Մարդը բնավորություն է, ոգին` բնույթը: Նա գիտի` մարդն ինչու է նման վարքագիծ դրսևորում, որ ինչ է այդպես վարվում:
Մարդը մտածում է, ոգին` տեսնում: Նա գիտի` մարդն ինչ է մտածում, ինչու է այդպես մտածում:
Մարդը խոսում է, ոգին` լսում: Նա գիտի` մարդն ինչ է խոսում և կամ` ինչու է խոսում:
Մարդը գրում է, ոգին` թելադրում: Նա գիտի` մարդն ինչ է գրում և կամ` ինչու է գրում:
Մարդուն թվում է, որ ինքը բանական էակ է, քանզի մտածում է, խոսում է ու գրում: Ոգին կարիք չունի մտածելու, վերլուծելու և կամ` գցել-բռնելու: Նա առանց մտածելու, առանց խոսելու, առանց գրելու էլ գիտի ամեն ինչ:
Մարդն առանց ոգու անգույն աշխարհ է, անհոտ օծանելիք է, անհամ կերակուր է, անհետաքրքիր հագուկապ է, քայլք է տեղում: Ոգին գույն է ու բույր, համ է ու հոտ, զգացողություն է ու երևակայություն, թռիչք է ու ճախրանք, վայելք է ու… միացում:
Բանակա՛ն էակ, շարունակիր ապրել անոգի մտքերի, անհոգի գրերի, հորանջող բառերի քո անգույն-անհամ, ձանձրալի ու սահմանափակ աշխարհում:
Շարունակի՛ր ապրել` սրտնեղությունից ինքդ քեզ և ուրիշների աշխարհը իմաստազրկելով և գունաթափելով:
Շարունակի՛ր ապրել` մարդատյացությունից ինքդ քեզնից գողանալով ու ուրիշներին կողոպտելով: Շարունակի՛ր ապրել, չէ՞ որ այդպես քեզ հեշտ է ու հարմար:
Կամքը քոնն է` ապրիր ոնց ուզում ես, միայն թե մի՛ մոռացիր` ոգին հայելի է, և հայելին այդ ցույց է տալիս այն, ինչ կա մարդու ներսում:
Հայկական կակաչ
Уведомление: Եթե ուզում ես ապրել քեզ դուր եկած կյանքով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)