Ամեն անգամ Քեզ հանդիպելիս՝ սրտիս զարկերն անսովոր աշխուժանում են: Այդպես է լինում միշտ, երբ բյուր մարդոց մեջ զգում եմ այն Մեկի ներկայությունը, ում ներսում Լույսի հորդահոս աղբյուր կա…
Քո ներսի կիսամո՜ւթը…
Քո ներսի կիսամութը ստիպում է տեսնե՛լ:
Քո ներսի լռությո՜ւնը…
Քո ներսի լռությունը պարտադրում է լսե՛լ:
Ու հենց այդ պահին գիտակցում եմ, որ կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝ ներս գնալ ցանկացողի ճանապարհ:
Դու ամբողջովին խնկաբույր ես ու պատարագոտ՝ սիրտն ու հոգին մաքրող-ազնվացնող, վեհացնող ու վերացնող սպեղանի…
Քո ներսում խաչվում են ժամանակներն ու տարածությունը՝ պարզորոշ թողնելով գիտակցումն առ այն, որ դրանք, ըստ էության, չկան, գոյություն չունեն…
Քո մոտիկությունից ծնկներս ծալվում են: Նույնիսկ իմ անցած դժոխքի ճամփեքը չկարողացան ինձ ստիպել ծնկել, բայց Քո առջև խոնարհվում եմ ինքնակամ:
Քո առջև խոնարհվում եմ թե չէ՝ արցունքներ են հայտնվում: Ոչինչ, թո՛ղ հոսեն, հետո ժպիտ են դառնալու ու ծիածան…
Ուրիշ ոչ մի տեղ ես ինձ այդքան վերերկրային ու աննյութեղեն չեմ զգում, որքան Քո ներսում: Այդպիսին եղել եմ, հավանաբար, իմ աստվածուհի մոր արգանդում:
Ամեն անգամ Քեզնից հեռանալիս՝ հոգիս նվաղում է: Այդպես է լինում միշտ, երբ Քո Լույսից աննշան մի հյուլե հայտնվում է իմ ներսում…
Հ.գ. Այսպիսի «սաղմոս» ծնվեց, երբ հերթական անգամ հայտնվեցի Հաղարծին-Մակարավանք-Գոշավանք Աշխարհներում:
Լուսանկարը՝ անձնական արխիվից (Հաղարծին)
Ն. Մ.
Reblogged this on Սոնա Փափազյան and commented:
Տիկին Նունե մի աա, մի հրաշք ասա
НравитсяНравится
Ու հենց այդ պահին գիտակցում եմ, որ կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝ ներս գնալ ցանկացողի ճանապարհ:
Հրաշալի մտքեր……. հիասքանչ տիկին Նունե:
НравитсяНравится
Շնորհակալություն, սիրելի մարդիկ՝ Սոնա և Արմինե:
НравитсяНравится
«կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝ ներս գնալ ցանկացողի ճանապարհ»…. կեցցե՛ս, Նունե ջան։
НравитсяНравится
Շնորհակալություն, Արամազդ ջան: Ի՜նչ էլ հաճելի էր:
НравитсяНравится