Բովանդակություն
Բաժին 1
Մայրենի լեզվի ծրագրի բովանդակային միջուկ
Բաժին 2
Մեդիադասընթացի կազմակերպում
Բաժին 3
Գնահատման համակարգ
Բաժին 4
Սովորողի պարտադիր ուսումնական աշխատանքի կազմակերպում
Բաժին 5
Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի կազմակերպում
Բաժին 6
Ինչպես սկսել նախագիծ
Բաժին 7
Բլոգավարությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
Բաժին 8
Միջանկյալ ուսումնական փաթեթ
Բաժին 1
Մայրենի լեզվի ծրագրի բովանդակային միջուկ
Մայրենի լեզվի ծրագրի բովանդակային միջուկը ներառում է երեք հիմնամաս՝
- Լեզվաբանական (քերականական) գիտելիք
- Գրականություն (գրականագիտական) գիտելիք
- Խոսքի մշակում
Սովորողի համար պարտադիր է համարվում լեզվաբանական (քերականական) և գրականություն (գրականագիտական) մասի կատարումը, որի համար կարող է ստանալ առավելագույնը 6 միավոր: Ընդ որում, 4 միավոր ստանում է աշխատանքը սկսելու, 5 միավոր՝ կիսատ աշխատանք ներկայացնելու, 6 միավոր՝ աշխատանքն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար:
Սովորողները ինքնակամ կամ ծնողի համաձայնությամբ կարող են ստանալ խոսքի մշակում ապահովող առաջադրանքներ կամ ընդգրկվել տարաբնույթ նախագծերում՝ համապատասխանաբար ստանալով բարձր միավորներ:
Բաժին 2
Մեդիադասընթացի կազմակերպում
Սովորողը մեկ շաբաթվա կամ ամսվա (ժամկետը մոտավոր է՝ կապված տվյալ թեմայի տևողությունից, նյութի աշխատատարությունից, սովորողների մոտիվացիայից և այլն) համար մեդիատարբերակով ստանում է՝
- առաջադրանքների կատարման համար նախատեսված մեկնարկային կոնկրետ մեդիափաթեթ
- այս կամ այն թեմային ուղղված՝ հիմնականում ստեղծագործական բնույթի հարցեր և առաջադրանքներ
Կոնկրետ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատանքն ավարտելուց հետո սովորողն ինքնուրույն կամ դասավանդողի, ծնողի օգնությամբ կատարում է իր աշխատանքի հրապարակային վերլուծություն-գնահատում՝ հիմնավորելով էլեկտրոնային մատյանում իր դրած գնահատանիշը:
Գնահատականը դնելիս հաշվի է առնվում ոչ միայն և ոչ այնքան կատարած աշխատանքի ծավալը, որքան որակը և սեփական արդյունքների վերանայման կարողությունը:
Բաժին 3
Գնահատման համակարգ
Սովորողի պարտադիր և ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:
Գնահատումը ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար:
Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:
Սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք
4-6 միավոր
- Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ
Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանք
7-8 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
Ինքնակրթություն
9-10 միավոր
- նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն կամ ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական աշխատանք
- հետազոտական աշխատանք, հոդված, ուսումնասիրություն
Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Այս գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա:
Բաժին 4
Սովորողի պարտադիր ուսումնական աշխատանքի կազմակերպում
Դասաժամի առաջին 5-10 րոպեների ընթացքում սովորողները ծանոթանում են կոնկրետ այդ օրվա իրենց անելիքին, հարցերի միջոցով որոշակի ճշտումներ անում, այնուհետև տրվում է ժամանակ: Կապված առաջադրանքի կատարման ժամանակատարությունից ու աշխատատարությունից՝ տրվում է 20-ից 25 րոպե: Դասաժամի ավարտին՝ 5-10 րոպե, յուրաքանչյուր սովորող անհատապես ներկայացնում է կատարված աշխատանքը:
Դժվարություններ ունենալու դեպքում սովորողները դիմում են դասավանդողի օգնությանը՝ ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն:
Բաժին 5
Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի կազմակերպում
Դասարանական պարտադիր աշխատանքն ավարտելուց հետո սովորողները կարող են աշխատել նախագծերի վրա՝ աշխատանքի միջավայր ընտրելով ոչ դասասենյակը:
Սովորողների այն խմբերը, ովքեր ներգրավված են այս կամ այն նախագծում, իրենց ցանկությամբ կարող են թողնել դասասենյակը, առանձնանալ և սկսել աշխատել միասին կամ մեկուսի: Կիսատ թողնված աշխատանքը սովորողն իր ցանկությամբ կարող է շարունակել տանը կամ ավարտել մյուս օրերին՝ դասաժամերի ընթացքում:
Սովորողի ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի կազմակերպման ընթացքի համար անհրաժեշտ խորհրդատվություն դասավանդողը ապահովում է թե դպրոցում, թե տանը եղած ժամանակ՝ աշխատելով առցանց:
Բաժին 6
Ինչպես սկսել նախագիծ
Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Նախագծային աշխատանքի ընթացքում սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Արդյունավետ նախագիծ սկսելուց առաջ հարկավոր է սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծել, աշխատել համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: Անպայման հաշվի առնելով մասնակիցների նախասիրություններն ու բնական հատկությունները՝ կատարել աշխատանքի հնարավորինս հստակ բաժանում։
Նախագծի ղեկավարը կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվություն, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արդյունքի տեսքով:
Իրական նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռքբերում պիտի ունենան՝ միասին ստեղծելով շոշափելի արդյունք:
Բաժին 7
Բլոգավարությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
Քանի որ մեդիակրթությունն առանց բլոգների գրեթե անհնար է պատկերացնել, ըստ այդմ, հնարավորինս հստակ պետք է լինեն նաև բլոգավարությանը ներկայացվող պահանջները.
- տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի (շաբաթական 2-3 անգամ)
- նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
- տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից
- զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
Բլոգավարությունը ենթադրում է ուսումնական անընդհատ ու անընդմեջ շարունակական գործընթաց:
Բաժին 8
Միջանկյալ ուսումնական փաթեթ
Այն սովորողները, ովքեր ինչ-ինչ պատճառով դժվարանում են նախագծային աշխատանք իրականացնել, բայց ցանկություն և հնարավորություն ունեն ավելին անելու, կարող են օգտվել լրացուցիչ փաթեթից, որը նախապես կազմում է դասավանդողը՝ հաշվի առնելով սովորողների կարծիքը: Փաթեթում հիմնականում կարելի է ներառել մեդիանյութի հղում (ֆիլմ, հաղորդում, տեսանյութ, էլեկտրոնային տեքստ և այլն), որն անմիջական կապ ունի անցնելիք թեմայի հետ:
Սովորողը տեքտը կարդալուց, ռադիոնյութը լսելուց կամ տեսանյութը նայելուց հետո ներկայացնում է խոսքի մշակման որոշակի աշխատանք՝ կատարելով կոնկրետ առաջադրանք:
Սովորողը իր կամ ծնողի ցանկությամբ կարող է կազմել անհատական միջանկյալ փաթեթ և կատարել իր կամ ծնողի օգնությամբ կազմած հարցերն ու առաջադրանքները՝ ապահովելով խոսքի մշակման աշխատանքի որոշակի ծավալ:
Էլեկտրոնային գրքույկի տարբերակը՝ այստեղ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կազմեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Հավաքից հավաք /05. 2015թ./ | Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Սեբաստացիական մեդիադարակ