Մարդկային սիրտը երաժշտական գործիք է, այն պարունակում է հիանալի երաժշտություն: Նա քնած է, սակայն այստե՛ղ է, սպասում է հարմար պահի, որպեսզի բոցավառվի, արտահայտվի, երգի, պարի: Եվ այդ վայրկյանը հայտնվում է սիրո շնորհիվ:
Սիրո բացակայության դեպքում մարդը երբեք չի կարող իմանալ՝ ինչպիսի երաժշտություն է կրում իր սրտում: Միայն սիրո դեպքում է այդ երաժշտությունը կենդանանում, արթնանում, հնարավորությունից դառնում իրական:
Սերը հոգու սնունդն է: Սերը հոգու համար նույնն է, ինչ ուտելիքը՝ մարմնի համար: Առանց ուտելիքի մարմինը թույլ է, առանց սիրո թույլ է հոգին: Առանց սիրո մարդը կարող է լինել հարուստ, առողջ, հայտնի, բայց նա չի կարող կարգին մարդ լինել, որովհետև պատկերացում չունի ներքին արժեքների մասին:
Գլխի ինտելեկտը ամենևին էլ խելք չէ, այն ընդամենը գիտելիք է: Սրտի ինտելեկտը խելք է, միակ գոյություն ունեցող խելքը: Գլուխը ընդամենը կուտակում է: Այն միշտ հին է, երբեք նոր չէ, երբեք ինքնատիպ չէ: Այն լավ է որոշակի նպատակների դեպքում. հիանալի միջոց է տարատեսակ կատալոգներ մեկտեղելու համար: Կյանքում այդ ամենը մարդուն անհրաժեշտ է՝ շատ բաներ է պետք հիշել: Միտքը, գլուխը կենսաբանական համակարգիչ է (биокомпьютер): Դուք կարող եք շարունակաբար գիտելիք կուտակել, և ամեն անգամ, երբ անհրաժեշտ է՝ որոնել-գտնել այն: Դա լավ է մաթեմատիկների համար, հաշվարկների դեպքում, լավ է առօրյա կյանքում կենցաղավարության, շուկայի համար: Բայց, եթե դուք մտածում եք, որ դա է ձեր ամբողջ կյանքը, ապա կմնաք այդպես հիմար: Դուք երբեք չեք իմանա զգացմունքի գեղեցկությունը և երբեք չեք իմանա՝ ինչ է սրտի օրհնանքը: Դուք երբեք չեք իմանա ոգու շնորհը, որը հասանելի է միայն սրտին, չեք իմանա աստվածայինը, որ դուրս է գալիս միայն սրտից: Դուք երբեք չեք ճանաչի աղոթքը, երբեք չեք հասկանա պոեզիա, երբեք չեք իմանա՝ ինչ է սերը:
Սրտի խելքը ձեր կյանքը դարձնում է պոեզիա, ձեր քայլերին հաղորդում է պարին հատուկ որակ, ձեր կյանքը լցնում է ուրախությամբ, տոներով, հանդիսություններով, ծիծաղով: Այն ձեզ տալիս է հումորի զգացում: Այն ձեզ օժտում է սիրելու ունակությամբ, տալու կարողությամբ: Սա՛ է իրական կյանքը: Գլխից եկող կյանքը մեխանիկական կյանք է: Դուք դառնում եք ռոբոտ, հնարավոր է՝ արդյունավետ: Աշխատանքը արդյունավետ է, չէ՞ որ մեքենան մարդու համեմատ շատ ավելի արդյունավետ է աշխատում: Դուք կարող եք շատ ավելին վաստակել գլխի շնորհիվ, բայց դուք չեք կարող երկար ապրել: Ամենայն հավանականությամբ, դուք կյանքում կունենաք ավելի բարձր կենսամակարդակ, բայց ինքը՝ կյանքը, չի լինի:
Կյանքը պատկանում է սրտին: Կյանքը կարող է աճել միայն սրտում: Հենց սրտի հողի մեջ է աճում սերը, աճում է կյանքը, աճում է ոգին: Այն ամենը, ինչը գեղեցիկ է, ամենը, ինչը իսկապես թանկ է, ամենը, ինչը բովանդակությամբ է լցված ու արժեքավոր է, գալիս է սրտից: Սիրտը՝ ինքն է ձեր կենտրոնը, գլուխը՝ ընդամենը արտաքին մակերես: Գլխով ապրել, նշանակում է ապրել մակերեսային՝ երբեք չգիտակցելով կենտրոնի գեղեցկությունն ու հարստությունը: Մակերեսային ապրելն արդեն իսկ հիմարություն է:
Գլխի կյանքը բացահայտ անմտություն է: Ապրել սրտով՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով գլուխը, սա՛ է խելքը: Սակայն կենտրոնը, տերը՝ սիրտն է՝ ձեր գոյության էությունը:
Տերը սիրտն է, գլուխը՝ ստրուկը, ահա՛, թե որն է խելքը: Երբ գլուխը դառնում է տեր և մոռանում է սրտի մասին, արդեն հիմարություն է:
Ընտրությունը ձեր ձեռքերում է: Հիշե՛ք, ստրուկի կարգավիճակով գլուխը գերազանց և շատ օգտակար ստրուկ է, սակայն տիրոջ կարգավիճակով գլուխը վտանգավոր է, այն կկործանի ձեր ամբողջ կյանքը, կթունավորի ձեր ամբողջ կյանքը: Նայե՛ք ձեր շուրջը: Գլխի խելքով թունավորված մարդկանց կյանքը բացարձակապես թունավորված է: Նրանք չգիտեն զգալ, անզգա են, ոչինչ նրանց ակնածանք չի ներշնչում:
Արևը ծագում է, բայց ոչինչ չի ծագում նրանց ներսում, նրանք արևին նայում են դատարկ աչքերով: Երկնքում առկայծում են աստղերը, հրա՛շք է, առեղծվա՛ծ, բայց ոչինչ չի շարժվում նրանց սրտերում, չի ծնվում և ոչ մի երգ: Երգում են թռչունները, մարդիկ մոռացել են երգելը: Ամպերը քողարկել են երկինքը, և սիրամարգերը պարում են, սակայն մարդը չի կարողանում պարել: Նա դարձել է հաշմանդամ: Ծառերը ծաղկում են, իսկ մարդը մտածում է, երբեք չի զգում, իսկ առանց զգացմունքի որևէ ծաղկում ուղղակի հնարավոր չէ:
Հետևե՛ք, ուշադրությամբ ուսումնասիրե՛ք, նայե՛ք ձեր կյանքին նոր հայացքով: Ուրիշ ոչ մեկը չի կարող ձեզ օգնել: Դուք երկար ժամանակ եք ապավինել ուրիշներին, հենց այդ պատճառով էլ դմբոյացել եք: Այժմ հո՛գ տարեք ինքներդ ձեզ. դա՛ է ձեր սեփական պատասխանատվությունը: Դուք պարտավո՛ր եք ինքներդ ձեզ խորքից դիտել, խորաթափանց հայացքով նայել և հասկանալ՝ ինչ եք անում սեփական կյանքի հետ: Արդյո՞ք դուք ունեք սրտի պոեզիա: Եթե ոչ՝ ժամանակ մի՛ վատնեք: Օգնե՛ք սրտին մանել ու հյուսել պոեզիա: Կա՞ ձեր կյանքում ռոմանտիկ ինչ-որ բան: Եթե ոչ, նշանակում է, դուք արդեն գերեզմանում եք:
Դո՛ւրս եկեք գերեզմանից: Թող ձեր կյանքում ռոմանտիկ ինչ-որ բան մտնի, արկածախնդրության նման մի բան: Բացահայտե՛ք: Ձեզ սպասում են միլիոնավոր գեղեցիկ ու շքեղ բաներ: Դուք շարունակում եք քայլել շրջապտույտի մեջ, որը երբեք ձեզ չի տանի դեպի կյանքի տաճար: Կյանքի տաճարի դուռը սիրտն է:
Իսկական խելքը պատկանում է սրտին: Այն ինտելեկտուալ չէ, այն զգացմունքային է: Այն նման չէ մտածմունքի, այն նման է զգացմունքի: Այն տրամաբանություն չէ, այն սեր է:
Սերը հասանելի է միայն նրան, ով մշտապես սրում է միտքը: Սերը միջակների համար չէ…սերը հիմարների համար էլ չէ: Հիմար մարդը կարող է դառնալ մեծ մտավորական: Ի դեպ, հենց հիմար մարդիկ են ձգտում դառնալ մտավորականներ, նրանց համար դա միջոց է ողջամտության պակասը ծածկելու համար: Սերը մտավորականների համար չէ: Սիրո համար պահանջվում է բոլորովին այլ տեսակի տաղանդ՝ տաղանդավոր սիրտ, ոչ թե տաղանդավոր գլուխ:
Սերն ունի սեփական միտք, սեփական տեսլական, ընկալում, կյանքը ըմբռնելու սեփական ուղի, գոյության առեղծվածը հասկանալու սեփական կերպ: Պոետը շատ ավելի մոտ է նրան, քան փիլիսոփան: Իսկ միստիկը տաճարի ներսում է: Պոետը կանգնած է տաճարի շեմին, փիլիսոփան՝ դրսում: Առավելագույնը, որ կարող է անել փիլիսոփան, մոտենալն է տաճարի դռներին, բայց նա երբեք չի կարող անցնել տաճարի շեմից ներս: Նա շարունակում է քայլել տաճարի շուրջբոլորը: Նա շարունակում է շարժվել տաճարի մատույցներում, ուսումնասիրել արտաքին պատերը և այնքան հմայվել դրանցով, որ բոլորովին մոռանում է, որ տաճարի պատը դեռևս իսկական տաճարը չէ և, որ աստվածայինը տաճարի ներսում է:
Պոետը հասնում է դռներին, բայց դուռն այնքան գեղեցիկ է, որ հիպնոսացնում է նրան: Նա մտածում է, որ ինքն արդեն հասել է, հնարավո՞ր է ավելին պատկերացնել: Փիլիսոփան այդ ժամանակ փորձում է կռահել՝ ինչ կա ներսում: Նա երբեք չի մտնում, նա պարզապես մտածում է, փիլիսոփայում է: Պոետը ջանում է թափանցել գաղտնիքից ներս՝ ընդհուպ մոտենալով տաճարի դռներին: Միստիկն է մտնում սրբության սրբոց տաճարը:
Ճանապարհը սե՛րն է, ճանապարհը սեր ունեցող մտքինն է: Երբ սերն ու միտքը միանում են, ստեղծվում է մի տարածություն, որի մեջ կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է մարդկային գոյության համար ու կարող է իրականացվել իրականում:
Սիրով լեցուն խելք, ահա՛, թե ինչ է հարկավոր:
Ինքնին խելքը ինտելեկտուալ է, ինքնին սերը սենտիմենտալ է, սակայն սիրով լեցուն խելքը երբեք չի կարող միայն ինտելեկտուալ կամ միայն սենտիմենտալ լինել: Այն ձեզ նոր տիպի ամբողջականություն է հաղորդում, լրիվ նոր բյուրեղացում բերում:
Աղբյուրը՝ ОШО, Поэзия сердца
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
Уведомление: Օշո, «Սիրո մկանի մարզում» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Օշոն երեխաների դաստիարակության մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Օշոն ծնվել է դեկտեմբերի 11-ին:
НравитсяНравится
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Ընտանեկան կրթություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան