Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին

LusavorichՍուրբ Գրիգորը իր որդուն՝ Արիստակեսին, իրեն փոխանորդ նշանակելուց հետո, ինքը գնում է լեռները:

Այդ օրերից մեկի ժամանակ խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների եւ մեղավորների հոգիները ո՞ւր են գնում եւ ի՞նչ ճանապարհ են անցնում, եւ ի՞նչ է պատահում նրանց այդ ճանապարհին: Հրեշտակների հետ մերթ ընդ մերթ տեսնվելով՝ իր իմացածը պատմում էր Արիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս:

Աստված Ս. Գրիգորի խնդրանքը ընդունում է եւ մի հրեշտակ է ուղարկում: Հրեշտակը գալով՝ ասում է.

— Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ. ինչ որ ուզում ես, հարցրու:
— Ով ս. հրեշտակ, — ասում է ս.Գրիգորը, — երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել եւ իմանալ:
Հրեշտակ Այո՛, կարող է ճանաչել եւ գիտե, ինչ որ իրեն է վերաբերվում, ինչ որ պիտի լինի՝ անմիջապես հասկանում է. եթե արդար է, փառքի պիտի արժանանա, իսկ եթե մեղավոր է, չարչարանքներ պիտի կրի:
Ս. Գրիգոր – Ի՞նչ է հոգին:
Հրեշտակ — Արդարի հոգին լույսի նման է, ու արեւի պես փայլում է, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ ՙմեր արտաքին մարդը ապականվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրէ (Բ. Կորնթ. 4.16): Սա մարմնի եւ հոգու մասին է: Իսկ մեղավորի հոգին խավարի պես մշուշ է ու մեղքով սեւացած:
Ս. Գրիգոր — Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում:
Հրեշտակ — Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս ու հրեղեն սրով ենք երեւում նրան: Մեզ տեսնելուն պես՝ վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետեւ բոլոր կողմերից ենք տեսնվում: Այն ժամանակ հոգու աչքերը բացվելով՝ նա գնալիք մութ ճանապարհները եւ քաշելիք չարչարանքները բացահայտ է տեսնում: Իր շուրջը եղող ազգականներին, զավակներին եւ բարեկամներին է նայում. աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետեւ լեզուն կապված է: Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ոչ ձայնն է ելնում, ոչ էլ խոսքերն են հասկացվում:
Ս. Գրիգոր — Հոգին հրեշտա՞կն է առնում, թե ինքն իրեն է անջատվում:
Հրեշտակ — Հոգին մարմնի ցավից անջատվում է, եւ հրեշտակն առնում տանում է:
Ս. Գրիգոր — Մեղավորի հոգին ինչի՞ է նման:
Հրեշտակ — Ինչպես ասացի, մեղքերի մեջ թաղված, կեղտոտ եւ խավար մի բան է, այնպիսի գեշ հոտ ունի, որ հնարավոր չէ մոտենալ:
Ս. Գրիգոր — Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում:
Հրեշտակ — Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում: Երբ մեզ տեսնում է, հոգով — մարմնով ուրախանում է, որովհետեւ գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն եւ հանգստություն պիտի տանենք: Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ ասե­լով՝ ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք եւ մեծ պատվով տանում երկինք:
Երկնքում առաջին աստիճանին դեւեր են գալիս, բայց արդարների հոգիները արեւի պես փայլում են, որից դեւերի աչքերը շլանում են եւ չեն կարողանում նայել: Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով` քահանային խոստովանել: Սուրբ Հաղորդությունը այդ հոգու վրա մատանու ադամանդի պես է երեւում, որից դեւերը մնում են ապշած ու չեն կարողանում մոտենալ նրան:
Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արեւի պես փայլում է եւ իր ճանապարհը լուսավորում: Իսկ մեղավորի համար ամեն ինչ խավար է:
Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է ջերմացել, որ ցուրտ չի զգում:
Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է:
Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է:
Վեցերորդ աստիճանը արեւից ավելի պայծառ լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է:
Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է: Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են: Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում՝ տրմում են:
Ութերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են արդարին տեսնելով` սաղմոսներ երգելով` փառաբանելով են դիմավորում:
Վերջապես արդարի հոգին Երկնավոր Թագավորի առաջ կանգնում եւ երկրպագում է: Սուրբ Ձայնն ասում է. ՙԲարի եկար, սիրելի որդիս, աշխարհի մեջ չարչարվեցիր, հիմա հանգիստդ մտիր: Եվ հրեշտակները անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով հագցնում են նրան եւ տանում մյուս արդարների մոտ:
Ս. Գրիգոր — Մեղավորի հոգին ո՞ւր է գնում:
Հրեշտակ — Առաջին աստիճանում իրեն անթիվ դեւեր են դիմավորում՝ ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության եւ ուրիշներ՝ այլեւայլ փորձություններ տալու: Մեծ աղմուկ են հանում եւ ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել այն: Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս է, կանչում, բայց օգնություն չկա: Դեւերը չեն կարող հոգին գրավել, որովհետեւ մինչեւ դատաստանի օրը այդ արգելված է:
Երկրորդ աստիճանը խավարով է պատած: Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում, հետո տաք աստիճանում բավականին այրվելուց եւ ողբալուց հետո նեղ ճանապարհներ է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար խավար է: Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են: Ութերորդ աստիճանի Տերություններն ու Զորությունները դեմ են կանգնում եւ տանող հրեշտակին հրամայում են, որ ետ դառնա եւ մյուս մեղավորների մոտ տանի եւ մինչեւ Քրիստոսի դատաստանի օրը այնտեղ պիտի մնա: Դատաստանի օրը մարմինը հոգու հետ միանալով, դժոխքի անշեջ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից պիտի չարչարվի, ինչպես Քրիստոս է ասել. և՛ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք (Մատթ. 26. 46):
Ս. Գրիգոր – Ի՞նչ է Աստված:
Հրեշտակ — Աստված Մեկ է եւ Սուրբ ու որեւէ բանի չի նմանվում: Նրան անկարելի է տեսնել, բայց արդարները եւ սուրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն:
Ս. Գրիգոր — Երկինքը քանի՞ աստիճանից է բաղկացած եւ հրեշտակները որ աստիճանում են գտնվում:
Հրեշտակ — Երկինքը բաղկացած է տասը աստիճաններից: Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում: Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդությանն են փառաբանում:
Ս. Գրիգոր — Աստծո փառքը եւ շնորհը աշխարհին եւ մարդկանց ինչպե՞ս է տրվում:
Հրեշտակ — Աստծո շնորհը նախ հրեշտակներին է տրվում եւ հետո՝ մարդկանց:
Ս. Գրիգոր — Ննջեցյալների հոգու համար որն է ավելի օգտակար՝ պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը:
Հրեշտակ — Աղոթքը եւ ողորմությունը ննջեցյալների համար է, իսկ պահքը՝ պահողի համար: Սուրբ Պատարագ մատուցողը, եթե արդար է, ննջեցյալների համար օգտակար կլինի, եթե նրանք արդար են, իսկ մեղավորների համար որեւէ բան օգուտ չունի:
Ս. Գրիգոր — Մի մեղավոր, եթե մեռնելուց առաջ խոստովանի, մեղա ասի եւ լացով սուրբ հաղորդություն ուզի, արժանի՞ է նրան տալ:
Հրեշտակ – Այո՛, արժանի է, որովհետեւ Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուսն ասաց. ՙՆա, ով Մարմնովս եւ Արյունովս հաղորդվի, նա ինձ հետ է եւ Ես նրա հետ պիտի լինեմ: Բայց պետք է մեռնելուց առաջ հաղորդվել, որովհետեւ մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի: Եթե մեղավորի լեզուն կապվի եւ “մեղա” չասի` անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս զգուշացրեց. “Արթու՛ն եղեք, որովհետեւ չգիտեք, թե տանտերը երբ կգա”:
Ս. Գրիգոր – Ո՞ր մեղքն է ավելի մեծ եւ դատաստանի օրը ամոթահար է թողնում մարդուն:
Հրեշտակ — Այն մեղքն է մեծ, որ մարդ փոքր համարելով՝ չի խոստովանում:
Ս. Գրիգոր — Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը:
Հրեշտակ — Ինչպես մոմը կրակից է հալչում, խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը:
Ս. Գրիգոր — Մի մարդ եթե խոստովանի եւ նորից մեղք գործի, հետո նորից խոստովանի, դարձյալ թողություն կստանա՞:
Հրեշտակ – Այո՛, նորից թողություն կստանա. ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. “Եթե մեկը քո դեմ նույնիսկ 70 անգամ 7 մեղք գործի եւ մեղա ասի, պետք է ներես”: Իսկ Աստված շատ ավելի ողորմած է եւ միշտ ներում է, եթե զղջումով խոստովանեն:
Ս. Գրիգոր — Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի եւ մեռնելու ժամանակ մեղքերը հիշելով` առանց քահանայի ու խոստովանության “մեղա” ասի, թողություն կստանա”:
Հրեշտակ — Ամեն մարդ շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը, կամ գոնե տարին հինգ-վեց անգամ: Իսկ եթե քահանա չկա, կարող է որեւէ մեկին խոստովանել: Քրիստոս այն կընդունի, որովհետեւ բոլոր այն քրիստոնյաները, որոնք մկրտության Սուրբ Ավազանից են ծնվել, Սուրբ Հաղորդությանը մասնակից են եղել, Սուրբ Երրորդությունն են դավանում եւ Քրիստոսի Խաչին են երկրպագում, նրանք Իր արյունով են են գնված:
Ս. Գրիգոր – Ի՞նչ բան է պահքը:
Հրեշտակ — Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների, դեւերի դեմ է կռվում եւ սատանային արգելք է լինում, որ մարդկանց մեջ մտնելով՝ նրանց չմոլորեցնի:
Ս. Գրիգոր – Ի՞նչ բան է աղոթքը:
Հրեշտակ — Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում: Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա:
Ս. Գրիգոր – Ինչո՞ւ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է:
Հրեշտակ — Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, իսկապես այդ մարդու մահը չար է: Քանի որ դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե՝ “Հեռացեք ինձանից անիծյալներ, դեպի հավիտենական կրակի մեջ, որովհետեւ միշտ սատանայի հետեւից գնացիք”: Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում:
Ս. Գրի­գոր – Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել:
Հրեշտակ – Այո՛, որովհետեւ արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած համարեց եւ իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց: Դրա համար արդարի մահը սուրբ է: Նա միշտ սպասում է մահվան, ինչպես Պողոս առաքյալն է ասում. “Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ եւ Քրիստոսի մոտ գնալ”, որովհետեւ արդարների համար այս աշխարհը բանտ է:
Ս. Գրիգոր — Դատաստանի օրը մարդուն իր գործերի համեմատ ի՞նչ է տրվելու:
Հրեշտակ — Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես ոչ աչքն է տեսել, ոչ էլ ականջը լսել եւ ոչ էլ մարդ կարող է երեւակայել: Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվի: Արքայության փառքը մտքից վեր է եւ դժոխքի չարչարանքն էլ խելքից դուրս է:
Ս. Գրիգոր – Ո՞ր գործն է ավելի օգտակար:
Հրեշտակ — Զղջումը, խոստովանությունը եւ ապաշխարությունը: Ով այս երեք գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունը պատրաստ է:
Ս. Գրիգոր – Ո՞ր գործն է ամենավատը:
Հրեշտակ — Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի. այդպիսին, անտարակույս, հավիտենական դժոխք կգնա:
Ս. Գրիգոր — Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ:
Հրեշտակ — Եթե բոլորովին զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետեւ, եթե ողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր:
Ս. Գրիգոր — Մարմնից դուրս եկած հոգիները ի՞նչ են ցանկանում:
Հրեշտակ — Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրը իր վիճակը ի՞նչ պիտի լինի եւ դժոխքի չարչարանքները մտաբերելով` միշտ լալիս է:
Ս. Գրիգոր — Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում են:
Հրեշտակ — Անպայման հիշում են: Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն եւ Սուրբ Պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգեւի ու փրկի զանազան փորձություններից. հակառակ պարագայում՝ անհիշատակ կմնան:
Ս. Գրիգոր — Հոգիները կարո՞ղ են իրար տեսնել, ճանաչել, սիրել ունել:
Հրեշտակ — Տեսնել չլիներ՝ կույրի պես կլինեին: Ճանաչել եւ սիրել չլի­ներ՝ անասունի պես կլինեին:
Ս. Գրիգոր — Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց:
Հրեշտակ — Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգեւոր սեր ունեն միմյանց հանդեպ:
Ու բոլորը հավիտենական փառքով զարդարված, անդադար ուրախությամբ փառաբանում են Աստծուն:
Աղբյուրը՝  Qahana.am-ի ֆեյսբուքյան էջ
Լուսանկարում` Գր. Լուսավորչի պատկերը Ս. Բեթղեհեմի եկեղեցում, 1628 թ., Նոր Ջուղա: Եկեղեցին կառուցվել է խոջա Պետրոս Վելիջանյանի միջոցներով։
Լուս.` Կարեն Մաթևոսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին

  1. Уведомление: Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գյուտ նշխարաց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Երկրորդ Ծաղկազարդ (Արմաւենեաց կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Երկրորդ Ծաղկազարդ (Արմաւենեաց կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Երկրորդ Ծաղկազարդը-2 Ծաղկազարդը | Լիրա Խաչատրյանի բլոգ

  9. Уведомление: Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий