Եթե զինվորի պարտականությունը կյանքը տալն է թագավորության համար, դա զինվորի համար պարտք է Աստծո առաջ, ոչ թե թագավորության: Աստված հոգ է տանում, որ մարդը գիտակցի դրա էությունն ու իմաստը: Այդ մարդու էությունն ու իմաստը թագավորության զինվոր լինելու մեջ է:
Պահապանների պարտականությունը ինձ պատիվ անելն է: Արդյո՞ք նրանք ինձ են ծառայում: Ես պատրվակ եմ, որպեսզի նրանք իմ միջոցով իրականացնեն իրենց պարտականությունը: Ես հանգույց եմ, որն ինձ կապում է իմ պահապանների պարտականություններին:
Պատերազմ հայտարարելով՝ ես ստեղծում եմ թշնամիներ: Ստեղծում եմ նրանց ու դաժանացնում:
Եվ ես իզուր եմ հավատացնում, որ այսօրվա բռնությունը ծնունդ է տալու վաղվա ազատության: Ես արմատավորում եմ միայն բռնություն: Կյանքին մատերի վրա չես խաղացնի: Չես խաբի ծառին, այն ձգվում է այնտեղ, որտեղ նրան ուղղորդում են: Մնացածը՝ բառերի քամի է: Եվ, եթե ինձ թվում է, որ ես այս սերունդին զոհաբերում եմ ի բարօրություն հաջորդների, ես պարզապես զոհաբերում եմ մարդկանց: Ոչ թե սրանց, ոչ թե նրանց, այլ բոլորին միանգամից: Բոլորին ես դատապարտում եմ դժբախտության: Մնացածը՝ բառերի քամի է: Եվ, եթե ես կռվում եմ հանուն խաղաղության, ես պատերազմն եմ ամրապնդում: Պատերազմի օգնությամբ խաղաղություն չի հաստատվի: Ես խաղաղություն կարող եմ հաստատել միայն խաղաղության շնորհիվ:
Ես գիտեմ մի ազատություն. սեփական հոգին մարզելու ազատություն:
Դու պտտվում ես բառի շուրջբոլորը: Ծառայիր կյանքին, և ամեն ինչ կկարգավորվի: Ծառայել կարգին՝ նշանակում է անկենդանություն տարածել: Կարգ հանուն կարգի՝ կյանքի խեղում է:
Ես գիտեմ. դեմ առ դեմ դուրս են գալիս միայն բառերը, իսկ մարդը, քայլ առ քայլ բարձրանալով վերև, ամեն ինչ տեսնում է այլ կերպ, և նրա համար չկա ոչ մի հակասություն:
Բառերի քամին ունայնություն է, ես միշտ արհամարհել եմ դրանք: Ես չեմ հավատում բանավոր հնարքների արդյունավետությանը:
Եթե դու աշխատանքի ընթացքում ժամանակ ես խնայում (ես նկատի չունեմ հանգիստը. հոգնած ձեռքերի անուժությունը, լարված մտքի ընդարմացած վիճակը), քեզ տրվում է մեռած ժամանակ:
Եթե դու կյանքը բաժանել ես երկու անհամատեղելի մասերի՝ աշխատանքի և հանգստի, ապա աշխատանքը վերածվում է լուծի, որը ցավ է պատճառում հոգուն, իսկ հանգիստը՝ դատարկ ունայնության:
Եթե դու կյանքը ապրել ես ու չես ենթարկվել հոգու կամ սրտի թելադրանքին, այլ առաջնորդվել ես որոշակի նկատառումներից ելնելով, որոնք հնարավոր է արտահայտել բառերով և, որպես ամբողջություն տեղավորել բառերի ներսում, ապա մենք քեզ հետ խոսելու ոչինչ չունենք:
Աղբյուր՝ АНТУАН ДЕ СЕНТ-ЭКЗЮПЕРИ. «Цитадель»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Էքզյուպերի» կայքէջին
Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ի սեր Աստծո, չեմ ուզում… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)