Հոկտեմբերի 15-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:
Ես իմ բախտը գիտեմ:
Մի օր իմ անվան հետ ինչ-որ հրեշավոր բանի մասին հիշողությունն է կապվելու, – մի ճգնաժամի, որի նմանը երկրի երեսին դեռ չի եղել, խղճի խորագույն բախման, մի վճռի, որը կայացված է մինչև օրս հավատացված, պահանջված, սրբացված ամեն ինչի դեմ: Ես մարդ չեմ, ես դինամիտ եմ: – Եվ, այսուամենայնիվ, իմ մեջ կրոնի հիմնագրից ոչինչ չկա – կրոնները խաժամուժի ձեռի գործ (Affairen) են, ես ստիպված եմ ձեռներս լվանալ կրոնական մարդկանց հետ շփումից հետո… Ես «հավատացյալներ» չեմ ուզում, ես կարծում եմ՝ չափազանց չարախինդ եմ՝ ինքս ինձ հավատալու համար, ես երբեք զանգվածներին չեմ դիմում… Ես ահավոր վախենում եմ, որ ինձ մի օր սուրբ հռչակեն. դուք գլխի ընկնում եք, թե ես ինչու եմ այս գիրքը նախապես հրատարակում, այն պետք է պաշտպանի ինձ աղավաղելուց: Ես չեմ ուզում սուրբ լինել, ավելի լավ է խեղկատակ… Ես, թերևս, հենց խեղկատակ եմ… Եվ, չնայած դրան կամ, ավելի շուտ, չնայած դրան, քանզի ցայժմ ոչինչ ավելի սուտ չի եղել, քան սրբերը, ինձնից խոսում է ճշմարտությունը: Բայց իմ ճշմարտությունը սոսկալի է: Որովհետև մինչև հիմա սուտն է ճշմարտություն կոչվել:- Բոլոր արժեքների վերարժեքավորում – ահա իմ բանաձևը մարդկության բարձրագույն ինքնաիմաստավորման ակտի համար, ինչը իմ մեջ միս ու հանճար է դարձել: Իմ բախտն ուզում է, որ ես առաջին կարգին մարդը լինեմ, որ ես ինձ գիտակցեմ հազարամյակների ստի հետ հակադրության մեջ… Ես եմ առաջինը ճշմարտությունը հայտնագործել, նրանո՛վ, որ ես առաջինն եմ սուտը իբրև, սուտ զգացել – հոտոտել… Իմ Հանճարն իմ ռունգերի մեջ է… Ես առարկում եմ, ինչպես երբեք չի առարկվել և, չնայած դրան, ես ոչ-ասող ոգու հակադրությունն եմ: Ես զվարթ բանբեր եմ, ինչպիսին ոչ ոք չի եղել, ես այնպիսի բարձր խնդիրներ գիտեմ, որոնց մասին մինչ օրս գաղափար անդամ չեն ունեցել: Առաջին անգամ ինձնից սկսած վերստին հույսեր գոյություն ունեն: Այս ամենով հանդերձ ես անհրաժեշտաբար նաև ճակատագրի մարդն եմ: Զի երբ ճշմարտությունը պայքարի մեջ մտնի հազարամյակների ստի հետ՝ մենք ցնցումներ կունենանք, երկրաշարժի ջղաձգում, լեռների և հովիտների տեղափոխություն, ինչպիսիք երբեք անգամ երազում տեսնված չկան: Քաղքականության գաղափարն այդժամ ամբողջովին կկլանվի հոգևոր պատերազմի մեջ, հին հասարակության իշխանության բոլոր ձևերը հօդս կցնդեն – նրանք բոլորեքյան ստի վրա են ընկած. պատերազմներ կլինեն, որոնց նմանը երկրի երեսին դեռ բնավ չի եղել: Առաջին անգամ ինձնից է սկսվում մեծ քաղաքականությունը երկրագնդի վրա:
Աղբյուրը՝ Գրանիշ գրական ակումբ
Գերմարդի և վերջին մարդի մասին (հատվածներ)
Մարդս մի լար է—կապւած կենդանու ե գերմարդի միջև,—անդունդի վրայ ձգւած մի լար…
Մարդս մեծ է նրանով, որ նա կամուրջ է և ոչ նպատակ. ինչի համար կարելի է մարդին սիրել՝ այդ այն է, որ նա անցումն է և անկումն։
Ես սիրում եմ նրանց, որոնք ապրել չգիտեն—լինեն դրանք ընկնողներ, որովհետև դրանք անցնողներ են։
Ես սիրում եմ մեծ արհամարհողներին, որովհետև նրանք ամենամեծ յարգողներն են և միւս ափի կարօտի նետերը:
Սիրում եմ նրան, որը ապրում է, որպէսզի ճանաչի, և որը ճանաչել է կամենում, որպէսզի մի օր գերմարդը ապրի։ Եւ դրանով նա էր անկուﬓ է ուզում։
Սիրում եմ նրան, ո՛վ սիրում է իր առաքինութիւնը, որովհետև առաքինութիւնը անկման կամքն է և կատօրի նետը։
Սիրում եմ նրան, որը ոչ մի կաթիլ ոգի չի պահում իր համար, այլ ամբողջովին իր առաքինութեան ոգին է ուզում լինել. այդպէս քայլում է նա իբրև ոգի կամուրջի վրայով։
Սիրում եմ նրան, ո՛վ իր առաքինութիւնը իր հակուﬓ ու ճակատագիրն է դարձնում. դրանով ուզում է նա իր առաքինութեան համար դեռ ապրել և այլ ևս չ’ապրել։
Սիրում եմ նրան, որ շատ առաքինութիւններ չի կամենում։ Մէկ առաքինութիւնը աւելի շատ առաքինութիւն է քան երկուսը, որովհետև դա աւելի հանգոյց է, որից ճակատագիրն է կախւում։
Սիրում եմ նրան, որի հոգին շռայլում է իրեն, որ շնորհակալութիւն չէ կամենում և ետ չէ դարձնում, որ նւիրում է և պահել չէ ուզում։
Սիրում եմ նրան, ո՛վ ամաչում է, երբ բախտի խաղը նրան երջանկութիւն է խոստանում, և հարցնում է. մի՞թէ ես վատ խաղացող եմ.—որովհետև նա խորտակւել է կամենում։
Սիրում եմ նրան, ո՛վ իր գործերից առաջ ոսկէ խօոքեր է ասում և միշտ աւելին կատարում, քան խոստանում է, որովհետև նա իր անկուﬓ է կամենում։
Սիրում եմ նրան, ո՛վ արդարացնում է գալիք սերնդի գոյութիւնը և անցածներին փրկում, որովհետև ներկայ սերնդի հետ մեռնել է կամենում։
Սիրում եմ նրան, որի հոգին խորն է նաև վիրաւորւած ժամին, և որի կեանքը մի փոքր ապրումից խորտակւել կարող է. այսպէս անցնում է նա սիրով կամուրջից։
Սիրում եմ նրան, որի հոգին լի է այնչափ, որ նա մոռանում է ինքն իրեն, և բոլոր իրերը նրա մէջ են. այսպիսով բոլոր իրերը նրա խորտակման պատճառ կլինեն։
Սիրում եմ նրան, ով ազատ ոգի և ազատ սիրտ ունի. դրանով նրա գլուխը իր սրտի փորոտիքն է դառնում, նրա սիրտը սակայն մղում է նրան դէպի անկուﬓ։
Սիրում եմ բոլոր նրանց, որոնք ծանր կաթիլների են նման, որ ընկնում են կաթիլ-կաթիլ այն մութ ամպից, որ կախւած է մարդու վրայ. նրանք աւետում են կայծակի գալը և խորտակւում իբրև աւետողներ։
Տեսէ՛ք, ես աւետողն եմ կայծակի և մի ծանր կաթիլը այդ ամպից և այդ կայծակը կոչւում է—գերմարդ։
Ես քարոզում եմ ձեզ գերմարդի մասին։ Մարդս մի բան է, որ պէտք է յաղթահարւի։ Ւ՞նչ էք արել նրան յաղթահարելու համար։ Բոլոր արարածները իրենց գերազանցող մի բան են ստեղծել. և դուք ուզում էք տեղատւութի՞ւնը լինել այս մեծ յորձանքի և աւելի սիրով դէպի կենդանին ետ գնալ, քան մարդին յաղթահարե՞լ։
Ճշմարի՛տ եմ ասում, մարդս մի կեղտոտ հոսանք է. ծով պէտք է լինել մի կեղտոտ հոսանք իր մէջ ընդունելու առանց կեղտոտւելու։
Տեսէ՛ք, գերմարդն եմ ձեզ քարոզում. դա այս ծոﬖ է. դրա մէջ կարող է ձեր մեծ արհամարհանքը սուզւել։
Ո՞ւր է այն կայծակը, որ լիզէր ձեզ իր լեզւով. ո՞ւր է այն խենթութիւնը, որով դուք պէաք է պատւաստւէք!
Տեսէ՛ք գերմա՜րդն եմ քարոզում ես ձեզ. Նա է այդ կայծակը, նա է այդ խենթութիւնը!
Երբ Զրադաշտը այսպէս խօսեց, գոչեց մէկը ամբոխի միջից. «Մենք բաւականին լսեցինք լարախաղի մասին, թողէ՛ք, որ հիմա տեսնենք նրան»։
Եւ բոլոր ժողովուրդը ծիծաղեց Զրադաշտի վրայ։ Լարախաղը սակայն, որը կարծեց՝ թէ խօսքը իր մասին է, իր բանին անցաւ։
Սրանք մի բան ունեն, որով այնքան հպարտ են. ինչպէ՞ս են անւանում այդ, որ դրանց այդքան հպարտացնում է. «կրթութիւն» են այդ անւանում և դրանով տարբերւում այծարածներից։
Դրա համար էլ սիրով չեն լսում «Արհամարհանք» խօսքը իրենց մասին։ Խօսեմ յօգուտ իրենց հպարտութեան։
Խօսեմ ամենաարհամարհելիի մասին. իսկ դա վերջին մարդն է։
Ե՛ւ այսպէս խօսեց Զրադաշտը ժողովրդի հետ.
«Մենք գտել ենք երջանկութիւնը»—ասում են վերջին մարդիկ և աչքերը սեղմում։
Մարդիկ դեռ աշխատում են, որովհետև աշխատանքը լաւ ժամանց է։ Բայց և հոգ են տանում, որ աշխատանքը չյոգնեցնի։
Մարդ ոչ աղքատանում է, ո՛չ էլ հարստանում. երկուսն էլ աւելորդ գլխացաւանք են։ Ո՞վ է կամենում դեռ կառավարել։ Ո՞վ է ուզում հպտատկւել։ Երկուսն էլ—դատա՛րկ մտահոգութիւն։
Շատ եմ ապրել լեոների վրայ և երկար ականջ դրել առւակներին ու ծառերին. արդ կխօսեմ նրանց հետ այծարածների նման։
Անդորր է իմ հոգին և պայծառ որպէս լեռները միջօրէին։ Սակայն նրանք կարծում են, ես սառն եմ և վատ կատակներով ծաղրող։
Եւ այժմ նայում են նրանք ինձ ու խնդում և խնդալով ատում են ինձ։ Սառոյց կայ նրանց ծիծաղի մէջ։
Ստեղծագործողի, հնձողի, տօնողի հետ եմ ուզում ընկերանալ. ծիածանն եմ ուզում ցոյց տալ նրանց և բոլոր աստիճանները գերմարդի։
Դէպի իմ նպատակն եմ ձգտում ես, իմ ճանապարհն եմ ես գնում։ Տատանւողների և անհոգների վրայից կցատկեմ։ Եւ իմ անցումը կլինի նրանց անկումը։
Աղբյուրը՝ «Այսպես խոսեց Զրադաշտը: Գիրք ամենքի և ոչ մեկի համար»
Կարող եք ծանոթանալ նաև՝ Фридрих Ницше. Ecce Homo, как становятся самим собой
Պատասխան
Պահպանի՛ր ինձ, Ամենակարո՛ղ Աստված,
Ես չեմ ուզում հիմա գնալ:
Գերմանիայի ո՛չ տաքությունը, ո՛չ էլ սուտը
Ինձ հարկավոր չեն, սիրելի՛ իմ եղբայր,
Ես այստեղ վայրկյան անգամ չէի մնա,
Բայց ափսոսում եմ գերմանական միտքը.
Ճոճանակի նման այն, անկասկած, գնում է
Դեպի անմիտ ճշմարտությունը:
Աղբյուրը՝ http://www.nicshe.velchel.ru/index.php?cnt=6&rhime=17
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք նաև լսել՝ Сборник – «Friedrich Nietzsche — Hymnu
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ