Հոկտեմբերի 8-ին ծնվել է արձակագիր, թարգմանիչ, խորհրդային շրջանի նշանավոր բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:
Մենախոսություն
Ինչպես շատերն են գահավիժել
Անդունդն այն հեռավոր,
Կգա օրը՝ ես էլ կանհետանամ
Երեսից այս երկրի:
Կպաղի ամենը, ինչը երգում էր ու կռվում,
Փայլում էր ու պոռթկում,
Ե՛վ կանաչը իմ աչքերի, և՛ նուրբ ձայնը,
Ե՛վ մազերիս ոսկին:
Իսկ կյանքը կհոսի հանապազօրյա հացով՝
Մոռացկոտ օրվա պես,
Կլինի ամեն ինչ՝ ասես երկնքի տակ
Ես ոչ էլ եղել եմ:
Չարությունը շուտ մոռացող
Հարափոփոխ երեխայի պես
Սիրում եմ, երբ փայտը վառվում
Ու բուխարում մոխիր է դառնում:
Թավջութա՛կը, աղմուկը հատո՛ւ,
Ե՛վ զանգը գյուղի…
-Ես, որ դեռ կենդանի եմ ու ներկա
Այս սիրուն երկրի վրա:
Ձեզ բոլորի՛դ, որ ոչ էլ ինձ ճանաչում եք,
Օտարներ և յուրայիննե՞ր,
Դիմո՛ւմ եմ կոչով՝ հավատի՛ պահանջով
Եվ սիրո՛ խնդրանքով:
Ե՛վ ցերեկ, և՛ գիշեր, և՛ գրավոր, և՛ բանավոր,
Հանո՛ւն ճշմարտության՝ այո և ոչ,
Այ՛ն բանի համար, որ թախծում եմ հաճախ,
Երբ ընդամենը քսան տարեկան եմ:
Այն բանի համար, որ բախտն է իմ՝
Ներել մեղքերը բոլոր,
Իմ անսանձ քնքշության համար, ու
Չափազանց հպարտ պահվածքի համար:
Զարգացող դեպքերի արագության համար,
Ճշմարտությա՛ն համար, և խաղի՛ համար…
-Լսե՛ք: Նաև սիրե՛ք ինձ,
Քանզի ես մեռնելու եմ:
Աղբյուր՝ Марина Цветаева — Монолог
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
«Ես մարդուն ավելի լավ եմ տեսնում, երբ նրա կողքին չեմ: Ես չեմ ուզում տեսակետ ունենալ, ես տեսողություն եմ ուզում ունենալ: Ես ուզում եմ համեստ, մեռնելու աստիճան հասարակ բաներ՝ ասենք, որպեսզի, երբ մտնեմ սենյակ, մարդն ուրախանա ինձ տեսնելիս:»: Մարինա Ցվետաևա
Անձամբ ինձ համար կյանքում դժվար է, քանի որ ես չունեմ ոչ հենարան (ազատության փոխարեն), ոչ ազատություն (հենարանի փոխարեն): Աշխարհում սահմանափակ թվով հոգիներ կան և անսահմանափակ թվով մարմիններ: Սակայն սովորաբար վեցերորդ զգայարանը փնտրում են այն մարդիկ, ովքեր չեն ենթադրում մյուս հինգի գոյության մասին…
Կյանքի հետ երկխոսելիս կարևոր են ոչ թե նրա հարցերը, այլ մեր պատասխանները: «Ճանաչիր ինքդ քեզ»: Ճանաչեցի: Եվ դա ամենևին չի թեթևացնում մեկ այլ բանի ճանաչումը: Ընդհակառակը, հենց որ ես դատում եմ մարդու մասին ըստ ինձ, սկսվում է թյուրիմացություն թյուրիմացության ետևից: Կան հանդիպումներ, կան զգացմունքներ, երբ միանգամից տրվում է ամեն ինչ և շարունակությունն այլևս պետք չէ: Շարունակել՝ կնշանակի ստուգել: Իսկ երջանիկ մարդուն կյանքը պիտի ուրախություն պարգևի, խրախուսի նրան այդ եզակի ընծայի համար, քանի որ երջանիկից երջանկություն է բխում: Սիրել՝ նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին նրան մտահղացել է Աստված, սակայն չեն իրականացրել ծնողները: Երբ սիրում ենք մեկին, անընդհատ ցանկանում ենք, որ նա գնա, որպեսզի երազենք նրա մասին: Ամեն անգամ, երբ իմանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ սիրում է, զարմանում եմ: Չի սիրում՝ նույնպես զարմանում եմ: Բայց ամենաշատը զարմանում եմ, երբ իմ հանդեպ անտարբեր են:
Ես մաքուր էջ եմ քո գրչի համար
Ես մաքուր էջ եմ քո գրչի համար,
Ինչ կուզես գրիր և ես կընդունեմ.
Պահ տուր քո բարիքն ու գանձն անհամար,
Քո տված մեկը ես հազար կանեմ…
Քո գյուղը, դաշտը, սևահողն եմ ես,
Դու- իմ Արևն ու անձրև տվողը.
Դու իմ Արարիչն ու Տերն ես, իսկ ես՝
Քո ճերմակ թուղթը, քո սևահողը…
Ինձ դուր է գալիս
Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:
Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,
Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:
Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,
Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:
Որտեղի՞ց նման քնքշություն
Որտեղի՞ց նման քնքշություն,
Նոր չեմ գանգուրներ շոյում ես,
Եվ հետո, շուրթերից քո թուխ
Ավելի թուխերն եմ տեսել:
Ծագել են աստղերն ու մարել,
Որտեղի՞ց նման քնքշություն:
Ծագել են ու մարել աչքեր
Հենց իմ աչքերի առջև:
Այսպիսի՞ երգեր եմ ես
Լսել մութ գիշերներն ի վար,
Որտեղի՞ց նման քնքշություն
Հենց իր` երգչի կրծքի տակ:
Որտեղի՞ց նման քնքշություն,
Եվ ի՞նչ անեմ ես նրա հետ,
Պատանի, երգիչ դու անցորդ,
Թարթիչներդ հատու նետեր:
Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ
Уведомление: Մարինա Ցվետաևա, «Ինձ դուր է գալիս, որ դուք…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ