Գիրը տոն է

papaver Arm

Այ քեզ բան, սկսել եմ մտովի (մեկ-մեկ էլ բարձրաձայն), խոսել, զրուցել բլոգի նյութերի հետ: Երևի մեղավորության զգացումից է՝ հատկապես քնքշանքով խոսում եմ այն նյութերի հետ, որոնք պատրաստվում եմ ջնջել: Իսկ ջնջում եմ անխնա, որովհետև համոզված եմ՝ տան հնամաշ, այլևս չգործածվող կոշիկից սկսած՝ բլոգի չկարդացվող, անհամ-անհոտ նյութից վերջացրած, ավելորդ ու չպետքական գոյացություններ են ու խանգարում են՝ իզուր տեղ զբաղեցնելով, այդ իսկ պատճառով պիտի թափվեն-ջնջվեն՝ տեղը զիջելով Նորին:

Նյութեր կան, որոնց սիրում եմ, նյութեր՝ այնքան էլ չէ: Նյութեր էլ կան, որոնց վերաբերում եմ հարգանքով, նույնիսկ` պատկառանքով: Մի լավ խումբ նյութեր էլ կան, որոնց նկատմամբ անտարբեր եմ. ո՛չ սիրում եմ (տո՛, ոչ էլ հարգում եմ), բայց թողնում եմ հանգիստ ապրեն, որովհետև ուրիշներին են պետք: 

Անպայման հետևում եմ բլոգի անցուդարձին: Հնարավորինս փորձում եմ հաշվի առնել ընթերցողների նախասիրությունները:

Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. հիմնականում բացվում-ընթերցվում են հատկապես այն նյութերը, որոնք գրելիս հուզում եմ ապրել ու ընդհանրապես կապ չունի՝ այդ նյութերը անձնական են, թե՞ հասարակական հնչողություն ունեն:

Բլոգը թարմացվում է գրեթե ամեն օր, բացառությամբ այն օրերի, երբ քաղաքում չեմ կամ էլ ասելիք չունեմ: Երբեք պարտադրված չեմ գրում, որովհետև կարծում եմ, որ գրելը պարտադրանք չյանդուրժող ներքին պահանջ է, իսկ գիրը՝ սպասված տոն, ծնունդի նման մի բան:

Բլոգում կողք-կողքի խաղաղ ապրում են «բնիկներն ու եկվորները»: «Բնիկներ» են այն նյութերը, որոնք ես եմ ստեղծում, դրանք բազմազան են՝ անձնական գրառումներ, կարծիք-մեկնաբանություններ, թարգմանություններ, վերլուծություններ և այլն, և այլն: «Եկվորներ» եմ համարում այն նյութերը, որոնք բերում եմ «դրսից»՝ այլ կայքերից: Հատկապես «դաժան» եմ առաջինների նկատմամբ: Նման նյութերը խմբագրվում-սրբագրվում են տասնյակ անգամներ: Բայց լինում են դեպքեր, երբ որոշ ժամանակ անց առիթ է լինում այդ «երիցս խաչված» նյութերը բացել ու հոպ՝ աչքս գնում-բռնում է էլի բաներ:

Ինքը՝ բլոգը,  դարձել է ինձ համար մտերիմ մեկը: Միասին ուրախանում ենք, միասին տխրում, եղել է, երբ միասին արտասվել ենք…

Հարգում եմ այլոց հեղինակային իրավունքները՝ պարտադիր նշելով աղբյուրը: Բայց և խաղաղ եմ տանում, երբ իմ բլոգի նյութերը առանց հղումը պահելու հայտնվում են այլ կայքերում: Միայն մի դեպքում եմ բարձրաձայնում, երբ իմ կամ իմ ընկերների հեղինակային նյութերը հայտնվում են այն կայքերում, որոնք աղբյուրը չեն նշում հերիք չի, բայց այլոց պարտադրում են հարգել կայքի հեղինակային իրավունքը՝ արգելելով «սեփականացրած» նյութերի տեղափոխությունը: Էդ ինչի՞ որ, դու ինձ չես հարգում, բայց պարտադրում ես, որ քեզ հարգե՞մ…Էդպես չի լինի: 

Սկզբունքորեն ջնջում եմ բոլոր լատինատառ մեկնաբանությունները՝ անկախ բովանդակությունից: Ինձ խորապես վիրավորված եմ զգում, երբ հայ ընթերցողից ստանում եմ ոչ միայն լատինատառ, այլ օտարալեզու՝ ռուսերեն կամ անգլերեն կարծիքներ: Նման դեպքերում քիչ է մնում գրողի դեմքին շպրտեմ՝ քո կարծիքը քեզ պահի՛ր, ինձ պետք չի, առանց դրա էլ յոլա կգնամ:

Շատ ուրախանում ու ոգևորվում եմ, երբ մարդիկ իմ բլոգում գտնում են իրենց փնտրած նյութերը: Եղել են դեպքեր, երբ բլոգի միջոցով խնդրանք-պատվեր եմ ստացել ու սիրով կատարել եմ:

Թարգմանում եմ այն նյութերը, որոնք համացանցում չկան: Եթե համացանցում հայալեզու շատ բաներ չկան, ապա թարգմանելու նյութեր՝ ինչքան ուզես: Ինձ համար թարգմանությունը օդանցք է, որտեղից հորդում է թարմ օդ՝ բերելով նոր մտածողություն ու նոր աշխարհընկալում: 

Աշխատում եմ երբեք ու ոչ մի դեպքում ինքնանպատակ բաներ չանել: Եթե այսօր այս նյութը տեղադրվել է իմ բլոգում, ուրեմն որոշ ժամանակ անց այն հաստա՛տ հայտնվելու է դասարանում՝ դառնալով ընթերցանության կամ քննարկման նյութ:

Բլոգն իմ անփոխարինելի ընկերն է դասարանում, առանց նրա գոյության ես արդեն չեմ էլ պատկերացնում իմ անելիքը: Հենց միայն այն փաստը, որ ամառվա ընթացքում բլոգ մուտք գործող այցելուների թիվը նկատելիորեն նվազում է, խոսում է այն մասին, որ «Հայկական կակաչը» առաջին հերթին եղել և մնում է սովորողներինը:

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Գիրը տոն է

  1. Уведомление: Բան ունեմ ասելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s