Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես` Երևանում, իմ խորին համոզմամբ, գլխավորապես բացասական է: Եթե մեկ բառով բնորոշելու լինեմ մեր իրականությունը, ասելու եմ` ցինիկ: Իսկ ցինիզմը արժեքների բացակայության մասին է խոսում:
Մենք` հայերս, աշխարհին ասելու բան չունենք:
Մենք մեզ էլ ասելու բան չունենք:
Մենք միայն կարողանում ենք Շեքսպիրի Համլետի նման մենախոսել ու…խելագարվել: Կամ էլ ինքնասպան լինել ու մեր քաղաքում վխտացող ուրվականների շարքերը համալրել…
Ավելի քան համոզված եմ` ինքն իրեն, իր ազգությունը չհարգող մեկը, ըստ էության, չի հարգելու կամ էլ կեղծ հարգանք է ունենալու ուրիշի նկատմամբ:
Բայց, ախր, ես չեմ էլ կարող հարգել մարդկանց միայն այն բանի համար, ինչ է թե նրանք հայ են: Կներեք, դա իմ ուժերից վեր բան է:
Դե, հիմա ասեմ՝ ինչու եմ էսքան զայրացած: Աշխատանքից գալիս եմ տուն: Ու, որպեսզի կանգառում շատ չձանձրանամ, միշտ ընտրում եմ որևէ մեկին ու աչքի պոչով թաքուն ուսումնասիրում (վաղուցվա սովորություն է): Այս անգամ ուշադրությանս կենտրոնում հայտնվեց մի տիկին: Հագուկապը՝ տեղը, դիմահարդարումը՝ նույնպես: Բայց ինչ-որ բան ինձ ներսից համառորեն հուշում է, որ սա հենց էն դեպքն է, երբ արտաքինը խաբուսիկ է: Նման դեպքերում, որպեսզի կողմորոշվեմ, ես սովորաբար նայում եմ ձեռքերին, մասնավորապես՝ մատներին:
Ինձ ու ինձ կռվում եմ, տալիս ու առնում, հետն էլ՝ սպասում (բանուգործիս անունն ինչ է): Մեկ էլ ի՞նչ տեսնեմ: Էս կինը գրպանից հանեց մի բուռ արևածաղիկ, սկսեց արագ-արագ ուտել ու թափել, ուտել ու թքել…Ու էդ ամենից ինքը ակնհայտ լավ էր զգում:
Ուզում եմ ու չեմ կարողանում հիշել , թե վերջին անգամ երբ էի նման տհաճ, սրտխառնուք առաջացնող դեպքի հանդիպել:
Ասելս ի՞նչ ա…Արժեքներ չունեցող մեկը որքան էլ ուզենա տպավորություն թողնել, շպարի ու հագուստի տակ թաքնվելով այլ ներկայանալ, մեկ է, մի ցինիկ բան անելու է (հաստատ անելու է), ու բացահայտելու է իր իսկական դեմքն ու ներսը:
Ն.Մ.
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)