Հիշո՞ւմ եք մեր այգու կակաչներին: Սա այդ կակաչների վերջին փունջն է, մնացածի թերթիկները թափվել են: Ու ես վերջին օրերին, ոնց էլ լինի ժամանակ եմ գտնում, խելոք-խելոք գնում- նստում եմ նրանց կողքին ու լուռ նայում այդ նախշուն-նմշուն ծաղիկներին:
Նայում եմ, ինձ ու ինձ մտորում:
Նայում եմ, ինձ ու ինձ հասկանում:
Նայում եմ, ինձ ու ինձ ժպտում:
Հը, ի՞նչ կա, կակաչներ ջան, էսօր մտքներիդ կա զրուցել, հա՞: Լավ, համբերեք, սուրճ պատրաստեմ, գամ, նստենք ու հավեսով զրից անենք: Տեղ չգնաք (թե ասա, ուր պիտի գնան):
Հիմա կգամ:
Ըհը, եկա: Այ կակաչ ջան, դու հըլը մի կողմ քաշվիր՝ սուրճը վրադ չթափվի, կողքիդ էլ տեղ բացիր, նստեմ: Այ, էդպես, հիմա արդեն լավ է:
Համ նայում եմ ձեզ, համ՝ ինձ ու ինձ մտմտում. «Լավ, այ կակաչներ ջան, ինձ ինչի՞ եք քաշում, բերում, նստեցնում ձեր կողքին: Կարո՞ղ է գիտեք՝ բան ու գործ չունեմ, հը՞ն»:
Համ էլ լսում եմ. «Հա, հենց էլ չունես: Էդ ինչ կարևոր գործ ունես, որ մեզնից սիրուն է, մեզնից կարևոր է, մեզնից հաճելի է»:
Ուզում եմ հակառակվել, բայց, ախր, հո ասելո՞վ չի: Հա էլի, ճիշտ են ասում…
Խորհում եմ ու հասկանում, իրոք, ասենք թե մի գործ ավել արեցի կամ մի բան ավել կարդացի ու գլուխս մի ավել բան մտավ, է, հետո՞, ես դրանից լա՞վն եմ դառնում, ի՞նչս է ավելանում…
Նայում եմ ձեր՝ ամառային զեփյուռից մեղմորեն օրորվող կարմիր ու նուրբ գլխիկներին ու հանկարծ հասկանում, որ այդ թրթռացող շարժման մեջ մի ամբողջ փիլիսոփայություն կա հյուսված:
Փիլիսոփությունն այդ գեղեցիկի, ճաշակի ու հմայքի մասին է: Աննկատ ու թաքուն, ծիկրակող ու փախչող՝ նման այտի փոսիկի: Այն ունեցողը մինչև չի ժպտում, չես նկատում…
Այ, բայց էս սիրուն կակաչների հետ զրուցելուց հետո հաստատ հայացքիս մեջ թելիկ-մելիկ մի շող ավելացավ, սրտիս խորքում մի թրթիռ աշխույժ խլրտաց, հոգումս մի պստլիկ, շատ պուճուրիկ լույս սկսեց հետս պահմտոցի խաղալ, այտիս փոսիկն էլ ժպտալիս մի քիչ ավելի խորքից բացվեց, բա՞…
Կակաչներ ջան, էս ինչքա՜ն աղոթք ու թախիծ, կարմիր լույս ու կյանք կա ձեր մեջ, ինչքա՜ն հմայք ու հպարտ խոնարհություն, նազանք ու արևոտ ուժ: Խենթանալու բան է…
Ինձ ու ինձ ժպտո՞ւմ եմ:
Գիտեմ՝ դուք էլ եք ժպտում: Ու ձեր այս պահի ժպիտը լուսավոր կարմիր է՝ կակաչների պես…
Ն.Մ.
Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Բլոգավարություն բեմից այն կողմ` վարագույրի ետևում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)