Չգիտեմ` Պարսկահայքից հետս ինչ կբերեմ որպես ուխտի խորհրդանիշ: Առայժմ կարող եմ ասել միայն, թե որն է Պարսկահայք ուխտագնացության իմ խորհրդանիշը` սուրբ Թադեի վանքը:
Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Առաքելական է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը` Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Առաքյալների գործունեության արդյունքում` 301 թվականին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն:
Առաջինը Հայաստան է գալիս Թադեոսը, ով հայտնի է նաեւ Ղեբեոս (Մտթ. Ժ 3) եւ Հուդա (Ղուկ. Զ 16, Գործք Ա 13) անուններով: Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետեւ Եդեսիայում (Ուռհա), որտեղ բազմաթիվ հրաշքներ է գործում եւ բուժում Աբգար թագավորին, ապա գալիս է Հայաստան եւ սկսում քարոզել ու բժշկումներ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ գտնվում էր հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցը: Առաքյալի քարոզչությամբ բազմաթիվ մարդիկ դարձի են գալիս, որոնց թվում էր նաեւ արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինիս համոզելու եկած իշխանն ու նրա ուղեկիցները, անգամ բանտապահները նույնպես քրիստոնեություն են ընդունում: Արքան հրամայում է սպանել շատերին, սակայն Սանդուխտն անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել ցանկացող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը:
Իսկ Թադեոսին Սանատրուկը նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում: Նրա նահատակության պահին հանկարծ լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, եւ առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ:
Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարները: Ցայսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադեի վանքը:
Իբրև հայ եկեղեցու հիմնադրի` Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթքներ և շարականներ: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ:
Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին` Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է Էջմիածնում:
Պատմահայր Խորենացին, խոսելով Թադեոսի մասին, գրում է, որ հայերիս վիճակվեց նաև Բարդուղիմեոս առաքյալը: Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաև Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), նույնպես Հիսուսի տասներկու աշակերտներից էր, ում Տերը բնորոշել էր որպես մի «ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. Ա 47), եւ ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ:
Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում մինչեւ Հնդկաստան, այնուհետեւ ութ պարսիկ հետեւորդների հետ անցնում Հայաստան: Արտաշատի բլրի մոտ իրար են հանդիպում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, գիշերում, խաչ կանգնեցնում, որի համար էլ այդ վայրը հետագայում անվանվել է Օթյաց խաչ:
Ս. Թադեի վանքը գտնվում է Վասպուրականի Արտազ գավառում, այժմ՝ Իրանի Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք: Կառուցման թվականը վերագրվում է 4-ից 6-րդ դարերին, ըստ ավանդության` այն հիմնադրել է Թադէոս Առաքեալը 66 թ-ին։ Սուրբ Թադևոսի հայկական եկեղեցին այսօր էլ հայտնի ուխտատեղի է քրիստոնյաների և մահմեդականների համար: Վանքի ներկա շենքը բաղկացած է երկու` նոր և հին մասից։ Սև քարերով մասը կառուցվել է 1329 թ., իսկ նոր մասը 1820 թ. Աբբաս Միրզայի օրոք ամբողջովին կառուցվել է սպիտակ քարից։
Իրանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր երկրի տարածքում քրիստոնյա ժառանգության պահպանմանը: Վանքի վերանորոգման աշխատանքները իրականացնում են Իրանի «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը, իրանահայ համայնքը` Փարիզի «Երկիր և մշակույթ» կազմակերպության մասնակցությամբ:
2008 թ. Թադեի վանքը (ինչպես նաև` Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերը) «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Աղբյուրը` Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»
Հայկական համառոտ հանրագիտարան
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան
Уведомление: Աշնանային արձակուրդ. հոկտեմբերի 23-30 — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Աշնանային արձակուրդ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական աշուն — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը եղել և մնաց ս. Թադեի վանքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություն Պարսկահայք — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տպավորություններ Պարսկահայքից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ