ազատագրված քարը տեղից չի շարժվելու:
Իմ հոգևոր մշակույթը մարդկային փոխհարաբերություններում ձգտում է հասնել Մարդու պաշտամունքին, ով վեր է կանգնած սեփական ինքնության գիտակցումից և իր նկատմամբ ունեցած այլոց վերաբերմունքից: Ով մարդկանց հետ կապված է ոչ թե մրջնաբնի կույր հնազանդության օրենքներով, այլ սիրո ազատ դրսևորմամբ:
Անտեսանելի ուղին ու տեղանքի ծանրության ուժն են ազատագրում քարը: Անտեսանելի սիրո ուժն է ազատագրում մարդուն:
Իմ հոգևոր մշակույթը ձգտում է մարդու մեջ կերտել Սուրհանդակի՝ անհատականությունը կամ որպես ուղի կամ էլ որպես կամքի դրսևորում ընկալելով:
Ազատությունը գալիս է այնժամ, երբ գրավիչ է դառնում լրջությունը:
Ես գիտեմ՝ որտեղից է արարվում այդ հզոր դաշտը: Դարեր շարունակ իմ հոգևոր մշակույթը մարդկանց միջոցով տեսել է Աստծուն: Մարդը արարվել է Աստծո պատկերով ու նմանողությամբ: Եվ մարդու մեջ երկրպագել են Աստծուն: Մարդիկ Աստծո եղբայրներն են: Աստծո հետ այս կապը յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ արժանապատվություն է հաղորդում: Մարդու՝ Աստծո հանդեպ ունեցած հարաբերությունը հստակ սահմանագծված է ինչպես մարդու՝ ինքն իր, այնպես էլ այլ մարդկանց հետ ունեցած պարտավորություններում:
Իմ հոգևոր մշակույթը քրիստոնեական արժեքների արդյունք է: Որպեսզի հասկանանք եկեղեցու ճարտարապետությունը, նախ և առաջ պետք է գիտակցել՝ ինչպես է այն կառուցված:
Աստվածճանաչողությունը ծառայում է մարդկանց՝ միմյանց և Աստծուն հավասար լինելու գիտակցությանը: Հավասարության այս իմաստը եղել է ի սկզբանե: Հավասար կարող են լինել միշտ ինչ-որ բանում: Զինվորն ու հրամանատարը հավասար են ժողովրդի համար: Հավասարություն ասվածը դառնում է դատարկ հնչյուն, եթե չկա գոնե մի բան, որը հավասարություն կապահովի:
Ես հասկանում եմ՝ ինչու է հավասարությունը (որը Աստծո իրավունքն է) արտահայտվում առանձին, սահմանափակ թվով անհատների մեջ, որովհետև Աստված (կարող է պատահել) նրան է ընտրել որպես ճանապարհ: Ու, քանի որ խոսք գնաց նման մարդու և Աստծո հավասարության մասին, ինձ հասկանալի է նաև այն, որ մարդիկ ( ովքեր էլ որ լինեն նրանք) իրենց գործը կատարում են նույն պատասխանատվությամբ և ենթարկվում են նույն օրենքներին:
Իրենց մեջ արտացոլելով Աստծուն՝ նրանք հավասար են և իրենց իրավունքներով: Ծառայելով Աստծուն՝ նրանք հավասար են և իրենց պարտականություններով:
Ես հասկանում եմ՝ ինչու Աստծո հետ հավասարությունը չի հանգեցնում ոչ որևէ հակասության, ոչ էլ որևէ շփոթության: Դեմագոգիան սկիզբ է առնում այն ժամանակ, երբ ընդհանուրի՝ որոշակի գործունեության բացակայության պայմաններում հավասարության սկզբունքը տեղի է տալիս ինքնության սկզբունքի առաջ: Նման դեպքերում զինվորը հրաժարվում է հարգանքի տուրք տալ հրամանատարին, որովհետև վերջինիս տված ողջույնը կնշանակեր հարգանք անհատին, ոչ թե Ժողովրդին:
Աղբյուրը՝ Антуан де Сент Экзюпери, Военный летчик
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Էքզյուպերի, «Մարդիկ Աստծո եղբայրներն են» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերի, «Ռազմական օդաչու» (հատվածներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)