Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է: Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ, այդ թվում` Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը: Ժողովի ժամանակ ընդունվել է Նիկիեական հայտնի հանգանակը:
Հավատո հանգանակը կրոնական հավատի բանաձև է` հավատի խոստովանություն:
Նիկիական հանգանակ
Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին։ և մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած։ Նույն ինքը՝ Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու անևերույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով։ Որով՝ ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին։ Նրա թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով։ Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։ Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի։
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները։
Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիններին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին։
Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է, երկրպագելով Սուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Հետագայում Գրիգոր Տաթևացի սուրբ վարդապետը (կամ Տաթևի դպրոցի ներկայացուցիչները) Նիկիական հանգանակի հիման վրա կազմեցին մեկ այլ հավատամք՝ դավանական մանրամասներով և լրացումներով հանդերձ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցին օտարամուտ վարդապետություններից ապահովագրելու համար։
Գրիգոր Տաթևացի «Հավատամք»
Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
Հավատում ենք, որ Բանն (Խոսքն) Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված և սկսված, Նրանից ո՛չ առաջ և ո՛չ հետո, այլ որքանով Հայրը հայր է, այնպես էլ Որդին՝ որդի:
Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ, ծնված չէ, այլ բխում է Հորից, էակից է Հորը և փառակից՝ Որդուն: Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ոչ թե երեք աստվածներ, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ տեսանելիների և անտեսանելիների: Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սրբությունների հաղորդությամբ:
Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Բանն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու այլայլության. անսերմ հղություն, և անապական ծնունդ: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8):
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել և ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստվածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան`իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օր հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ նույն մարմնով Համբարձվել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական:
Աղբյուրը՝ Սարկավագագիրք
Նիկիեական հանգանակի տեքստը` Վիքիպեդիայից
«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8):
НравитсяНравится
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ:
НравитсяНравится
Уведомление: «Ուսումնական պատարագ» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Նիկիեկան հանգանակ – Մերի Երանոսյան
Уведомление: Գրիգոր Տաթևացի «Խաչը կենաց ծառ է ամենքի համար» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)