Հունիսի 15-ին ծնվել է XX- րդ դարի մոդեռն արվեստում տարածական նկարչության (Peinture dans lespace) հիմնադիր Երվանդ Քոչարը:
Երվանդ Քոչարը բացառիկ արվեստագետ է, նրա արվեստն ինձ համար, գուցե թե, ամենաինքնատիպն է ու ամենահետաքրքիրը: Եթե Քոչար արվեստագետին բնորոշելու լինեմ, ասելու եմ՝ երևույթ: Նրա արվեստը հեղափոխական է, շփոթեցնելու աստիճան համարձակ ու մինչև վերջ նորարարական: Սա այն արվեստագետն էր, ով արվեստների մայրաքաղաքին՝ քմահաճ ու տեսած Փարիզին, ստիպեց խոսել իր մասին, գնահատել իր արվեստը, զարմանալ ու հիանալ իր արածով…
Տարածական նկարչությունը պլաստիկ-գեղարվեստական նոր արտահայտչաձև է, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
2018թ.-ին` Քոչարի ծննդյան օրը, Երվանդ Քոչարի թանգարանում իրականացվեց «Շնչող արվեստ» խորագրով, կարծում եմ` տպավորիչ ներկայացումը (պիտի խնդրեմ` հղումը բացել): Ներկայացվում էր Երվանդ Քոչարի՝ 1968թ. Երևանի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ ստեղծած «Էրեբունի – Երևան» տարածանկարը նորովի, անսպասելի ու յուրահատուկ մոտեցումներով, մեկ այլ տեսանկյունից բացահայտելով ստեղծագործության գեղարվեստական արժեքը:
Ուսանող եղած ժամանակ սիրում էի լինել Երվանդ Քոչարի թանգարանում, երկար ու անթարթ նայել նրա գործերին: Շատ հավանում էի Երվանդ Քոչարի` հատկապես «Մարդ-քաղաք» շարքը (վերևում պատկերվածը այդ շարքից է): Ավելի ուշ տարիքում փորձում էի համառորեն հասկանալ` ինչն էր ինձ այդքա՜ն գրավում նրա գործերում: Կդժվարանամ միանաշանակ ասել, բայց դա մի բան է, որը միաժամանակ և միևնույն պահին է գործում: Միևնույն ժամանակ և միևնույն պահին այն և՛ զգայական է, և՛ ինտելեկտուալ:
«Աչքերի մեջ կարելի է կարդալ, թե ինչ է անում ուղեղը, և ինչ են գործում ձեռքերը, բայց դրա համար պետք է գիտենալ հոգու քերականությունը, որ քչերին է տրված»։ Երվանդ Քոչար
Ներկայացնում ենք նաև Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի հուշերը «Մաէստրո Քոչարը հիշողության անդրադարձում» անտիպ գրքից:
«Երբ անցնում էր քաղաքի փողոցներով՝ երկար մազերով, բուրավետ ծխամորճով, ձեռնափայտով, քայլվածքով ու պահվածքով գեղեցկություն էր սփռում շուրջը: Տարբեր էր ամեն ինչով, անգամ դեմքի արտահայտությամբ, որ կարծես ի լուր ամենքի հայտարարում էր, թե մոտ է արարման պահը: Երվանդ Քոչարի հետ ծանոթացա 1957 թվականին: Կառավարությունը որոշում էր ընդունել մայրաքաղաքում կառուցելու Սասունցի Դավթի արձանը. ես այդ ժամանակ Երևանի գործկոմի նախագահի տեղակալն էի:
Այն տարիներին, երբ Քոչարը ստեղծում էր «Սասունցի Դավիթը», ոչ հարմարավետ արվեստանոց ուներ և ոչ էլ նյութական ապահովվածություն: Բայց նա հրաշք էր արարում: «Սասունցի Դավիթ» արձանը պետք է գնահատվի որպես ոգու բռնկում:
Հայ քանդակագործության մեջ մի ուրիշ այսպիսի վեհաշուք գործ հայտնի չէ, ուր բացառվում է ամենաչնչին խոտորումն անգամ: Զարմանալի ճշմարտությամբ գտնված է ամեն ինչի տեղն ու չափը: Դիտելով արձանը, հավատում ես Դավթին, նրա առասպելական ուժին՝ Քոչարը կերպարը կերտել է որպես ժողովրդի երազանքի մարմնավորում, որպես անպարտելիության և գոյատևման կոչ:
Երկրաչափական որոշակի ձև չունեցող արձանի ծավալը նա բաժանեց հազարավոր երկրաչափական անկախ մասերի և ամեն մեկի համար կատարեց հաշվարկ: Այդ տարիներին հաշվողական տեխնիկա գոյություն չուներ, նա այդ հսկայածավալ գործը կատարեց մտքի ու կամքի գերլարումով և աշխատանքը հանձնեց ժպտադեմ, անշահախնդիր, որպես նվեր:
Անմոռաց է այն, ինչ տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ սպիտակ ծածկոցը ցած քաշվեց Դավթի արձանի վրայից: Կախարդվեց բազմությունը, և հանկարծ բռնկվեց հիացական ծափերի ու խանդավառ բացականչությունների որոտը: Անպատմելի է, թե ինչ տեղի ունեցավ. մարդիկ անվերջ ու անդադար գրկախառնվում էին Քոչարի հետ, համբուրում ձեռքերն ու ճակատը, ծնկի գալիս: Երբ ասպարեզ եկավ աշնակցիների պարի խումբը, ժողովրդի ոգևորությունն ավելի ահագնացավ. կատարվեց անսպասելին՝ հուշարձանի շուրջբոլորը ինքնաբուխ բացվեցին հյուրասիրության սեղաններ. մարդիկ խնդրում էին բաժակ բարձրացնել, միանալ իրենց և կիսել ուրախությունը:
Քիչ արվեստագետների հետ չէ, որ շփվել ու մտերիմ եմ եղել, բայց այլ էր Երվանդ Քոչարը: Նա, եթե կարելի է ասել, մտքամատակարար արվեստագետ էր. տեսնելու, զգալու, ընկալելու և արտահայտելու եզակիորեն հզոր ու ինքնատիպ կարողության տեր էր, հենց իր լինելիությամբ մայրաքաղաքի մտավորականության վրա մի պայծառ երանգ էր ավելացնում:
Քոչարի ապրած ստեղծագործական կյանքը մի ուսանելի դաս է այն մասին, որ իսկական մեծությունները խառը ժամանակներում էլ չեն խոնարհվում, չեն շեղվում, գիտակցում են, թե ինչն է մշտնջենականը, հաստատունը, և հոգու ամրությամբ պաշտպան են կանգնում արվեստի լավագույն արժեքներին»:
Աղբյուր՝ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդես
Կարող եք դիտել նաև՝ Բուն TV-ի «Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ընթերցման փորձ Յունգի արվեստի փիլիսոփայության համատեքստում»
Քոչարի՝ բանտում ծնված կտավը
1941թ. հունիսին Երվանդ Քոչարը հակասովետական գործունեություն ծավալելու մեղադրանքով ձերբակալվեց և 2 տարուց ավելի անցկացրեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) բանտում: Ու թեև Անաստաս Միկոյանի և Կարո Հալաբյանի ջանքերի շնորհիվ նա մնաց կենդանի, սակայն այն ժամանակը, որը Քոչարից խլեց բանտը, անդառնալի հետևանքներ թողեց նրա առողջության վրա. «հարցաքննություններից» հետո վնասվել էր նրա ողնաշարը, չէր լսում ձախ ականջը…
Սակայն, նույնիսկ այդ պայմաններում նա չէր կարողանում ապրել առանց արվեստի: Բանտային օրերի մասին մի դրվագ էր հիշում Քոչարը. «Մեր բանտախցում մի քուրդ երիտասարդ կար: Մշտապես լուռ էր, հայացքը սևեռած պատուհանից դուրս` կանաչ սարերին: Մի օր նկատեցի, որ գույնզգույն կոճակներ է հավաքում և համադրելով կարում շապկի փեշին` ներսի կողմից: Հասկացա, որ նույնիսկ այդ դժոխքում մարդը չէր կարող ապրել առանց գեղեցկության»:
Քոչարի հետ միևնույն բանտախցում եղել է էլի մի անձ, ով ակամայից դարձել է ոչ միայն արվեստագետի նեղ օրերի վկան, այլև` ապագա ցուցանմուշի ստեղծման գլխավոր «մեղավորը»: Նա դաշնակցական լինելու մեղադրանքով ձերբակալված մի երիտասարդ էր` Մովսես Մովսիսյանը, որին Քոչարը նմանեցնում էր ֆիդայինի` իր արտաքին տեսքի, բեղերի, կեցվածքի համար: Մի օր Մովսեսը խնդրում է վարպետին նկարել իրեն: Բայց ինչո՞վ և ինչպե՞ս նկարել, եթե բանտում նույնիսկ նամակ գրելն էր արգելված:
Հնարամիտ արվեստագետը, սակայն, գտնում է լուծումը. շուտով ամբողջ բանտախուցը մի հատուկ ոգևորվածությամբ ներգրավվում է Քոչարի գաղտնի մտահղացման իրականացման գործում: Նրանք բանտարկյալներից մեկի ռետինե կրկնակոշիկն այրում, խառնում են շաքարաջրին և ներկ են ստանում, իսկ մեկի ծանրոցում հայտնաբերված կապտավարդագույն երիզով սպիտակ սատինե թաշկինակը ծառայում է որպես կտավ, որը թրջում, ձգում, ամրացնում են պատին: Վրձինը պատրաստելու գործին էլ ակամայից խառնվում է զբոսանքի ժամին բակում հայտնված կատուն. կերպարվեստի հետ իր հնարավոր առնչությունից անտեղյակ կատվի պոչից պոկված մազերով էլ բանտարկյալները պատրաստում են վրձինը:
Սակայն մեծ երևակայության և չարչարանքների գնով ստեղծված կտավը, որը հետագայում պետք է տեղ գտներ Երվանդ Քոչարի թանգարանում, հեղինակին եւ բնորդին հասցնում է մենախուց:
Փաստական տեղեկությունները` Լալա Մարտիրոսյան-Քոչարի
Աղբյուր՝ hetq.am
«Մարդը մենակության մեջ մի աշխարհ է, և աշխարհի մեջ՝ մենակություն…Ամեն մի փոս նյութով լցվում է, իսկ մարդու մտքի փոսը, որքան լցվում և նյութ է ստանում, այնքան ավելի է մեծանում ու խորանում: Մարդու միտքը կշտանալով է սովածանում, ապրում է սովածությամբ, բայց և մեռնում է սովածությունից»: Երվանդ Քոչար
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ներսը, թե՞ դուրսը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երվանդ Քոչար — Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ