Բարի երեկո, սիրելի երիտասարդներ։ Բարի է, որ այստեղ եմ, ձեզ հետ իրիկնային այս արթուն աղոթքի պահին։
Ականատեսի իր ցնցող և հուզիչ պատմության վերջում Ռենդը մի բան խնդրեց մեզնից: Նա ասաց. «Ջերմեռանդորեն խնդրում եմ ձեզ աղոթել իմ սիրելի երկրի համար»: Պատերազմի, վշտի ու կորստի նրա պատմությունն ավարտվեց աղոթքի խնդրանքով: Կարո՞ղ է մեր իրիկնային հսկումը սկսելու ավելի լավ ձև լինել, քան աղոթելը:
Մենք այստեղ ենք եկել աշխարհի տարբեր մասերից, տարբեր մայրցամաքներից, երկրներից, լեզուներից, մշակույթներից ու ժողովուրդներից: Հնարավոր է, որ մեզնից ոմանք այն ժողովուրդների դուստրեր ու որդիներ են, որ տարաձայնություններ ունեն, ներքաշված են տարբեր հակամարտություններում, նույնիսկ բաց պատերազմում: Մյուսներն էլ գուցե «խաղաղ» երկրներից են, որտեղ պատերազմ և հակամարտություն չկան, որտեղ մեր աշխարհում պատահող բոլոր սարսափելի բաները սոսկ երեկոյան լուրերի պատմություններ են: Բայց մտածեք այդ մասին: Այսօր այստեղ մեզ համար, որ եկել ենք աշխարհի տարբեր մասերից, տառապանքը և պատերազմները, որ այժմյան շատ երիտասարդների համար փորձություն են, անանուն չեն այլևս, որոնց մասին կարդում ենք լրագրերում: Դրանք անուն ունեն, դեմք ունեն, պատմություն ունեն, շատ մոտ են մեզ: Այսօր պատերազմը Սիրիայում այնքա՜ն շատ մարդկանց է ցավ պատճառել, այնքա՜ն շատ երիտասարդների, ինչպիսին մեր Ռենդն է, որ եկել է այստեղ և խնդրում է, որ աղոթենք իր սիրելի երկրի համար:
Որոշ իրավիճակներ մեզնից հեռու են թվում, մինչև որևէ կերպ չենք առնչվում դրանց: Մենք չենք գնահատում դրանք, որովհետև տեսնում ենք միայն մեր հեռախոսի կամ համակարգչի էկրանին: Բայց երբ իրական կյանքում ենք, իրական մարդկանց կյանքերին ենք առնչվում, այլ ոչ թե սոսկ էկրանի պատկերների, ինչ-որ զորեղ բան է պատահում: Մենք ներգրավվելու կարիք ենք զգում. հասկանում ենք, որ չկան «մոռացված քաղաքներ», ուզում ենք Ռենդի կամ «մահով ու սպանությամբ շրջապատված», լիովին անօգնական վիճակում գտնվող մեր այլ եղբայրների ու քույրերի բառերը գործածել: Սիրելի ընկերներ, խնդրում եմ միասին աղոթել պատերազմի բոլոր զոհերի տառապանքների և սիրելի Սիրիայի և մեր աշխարհի այլ մասերի շատ ու շատ տառապող ընտանիքների համար: Մեկընդմիշտ գիտակցենք, որ ոչինչ չի կարող արդարացնել եղբոր կամ քրոջ արյունը հեղելը, որ ոչինչ ավելի թանկ չէ, որքան մեր կողքի անձը:
Երբ խնդրում եմ ձեզ աղոթել այս ամենի համար, ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Նատալյային և Միգելին, որ իրենց կռիվների ու ներքին հակադրությունների մասին պատմեցին մեզ: Դուք ասացիք մեզ, թե ինչպես եք պայքարել, և ինչպես է ձեզ հաջողվել հաղթահարել դրանք: Դուք երկուսդ էլ կենդանի մարմնացումն եք այն բանի, ինչն ուզում է մեր մեջ սերմանել Աստծո ողորմածությունը:
Որևէ մեկին մեղադրելու կամ որևէ մեկի հետ կռվելու ժամանակը չէ հիմա: Մենք չենք ուզում ավերել: Չենք ցանկանում ատելություն շահել ատելությամբ, բռնություն՝ բռնությամբ, ահաբեկչություն՝ ահաբեկչությամբ: Այսօր մենք այստեղ ենք, որովհետև Տերն է մեզ հավաքել այստեղ: Պատերազմող աշխարհին մեր պատասխանն անուն ունի. դրա անունը եղբայրություն է, դրա անունը համախոհություն է, դրա անունը ընտանիք է: Մենք համար տոն է այն փաստը, որ լինելով տարբեր մշակույթների կրողներ՝ հիմա միասին ենք աղոթում:
Եկեք Տիրոջ առաջ դնենք մեր ընկերների վկայությունները և եկեք համադրենք դրանք այն մարդկանց կեցության հետ, ում համար «ընտանիքը նշանակություն չունեցող հասկացություն է, տունն էլ միայն՝ քնելու և ուտելու տեղ», և նրանց, որ ապրում են վախով, որոնց սխալներն ու մեղքերը վտարանդի են դարձրել իրենց: Եկեք Տիրոջ առաջ դնենք նաև ձեր սեփական «վեճերը», ներքին պայքարը, որ ձեզնից յուրաքանչյուրն իր սրտում է կրում:
Մինչ մենք աղոթում էինք, ես մտածեցի Առաքյալների մասին, Հոգեգալստյան օրը: Նրանց պատկերը մեզ կօգնի գնահատել այն ամենը, ինչ Աստված ուզում է սերմանել մեր կյանքերում, մեր մեջ ու մեզ հետ:
Այդ օրը Հիսուսի աշակերտները միասին էին՝ կողպված դռների ետևում, վախով համակված: Շրջապատված հալածանքի մթնոլորտով՝ նրանք սպառնալիք էին զգում, որը փոքր սենյակի անկյունն էր քշել նրանց, և նրանք պապանձված էին ու կաթվածահար: Վախն էր համակել նրանց: Հետո այդ իրավիճակում ինչ-որ տպավորիչ ու ազդեցիկ բան եղավ: Սուրբ Հոգին և կրակի լեզուներն իջան նրանց վրա՝ առաջ մղելով նրանց դեպի աներազելի արկածներ:
Այստեղ մենք լսեցինք երեք վկայություններ: Մեր սրտերն ազդվեցին նրանց պատմություններից, ապրած կյանքերից և տեսանք, թե ինչպես Հիսուսի աշակերտների նման նրանք նույնանման պահեր են ապրել, մեծ վախի պահեր, երբ թվում էր, որ ամեն ինչ կործանվում է: Վախ ու տառապանք, որ առաջանում էր այն բանից, որ տնից դուրս գալը նշանակում է, որ կարող է այլևս երբեք չտեսնես հարազատներիդ. այլևս չգնահատվելու ու չսիրվելու վախ, ընտրություն չունենալու վախ: Նրանք այնպիսի վախ են ապրել, որը միայն մի բանի է հասցնում՝ թակարդի մեջ ընկածի զգացողությամբ համակվելուն: Երբ զգում ենք դա, մեր վախը անխուսափելիորեն միանում է իր «երկվորյակ քրոջը»՝ կաթվածահար լինելուն: Մտածել, որ այս աշխարհում, մեր քաղաքներում և համայնքներում այլևս տեղ չկա մեծանալու, երազելու, ստեղծելու, հորիզոնով զմայլվելու, մի խոսքով՝ ապրելու. սա ամենավատ բաներից մեկն է, որ կարող է պատահել մեր կյանքում: Երբ մենք կաթվածահար ենք, զրկվում ենք ուրիշ մարդկանց հանդիպելու հմայքից, նոր ընկերներ ձեռք բերելուց, միասին երազելուց, միմյանց հետ զբոսնելուց:
Բայց կյանքում կա կաթվածահար լինելու մեկ ուրիշ, նույնիսկ ավելի վտանգավոր տեսակ: Հեշտ չէ դա մատնանշելը: Ես որպես մի կաթվածահար վիճակ եմ նկարագրում այն, որ լինում է, երբ երջանկությունը շփոթում ենք բազմոցի հետ: Այլ կերպ ասած՝ մտածելը, որ երջանիկ լինելու համար մեզ միայն մի լավ բազմոց է հարկավոր՝ բազմոց, որ օգնում է հարմարավետ զգալ, հանգիստ ու ապահով, բազմոց, որ մերսող սարք ունի իր մեջ, որ օգնում է մեզ հեշտությամբ քուն մտնել, բազմոց, որ մեզ խոստանում է հարմարավետություն ժամեր, որպեսզի մենք փախչենք դեպի տեսախաղերի աշխարհը և մեր ամբողջ ժամանակը ծախսենք համակարգչի էկրանի առջև, բազմոց, որը մեզ հեռու է պահում որևէ ցավից ու վախից, բազմոց, որը մեզ թույլ է տալիս մնալ տանը՝ առանց մտածելու կամ անհանգստանալու որևէ բանի մասին, «բազմոց-երջանկություն»:
Դա, հավանաբար, կաթվածահար լինելու ամենավնասակար ու նենգ ձևն է, քանի որ կամաց-կամաց, առանց նույնիսկ գիտակցելու, սկսում ենք նիրհել, դառնում ենք ալարկոտ ու ձանձրացող, մինչդեռ ուրիշները՝ ավելի զգոն, քան մենք, բայց ոչ անպայման ավելի լավը, քան մենք, մեր փոխարեն մեր ապագայի մասին որոշումներ են կայացնում: Իրականում շատերի համար ալարկոտ ու ձանձրացող, երջանկությունը բազմոցի հետ շփոթող երեխաներ ունենալն շատ ավելի հանգիստ ու ընդունելի է: Շատ մարդկանց համար դա ավելի հարմար է, քան աշխույժ ու պրպտող երեխաներ ունենալ, որոնք փորձում են արձագանքել Աստծո երազանքին և մարդկային սրտի ներկա տագնապներին:
Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհ չենք եկել «բուծվելու», թեթև ապրելու, մեր կյանքը քնելուն հարմար բազմոց դարձնելու: Ո՛չ, մենք այլ բանի համար ենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքով առանց որևէ հետք թողնելու անցնելը: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը:
Սա ինքնին կաթվածահար լինելու մի ահավոր ձև է, երբ սկսում ենք մտածել, որ երջանկությունը հարմարավետությունն ու հարմարությունն է, որ երջանիկ լինելը կյանքը քնած կամ էլ թմրադեղերով ապրելն է, և երջանիկ լինելու միակ ձևը թմբիրում ապրելն է: Թմրանյութ օգտագործելը, անշուշտ, վատ բան է, բայց կան նաև շատ ուրիշ, հասարակության կողմից ընդունելի թմրանյութեր, որոնք կարող են նույն կերպ մեզ ստրկացնել: Մեկը՝ մի ձևով, մյուսը՝ այլ, երկուսն էլ խլում են մեզնից մեր ամենամեծ գանձը՝ ազատությունը:
Իմ ընկերներ, Հիսուսը խիզախումի, անընդհատ ավելին անելու Աստվածն է: Հիսուսը հարմարավետության, ապահովության ու հեշտ կյանքի Աստվածը չէ: Հիսուսին հետևելը պահանջում է քաջության մի մեծ չափաբաժին, բազմոցը քայլարշավի մի զույգ կոշիկի հետ փոխելու և դեռևս չտրորված տեղերում արահետներ բացելու պատրաստակամություն:
Դեպի նոր հորիզոնները տանող արահետներ բացեք և ունակ եղեք ուրախություն տարածելու՝ ուրախություն, որը Աստծո սիրուց ծնվում և նրա ողորմածությամբ ձեր սրտերն է լցվում: Ունակ եղեք մեր Աստծո «խենթության» արահետը բռնելու, որ սովորեցնում է մեզ Տիրոջը հանդիպել քաղցյալների, ծարավների, մերկերի, հիվանդների մեջ, ինչպես նաև անախորժության մեջ ընկած ընկերոջ, բանտարկյալի, փախստականի, ներգաղթյալի ու մեր լքված հարևանների մեջ:
Ունակ եղեք գնալու մեր Աստծո արահետով, ով քաջալերում է մեզ դառնալու քաղաքագետներ, մտածողներ, հասարակական ակտիվիստներ: Աստված պատվիրում է մեզ համերախշությամբ տոգորված ստեղծել մեր տնտեսությունը: Որտեղ էլ որ գտնեք ինքներդ ձեզ, Աստծո սիրով միշտ ավետիսի եք արժանանում՝ դարձնելով ձեր կյանքը մի ընծա նրա և ուրիշների համար:
Դուք կարող եք ասել ինձ. «Հայր, դա միայն մի քանի ընտրյալների համար է, այլ ոչ ամենքի»: Ճիշտ է, և այդ մի քանիսը բոլոր նրանք են, որ պատրաստ են կիսելու իրենց կյանքերը ուրիշների հետ: Ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Հոգին վերափոխեց աշակերտների սրտերը Հոգեգալստյան օրը, նույն կերպ էլ նա վարվեց մեր ընկերների հետ, որ պատմեցին իրենց վկայությունները: Միգել, ես կգործածեմ քո իսկ բառերը: Դու մեզ ասացիր, որ հենց նույն օրը, երբ նրանք քեզ վստահեցին նոր պատասխանատվության աշխատանք, դու սկսեցիր հասկանալ, որ Աստված քեզնից բան է խնդրում: Հենց այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվեց:
Դա է գաղտնիքը, սիրելի ընկերներ: Աստված մի բան է ակնկալում ձեզնից: Աստված մի բան է ուզում ձեզանից: Աստված հույս է դրել ձեզ վրա: Աստված գալիս է փլուզելու մեր սարքած բոլոր ցանկապատերը: Նա գալիս է բացելու մեր կյանքի դռները, երազանքները և բացահայտելու իրերը տեսնելու մեր ձևերը:
Աստված գալիս է բացելու այն, ինչում դուք փակված եք: Նա ոգևորում է ձեզ, որ երազեք: Նա ուզում է ձեզ հասկացնել, որ ձեր միջոցով աշխարհը կարող է փոխվել: Փաստն այն է, որ եթե դու ինքդ առավելագույնը չանես, աշխարհը երբեք չի փոխվի:
Մեր ժամանակները բազմոցին նստող ծույլերի համար չեն, այլ նրանց համար, որ կոշիկ են հագած. այսօրվա աշխարհը պահանջում է, որ դուք լինեք պատմություն կերտողներ, որովհետև կյանքը միշտ գեղեցիկ է, երբ ընտրում ենք այն լիարժեք ապրելու համար, երբ որոշում ենք հետք թողնել: Այսօր պատմությունը կոչ է անում մեզ պաշտպանել մեր արժանապատվությունը և չթողնել, որ ուրիշները որոշեն մեր ապագան:
Ինչպես որ արեց Հոգեգալստյան օրը, Տերն ուզում է ամենամեծ հրաշքներից մեկը գործել: Նա ուզում է ձեր ձեռքերը, իմ ձեռքերը, մեր ձեռքերը հաշտության, համախոհության ու ստեղծականության նշաններ դարձնել: Նա ուզում է, որ ձեր ձեռքերը շարունակեն կառուցել այսօրվա աշխարհը: Եվ նա ուզում է ձեզ հետ կառուցել այդ աշխարհը:
Դուք կարող եք ասել. «Հայր, բայց մենք մեր սահմաններն ունենք. ես մեղք եմ գործել: Ի՞նչ անեմ»։ Երբ Աստված այցելում է մեզ, նրա համար կարևոր չէ, թե ինչ ենք մենք, ինչ ենք եղել և կամ ինչ ենք արել կամ չենք արել: Ընդհակառակը, երբ նա այցելում է մեզ, մտածում է այն ամենի մասին, ինչ մենք տալու ենք, ամբողջ սիրո մասին, որ ունակ ենք տածելու: Նրա ներդրումը ապագայի է, վաղվա համար է: Հիսուսը քո ապագան է մատնանշում:
Այսպիսով, իմ ընկերներ, Հիսուսը հրավիրում է ձեզ, կոչ է անում ձեզ հետք թողնել կյանքում, պատմության մեջ հետք թողնել՝ ձեր սեփական հետքը, ինչպես նաև շատ ուրիշներինը:
Մեր օրերում կյանքը թելադրում է, թե շատ ավելի հեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, ինչ մեզ բաժանում է, իրարից անջատ պահում: Մարդիկ փորձում են ստիպել մեզ հավատալ, որ ներփակված լինելը ապահով և վնասից հեռու լինելու ամենալավ ձևն է: Այսօր մենք՝ մեծահասակներս, կարիք ունենք ձեզնից սովորելու ապրել բազմազանության ու երկխոսության մեջ. ոչ թե որպես սպառնալիք ընդունենք բազմամշակութայնությունը, այլ որպես նոր հնարավորություն:
Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել, քան պատեր: Եղբայրության արահետով գնալու մարտահրավեր նետեք մեզ: Կառուցեք կամուրջներ… Գիտեք, թե որն առաջին կամուրջը, որը պետք է կառուցվի: Դա կամուրջ է, որ կարող ենք այստեղ կառուցել՝ մեկնելով և բռնելով միմյանց ձեռքերը: Բռնեք միմյանց ձեռքերը: Սա եղբայրության մեծ կամուրջ է, և թող այս աշխարհի զորեղները նույնը սովորեն անել… ոչ ինչպես երեկոյան լուրերի համար նկարներում են անում, այլ իրական, ավելի մեծ ու հավերժ ձեռքսեղմումներով կամուրջներ: Թող որ այս մարդկային կամուրջը շատ շատ ուրիշ կամուրջների սկիզբը լինի: Այդ ձևով հետք կթողնվի կյանքում:
Այսօր Հիսուսը, որ մեր ճանապարհն է, ճշմարտությունն է ու կյանքը, կոչ է անում ձեզ հետք թողնել պատմության մեջ: Նա, ով կյանքն է, խնդրում է ձեզնից յուրաքանչյուրին հետք թողնել ձեր սեփական և շատ ուրիշների պատմության մեջ: Նա, ով ճշմարտությունն է, խնդրում է ձեզ լքել մերժման, բաժանման և ունայնության արահետները: Դուք հակված ե՞ք անելու դա: Ձեր ձեռքերով և ոտքերով ի՞նչ պատասխան կտաք Տիրոջը, ով մեր ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը:
«Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումար
Կրակով, 2016թ. հուլիսի 30
Աղբյուրը` ashotbleyan.mskh.am
Սկզբնաղբյուրը՝ Pope Francis’s address at World Youth Day Prayer Vigil
Անգլերենից թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի
Уведомление: 2016-2017 ուս. տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 2016-2017 ուսումնական տարի. հաջողված նմուշներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մտքեր Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)