
Покровский монастырь
Ես վատ գիտեմ ռուս ուղղափառ եկեղեցու, նրա սրբերի մասին: Քիչումիչ թարգմանել եմ ռուս եկեղեցու հայրեր Սիմեոն Աֆոնսկու և Անտոնի Սուրոժսկու գործերից: Մի քանի անգամ մտել եմ ռուսական եկեղեցի, պատարագից հատված լսել:
Մոսկվա իմ այս այցելության ժամանակ առիթ եղավ տեսնել Ս. Մատրոնա Մոսկվացու սրբապատկերը: Այս սուրբը լայն ճանաչում ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նրա սահմաններից դուրս: Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր շատ մարդիկ են գալիս` մոտիկից տեսնելու այս սրբի մասունքներն ու սրբապատկերը: Այցելուների հերթը ձգվում է եկեղեցու տարածքից դուրս: Դեռ գիշերվանից մարդիկ հերթ են պահում, որպեսզի կարողանան մուտք գործել եկեղեցու տարածք:
Հաշվի առնելով մոսկովյան ավտոճանապարհների մշտական խցանումները, մենք տնից դուրս եկանք առավոտ վաղ` ժամը 5.30-ին: Ժամը 6-ին մենաստանի հարակից տարածքում արդեն ասեղ գցելու տեղ չկար: Հաշվի առնելով այցելուների հոսքը` եկեղեցին կիրակի օրերին բացվում է ժամը 6-ին, մնացած օրերին` ժամը 7-ին: Հատուկ այդ նպատակով Մոսկվա եկած մարդկանց համար կից կառուցվել և գործում է «Պոկրովսկի» հյուրանոցը: Մոսկվայի կենտրոնական Տագանսկի փողոցում գտնվող Պոկրովսկի մենաստանը օրական ունենում է 10 000-ից ավել այցելու:
Եկեղեցու բակ մտնելուց հետո անվերջանալի թվացող մարդկային հերթը բաժանվում է երկու մասի` սրբապատկերի մոտ գնացողների և Մատրոնայի մասունքներին հաղորդակից ցանկացողների: Հետո պարզվեց, որ ես հայտնվել էի Ս. Մատրոնայի սրբապատկերի առաջ կանգնել ցանկացողների շարքում: Ժամանակ ինչքան ուզես, ինչ էր ինձ մնում անել, եթե ոչ ուսումնասիրել տեղանքը, մարդկանց, հայացքները: Տարատարիք մարդիկ էին` կանայք, տղամարդիկ, երեխաներ: Ընդ որում, բոլորի ձեռքին ծաղիկներ կային, իսկ կանայք պարտադիր կերպով զգեստով էին ու գլխաշորով:
Ինչպես այստեղ, այնպես էլ բոլոր մարդաշատ վայրերում (իսկ այդպիսիք շատ-շատ են Մոսկվայում), կանգնած են հատուկ համազգեստ հագած ու հատուկ սարքավորումներ ունեցող հսկիչներ:
Հերթը հասնում է քեզ, դու մոտենում ես սրբապատկերին, լուռ կանգնում. իրավունք չունես մեկ րոպեից ավել կանգնել, ձեռքիդ ծաղիկները դնում ես ջրով լի ամանի մեջ ու հեռանում, որպեսզի մյուսներն էլ հնարավորություն ունենան հաղորդակցվելու սրբապատկերի զորությանը: Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրհնվում են, և թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին: Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով:
Հիմա պատմեմ այն, ինչ այս ընթացքում հասցրեցի իմանալ Մատրոնա Մոսկվացու մասին: Նա ծնվել է 1881 թ. նոյեմբերի 22-ին: Ընտանիքի չորրորդ երեխան է եղել: Ծնվել է աչքերը փակ, եղել է կույր, իսկ մարմնին խաչի տեսքով նշան է ունեցել: Նա ութ տարեկանից սկսել է գուշակել ապագան և բժշկել մարդկանց:
1925 թվականին Մատրոնան վերջնականապես տեղափոխվել է Մոսկվա: Ըստ Մատրոնայի` Մոսկվան սուրբ քաղաք է: Նա ապրել է տարբեր մարդկանց տներում` տեղափոխվելով տնից տուն: Անհավատության տարիներ էին, և նրան ամենուր հետևում էին:
Պայծառատեսը գուշակել է անգամ իր մահվան օրը, սակայն մինչև վերջին օրը շարունակել է ընդունել օգնության եկած մարդկանց: Նա մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին: Նրա գերեզմանը այսօր էլ սրբատեղի է, այցելում են հազարավոր մարդիկ:
1999 թվ.-ին Ռուս Ուղղափառ եկեղեցին Մատրոնային դասել է Սրբերի շարք` մասունքները համարելով սրբություն:
Արդեն իրականություն են դարձել Սուրբ Մատրոնայի մարգարեությունները` Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը, Հայրենական երկրորդ պատերազմը, Գերմանիայի անկումը, Սովետմիության փլուզումը, ռուս-ամերիկյան և ռուս-ուկրաինական հակամարտությունները, Եվրոմիության պառակտումը, Մերձավոր Արևելքի պատերազմը, փախստականների գերխնդիրը, աշխարհում օրեցօր խորացող առանց պատերազմների սառը պատերազմները, ահաբեկչական ակտները, տնտեսական, քաղաքական, էկոլոգիական ճգնաժամերը:
Աշխարհին պատուհասած բոլոր դժբախտությունների պատճառը, ըստ Ս. Մատրոնայի, հոգևոր դաշտից շեղումն է: «Կգա ժամանակ, երբ ձեր առջև կդնեն հաց և խաչ: Եվ կասեն` ընտրե՛ք»:
Մարդկությունն իր ընտրությունը կատարել է, ընտրել է հացը, ասել է թե` նյութական արժեքները: Մինչդեռ ճանապարհը մեկն է` Խաչը: Միայն թե պետք չէ մարդուն պարտադրանքով ուղղել դեպի խաչը:
«Հավատացե՛ք, աղոթե՛ք և կփրկվե՛ք»,-ահա Մատրոնա Մոսկվացու պատգամը:
Ի դեպ, Ս. Մատրոնան մահվանից առաջ, որպես աշխարհի ամենադրամատիկ և միաժամանակ բեկումնային տարի, նշել է 2017 թվականը: Մարդիկ կսովորեն սիրել իրար, նրանց կտրվի ըստ իրենց հավատի չափի:
Ս. Մատրոնայի մասին այսքանը գիտեմ: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել svyatmatrona.ru կայք:
Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)