Նախանձ կամ հիացում

papaver

Ո՜նց էի կարոտել բլոգիս…Արդեն քանի օր է` անհամբեր սպասում էի, որ զրուցեմ հետը,
իսկ ինքը խելոք-խելոք լսի ինձ, թաքուն ուրախանա իմ ուրախությամբ, տխրի իմ տխրությամբ, ինձ հետ մթնի ու լուսավորվի, հուզվի ու ալեկոծվի, պայմանով, որ հետո խաղաղվի: Ինչից խոսենք, հը՞ն: Սպասի՛ր, թող մտածեմ:
Լա՛վ, արի այս անգամ էլ նախանձից խոսենք:
 -Իսկ ինչո՞ւ նախանձից,-հավանաբար զարմացած կհարցնես դու:
Դե՛, մի բանից պիտի խոսենք, թե չէ:
Գիտե՞ս, զարմանալի բան է հոգու քերականությունը: Քերականության այդ տեսակը արտացոլվում է աչքերում, հայացքում, ձեռքերում, շարժումներում, ժեստերում, մի խոսքով` այն ամենի մեջ, ինչը կապ ունի մարդու ներաշխարհի հետ:
Մարդիկ, պարզվում է, միամիտ արարածներ են: Նրանց թվում է` իրենք կարողանում են քողարկվել բառերով կամ լռությամբ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Չեն էլ հասցնում զգալ, որ իրենց աչքերի խորքում առկայծող նախանձն ու խանդը, սերն ու հիացմունքը, միևնույնն է, գալիս ու քո ականջին շշնջում է բառեր, լռությունն էլ իր հերթին է խոսում:
Ու քեզ մնում է միայն լսել ու կարդալ…
Պարզվում է`  «նախանձ» բառի ծագումն անհայտ է: Այդպես է կարծում ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը: Իսկ ես բոլոր հիմքերն ունեմ հավատալու իմ դասախոսին: Հենց այս պահին, տարիների հեռավորությունից լողալով եկավ ու մտքիս դարպասների մոտ կանգ առավ հետևյալ պատկերը: «Լեզվաբանության տեսություն» կոչվող չափազանց «ծանր» առարկայից (բանասերները կհասկանան) քննություն եմ հանձնում: Հարցաթերթիկը քաշեցի ու .. կարկամեցի: Ջահուկյանը գլուխը բարձրացրեց, ակնդետ նայեց ու, ի զարմանս ինձ, ասաց.
-Այսօր երազում հենց այդ հարցաթերթիկն էր քեզ բաժին ընկել ու դու էլ առավոտ շուտ հենց այդ հարցերն ես կրկնել, այդպես չէ՞:
Գլխով արեցի: Կատարվածն այնքան անսպասելի էր, որ դժվարանում էի կենտրոնանալ: Իսկ, երբ պատասխանելու իմ հերթը հասավ, Ջահուկյանը լուռ ձեռքիցս վերցրեց ստուգման գրքույկն ու կամացուկ, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ, ասաց.
-Ես  գիտեմ `  վատ կզգաս, որ քեզ «բարձր» գնահատեմ, բայց ես էլ չեմ ուզում քեզ «ցածր» դնել, ուստի և` 4 ես ստանում: Վերցրո՛ւ գրքույկդ: Կարող ես գնալ…
Հա, էն էի ասում, որ լեզվաբան Ջահուկյանի կարծիքով, «նախանձ» բառի ծագումն անհայտ է: Այն, ըստ Ջահուկյանի, կապ ունի «խանդի»  հետ, պարզվում է` «խանդն» ու «խանձը» նույն արմատն ունեն. *s(kand): Ըստ Հրաչյա Աճառյանի, բնիկ հնդեվրոպական այդ բառը նշանակում է վառվել, այրվել:
Գրում եմ նախանձի` վառվել-այրվելու մասին ու ինձ լավ եմ զգում, որ չեմ իրիցել (մշեցի տատիս բառն է), ասել է թե` խանձվել:
Չխանձվելուս պատճառը, գուցե թե, կապ ունի իմ` մորական կողմից ոչ հայկական արմատների հետ (ներող, ժողովուրդ ջան, բայց պիտի ասեմ` հայերս չուզող մարդիկ ենք): Բանն այն է, որ Մուխալ պապիս մայրը`  Ֆենյա տատը կազակուհի էր ու ոչ ավել, ոչ պակաս` Վասիլի Չապաևի զարմուհին: Սա երևույթի, թերս, գենետիկ բացատրությունը:
Հիմա էլ աչքիս առաջ հառնեց Ֆենյա տատի սիլուետը: Թեև պատկառելի տարիք ուներ, բայց դույզն-ինչ չէր կռացել: Բարձրահասակ էր, սև մազեր ուներ (այդպես էլ մազերը չճերմակեցին), քայլում էր մեջքը ուղիղ, գլուխը բարձր պահած: Մարդասեր, կենսուրախ, մաքրակենցաղ, շիտակ, հավեսը տեղը կին էր: Չեմ կարող ասել, դժվարանո՞ւմ էր, թե՞ չուզեց սովորել, բայց այդպես էլ ամբողջ կյանքում չխոսեց հայերեն: Խոսում էր Կուբանի կազակներին բնորոշ խոսվածքով` ոչ այն է ուկրաիներեն, ոչ այն է` ռուսերեն:
Իսկ հիմա իմ բացատրությունը: Կարծում եմ` ես չեմ նախանձում, որովհետև …սովորել եմ հիանալ: Հիանում եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր որևէ բանով գերազանցում են ինձ: Հրճվանք եմ ապրում, երբ մարդիկ ինձանից լավն են լինում ու խելացի, գեղեցիկ են լինում ու հմայիչ, բարի են լինում ու արդարամիտ, նրբազգաց են լինում ու հետաքրքիր, երբ ինչ-որ բան ինձանից շնորհքով են անում (չկասկածեք` կարող եմ անվերջ ու անընդհատ շարունակել այս հիասքանչ շարքը):
Հիանում եմ, որովհետև այդ մարդկանց գոյությունը ինձ թևեր է տալիս, պաշտպանում է ու ապրելու ուժ տալիս:
Հիանում եմ, որովհետև այդ մարդկանց ներկայությամբ իմ գոյությունն է հաստատվում ու նրանց ապրած կյանքով` իմ կյանքն իմաստավորվում…
Փա՜ռքդ շատ, Տեր Աստված, շնորհակա՜լ եմ, որ նման մարդիկ կան, ու ես բախտավորություն ունեմ ժամանակ առ ժամանակ հիանալու`  գոհանալու և սքանչանալու նրանցով…

Ն.Մ.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Նախանձ կամ հիացում

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խոնարհումս, մամ․․․ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s