«Հին Խնձորեսկը պետք է պահպանել և պաշտպանել որպես հնությունների խոշոր թանգարան: Այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»: Մարտիրոս Սարյան
Խնձորեսկը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։
Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։
Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300։ 1913թ. ուներ 27 խանուրթ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ, 7 դպրոց, 4 եկեղեցի՝ Ս. Թադևոս, Ս. Հռիփսիմե, Հին, Անապատ կոչվող դպրոց-եկեղեցին, որը եղել է գրչության կենտրոն։
Պահպանվել են նաև երկու միջնադարյան (17-րդ դար) աղբյուր-հուշարձաններ։ Խնձորեսկի տարածքում են գտնվում Չահլուկ, Զրնգանաձոր, Սրանոցի ձոր, Կուրաթի ձոր, Ծմակ ձոր կոչվող գյուղատեղիները։
Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Այստեղ է գտնվում նաև Մխիթար սպարապետի գերեզմանը:
1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։
Ճարտարապետական յուրօրինակ շինություն է հատկապես Գիչու որդի Թութակի կողմից 1665թ-ին կառուցված եռանավ բազիլիկ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
Ս. Հռիփսիմե եկեղեցու մուտքի հորիզոնական քարի վրա կա այսպիսի հիշատակություն. «Ես Գիշու որդի Թութակս շինել տվի զայս եկեղեցիս իմ հալալ արդյունանց, հիշեցեք զիս»: Այն գտնվում է Խնձորեսկ գյուղատեղիի հյուսիս արևմտյան եզրին, Անապատ եկեղեցուց մոտ 320 մ հյուսիս-արևմուտք: Եկեղեցին ճակատային մասում ունի 3 վանդակապատ լուսամուտներ, փայտե դուռը նոր է տեղադրվել, մուտքի կամարաձև քարերը փորագրված են զարդանախշերով: Հատակը տեղ-տեղ սրբատաշ քարով է ծածկված, եկեղեցու քարերի մի մասը լցված է մի անկյունում: Պահպանվել է եկեղեցին և գերեզմանոցը շրջապատող ավերված պարսպապատի մի հատվածը:
Խնձորեսկն ունի հարյուրավոր քարանձավներ, խաչքարեր, մ. թ. ա. 2-րդ հազարամյակի դամբարանատեղի։
Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2002 թ․ հաստատված ցանկի, գյուղում կա 218 հուշարձան:
Կիրճի երկու ափերը միանում են Ճոճվող կամուրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն, ընդհանուր կշիռը՝ 14 տոննա:
Աղբյուրը՝ Սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 62-63
Уведомление: Կապադովկիա. քաղաքակրթությունների խաչմերուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)