Հունվարի 5-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո, Մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ամանորյա, Սուրբ Ծննդյան երգերի երեկո: Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս տարի տոնը երիտասարդացել էր, ինչն ինձ շատ ուրախացրեց: Սիրուն, խաղաղ տոն ստացվեց: Շնորհակալություն, Սյուզի Մարգարյան ջան:
Իսկ հունվարի 6-ի Ս. Ծննդյան պատարագին մասնակցեցինք Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որի մասին էլ ուզում եմ խոսել:
Եկեղեցին կառուցման օրվանից հայտնվեց քննադատության թիրախում: Ու քանի դեռ չէի տեսել այդ եկեղեցին, որևէ կարծիք՝ ոչ վատ, ոչ էլ՝ լավ, ինձ թույլ չէի տալիս արտահայտել: Հիմա կարող եմ ասել:
Այն, որ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցող գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը, 40 քանդակագործներ, որմնանկարիչներ հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները, զարդագործ-վարպետներն ու հազարավոր շինարարներ մեծ գործ են արել՝ կասկածից վեր է:
Հա, համաձայն եմ, չեմ վիճում, եկեղեցին շքեղ է, զարդարված ու պճնված (համենայն դեպս, այն իմ ճաշակով չէ): Ես, որպես աղոթատեղի, նախընտրում եմ մեր խոնարհված վանքերն ու կիսաքանդ մատուռները:
Բայց շքեղության համար քննադատել, կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետև նման շքեղ կառույցներ մենք հնում էլ ենք ունեցել: Որպես օրինակ կարող եմ բերել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին: Ի դեպ, ի տարբերություն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարներն ու զարդաքանդակները ագուցված են եղել թարկարժեք քարերով: Եկեղեցին նախշազարդ լինելու պատճառով հետագայում ստացել է Նախշլի անունը:
Քննադատել, որ բարերարը իր անունը նշել է եկեղեցու մուտքի պատին, սա էլ տեղին չէ, որովհետև այս երևույթը ևս ընդունված է եղել հայոց մեջ: Հենց նույն Տիգրան Հոնենցը քեզ օրինակ: Դարերը մեզ հուշում են, որ եկեղեցին կոչել են Սուրբ Գրիգոր, բայց պատմության մեջ այն մնացել է իր բարերարի՝ Տիգրան Հոնենցի անունով:
Պարսավելի ոչինչ չեմ տեսնում: Ի վերջո, բարերարը այս անգամ չի՞ կառուցել, չէ,՞ խաղատուն կամ ռեստորան, կառուցել է եկեղեցի: Ի՞նչ է պատահել, հիմա ինչո՞ւ ենք քննադատում, թե՞ մեզանում ոչինչ չանելը, բայց աջուձախ խոսելն ու քննադատելը դարձել է ապրելակերպ:
Կարևորն այն է, որ մեր ժամանակներում կառուցվել է նոր եկեղեցի (թեև ես շատ ավելի կողմնակից եմ եղածները վերանորոգելուն), որ այդ եկեղեցում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքը, որ ես իմ ընկերների հետ եմ ու լսում եմ Ս. Ծննդյան պատարագ: Ես ուրիշ ի՞նչ կարող եմ ասել՝ շնորհակալություն հայտնելուց բացի, ինչն էլ սիրով անում եմ:
Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ իմ կողքին լինելու և երկու անմոռաց Ս. Ծննդյան պատարագ պարգև ստանալու համար:
Գիտե՞ք՝ արդեն սկսել եմ սպասել երրորդին…
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Ն.Մ.