«Թորամանյանը հայ ճարտարապետության Կոմիտասն է»: Արշակ Չոպանյան
Մարտի 18-ին Շապին-Գարահիսարում ծնվել է հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը: Սովորել է Կ. Պոլսի Կայսերական Գեղարվեստի ճեմարանի ճարտարապետական բաժնում։
1905-1909 թթ. հայտնի հնէաբան Նիկողայոս Մառի հետ միասին մասնակցել է Անիում տարվող պեղումներին: «Թորամանյանը հանդիսանում է հայկական ճարտարապետության հուշարձանների լեզվի մեր առաջին ուսուցիչը»: Նիկողայոս Մառ
20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս բերվեցին հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Երբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Գագիկ թագավորի արձանը՝ Գագիկաշեն սբ. Գրիգոր տաճարի մանրակերտը ձեռքին, հաստատվեց, որ Թ.Թորամանյանին հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն հայտաբերել շինության տեսքն ու ձևը, քանի որ համաձայն պատմիչի, Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։
1913թ. Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի:
Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ. հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը, որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման:
Թորամանյանը մահացել է 1934 թվականին, Երևանում։
Հովհաննես Թումանյան, «Թորամանյանի թնդանոթները»
Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։
Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանաթյուններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար։
Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը, իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը։
Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ։
Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը։
Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։
Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք։
Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով։
Թող գան հայերը, տեսնեն ու համոզվեն, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան։
1914
Կարող եք ծանոթանալ նաև՝ Հովհ. Թումանյան «Թ. Թորամանյանի դասախոսության առթիվ»
Уведомление: Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ