«Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրության բնագիրը եղել է ռուսերեն. Աբովյանը մտադիր է եղել այս երկը հրատարակել Кавказ լրագրի էջերում, բայց չի հասցրել: Աբովյանը ռուսերեն ինքնագիրը հանձնել է Գ. Ախվերդյանին՝ կարդալու և իր կարծիքը ասելու համար: Ձեռագիրը հայտնաբերվել է 70 տարի առաջ, հայերեն թարգմանել է գրականագետ Արամ Ինճիկյանը: Ուղեգրությունը հեղինակի` Աբովյանի կյանքի կոնկրետ ժամանակահատվածի մասին տեղեկություններ հաղորդելուց բացի, հետաքրքիր է նաև մի քանի առումներով: Աբովյանն իրեն բնորոշ պատկերավոր լեզվով ոչ միայն նկարագրել է Անի տանող ճանապարհին հանդիպող բնակավայրերի մասին, ներկայացրել դրանց անցյալն ու ներկա դրությունը, այլև արժեքավոր տեղեկություններ է փոխանցել հայերի և քրդերի ապրելակերպի, կենցաղավարության մասին: Այս ուղեգրությունը զարմացնում է նաև քաղաքական եզրահանգում-վերլուծություններով և ճշգրիտ կանխատեսումներով:
Հայտնի է, որ Անի մայրաքաղաքի նկատմամբ Խաչատուր Աբովյանը հատուկ վերաբերմունք է ունեցել. Անիի հանդեպ հիացմունքն արտահայտում է նաև «Վերք Հայաստանի» վեպում:
Աբովյանն Անիում եղել է մի քանի անգամ: Առաջին անգամ այցելել է 1837թ.-ին` սենատոր Հանի և նրա տիկնոջ հետ: Երկրորդ անգամ`1847թ. հոկտեմբերի 21-ին. առավոտյան ժամը 8-ին մեկնարկած ճանապարհորդությունը տևել է մեկ շաբաթ` մինչև հոկտեմբերի 28-ը: Ճամփորդական կազմը բավական մեծ է եղել: Նրանց խմբում է եղել նաև արքեպիսկոպոս Հովհաննես Շահխաթունին: Պատմաբան, հնագետ և մատենագետ Շահխաթունին Էջմիածնի Մայր աթոռի տպարանի ու մատենադարանի վարիչն էր: Իր գործունեությամբ նա նպաստել է նաև օտարալեզու հայագիտության զարգացմանը:
Այս ճամփորդության մասին Աբովյանը գրել է. «Յուրաքանչյուրն ուներ իր մարդիկը և ուղեկցորդները. միայն ես՝ խղճուկս, ճանապարհորդում էի ուրիշի հաշվին և ուրիշի ձիով, որ ինձ զիջել էր գավառամասի պետ պարոն ֆոն Վ.-ն»:
«Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը բաղկացած է 9 հատվածներից, որոնք, ըստ բովանդակության, ունեն տարբեր վերնագրեր.
- Ճամփորդական խորհրդածություններ
- Հիշողություններ Էջմիածնի վանքի մասին
- Պատանեկության տարիների հուշեր
- Ճանապարհ Էջմիածնի միջով դեպի Սարդարաբադի ջրանցքը
- Սարդարաբադի ջրանցքը
- Երեկո Արաքսի հովտում
- Արփաչայը և երեկոն նրա հովտում
- Անիի ճանապարհը
- Մուտքը Անի և այնտեղ գտնվող առարկաները
Ուղեգրությունն սկսվում է հետևյալ տողերով. «Խոսել Անիի մասին, նշանակում է շոշափել Հայաստանի պատմության ամենանրբին տեղը: Այդ քաղաքի անունն անգամ բորբոքում է նույն զգացմունքները, ինչպիսիք յուրաքանչյուր մարդու հոգում արթնացնում են Պալմիրը, Բաբելոնը, Կարթագենը և, վերջապես, Հռոմը, ուր ժողովրդի վեհությունը արյունով է ջերմացած, ուր մարդկային մտքի և արվեստի ստեղծածը թաղված է ժամանակի ճակատագրական հարվածի ծանրության ներքո՝ քայքայման փոշու տակ»:
Աբովյանի լեզուն, ինչ խոսք, պատկերավորման տեսանկյունից հատուկ է, զարմանալի մաքուր ու զուլալ, սրանով հանդերձ՝ տպավորիչ ու գեղեցիկ: Խնդրեմ՝ «…Մենք Անին տեսանք հեռվից, գարնանը, լուսաբացին, երբ նա պարուրված էր կախարդական մշուշով, որպես խորհրդական մի ուրվական»:
Անին Աբովյանին ներկայանում է որպես «անպաշտպան որբ»` Հայաստանի «հավերժորեն պերճախոս հուշարձան»: Անին, ըստ Աբովյանի, իսկական հայի համար սիրելի ու սրբազան է, ուր գոնե մեկ անգամ պետք է «երկրպագել նախնյաց սրբություններն ու ջերմեռանդ արցունքներ թափել»:
Առաջին հատվածը Աբովյանն ավարտում է հետևյալ մտքով, որ հայի տառապանքի հիմքում երկու գործոն է՝ կրոնը և բանականությունը:
Եվ, եթե «Ճամփորդական խորհրդածություններ» հատվածում Աբովյանը Անին համեմատում է Պալմիրայի հետ, ապա հաջորդ` «Հիշողություններ Էջմիածնի վանքի մասին» հատվածում ևս դիպուկ համեմություն է անում՝ Էջմիածինը համեմատելով Հռոմի հետ: «Ե՛վ Հռոմը, և՛ Էջմիածինը՝ հոգևոր իշխանության կրողները, քրիստոնեական հավատի պահպանողներն ու պաշտպանողներն են եղել բոլոր ժամանակներում և դարերում, առաջինը՝ Արևմուտքում, երկրորդը՝ Արևելքում»:
Ու, տեսեք, թե ինչպես է արտահայտվում Աբովյանը հայ եկեղեցու մասին: Մեր եկեղեցին քրիստոնեական հավատը «…պաշտպանում էր բաց ճակատով, արյամբ և իր ամբողջ ուժով, զորեղ կամքով, անօրինակ մի հերոսությամբ, որպիսին հազվադեպ է քրիստոնեական եկեղեցու ամբողջ պատմության մեջ»:
Ըստ Աբովյանի՝ մեր հոգևորականներից շատերը կարող են օրինակ ծառայել քրիստոնյա մյուս ժողովուրդներին՝ իրենց եղբայրակիցներին: Սակայն, ի տարբերություն Հռոմի, մեր եկեղեցին «երբեք չի հնարել ո՛չ պապական կոնդակներ, ո՛չ ինկվիզիցիա, ո՛չ մեղքերի վաճառք, ո՛չ սուրբ գրքի արգելք. իր գիտնականությամբ նա չի խրոխտացել. ընդհակառակը, նա կրթություն է տարածել»:
Հենց Էջմիածինն է փրկել հայ ազգի անունն ու եկեղեցին, և դա, ըստ Աբովյանի, հրաշքի պես մի բան է: Ահա, թե ինչու Էջմիածնին պիտի վերաբերել սրտացավությամբ և խորին հարգանքով. այսպիսի եզրահանգման է գալիս Աբովյանը, միաժամանակ ընթերցողին հորդորելով, որ իրեն չմեղադրի մոլեռանդ հայրենասիրության մեջ, որովհետև այն, ինչ ինքն ասում է՝ ճշմարտություն է և պատասխան է խղճին:
Հաջորդ մի քանի հատվածներում Աբովյանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Էջմիածնի վանքի, Սարդարապատի ջրանցքի, Կարա-Կալայի (Սև բերդ), Երվանդակերտի, Սատանի կիրճի, Կողբի, Արփաչայի մասին: «Իսկ Ալագյազը՝ արծաթագլուխ Նոյան լեռան այդ նախանձոտ մրցակիցը, որ վեր է խոյանում նրան դեմ ու դեմ,- առայժմ մրափում է»:
Տեղավայրերը և աշխարհագրական տարածքները ներկայացնելուց զատ՝ Աբովյանն իր խոսքը համեմում է Մովսես Խորենացու «Պատմության» համապատասխան հատվածներով, ինչպես նաև հիշատակում օտար մատենագիրների` Ստրաբոնի, Պտղոմեոսի, Շիկոսի, Ամիանուսի, Ֆլորի աշխատությունները, որոնցում հիշատակություններ կան հայերի մասին:
Ինչ էլ ասելու կամ պատմելու լինի Աբովյանը՝ մի բան կա, որն ակնհայտ է. անսահման սերն ու նվիրվածությունն իր «թանկագին հայրենիքի» հանդեպ: Մի տեսեք՝ ի՜նչ սիրուն ու արժանապատիվ, ինչպես ինքը՝ Աբովյանը կասեր՝ «ճոխ և քնքուշ» է ներկայացրել իր ազգակիցներին. «…արևմտյան Ասիայի այդ փյունիկցիները, որոնք խաղաղության օրերին աշխատասեր են և հեզ, թշնամիների սրերի դեմ՝ արիասիրտ և համբերատար, մտքի և բարոյական ուժերի զարգացման մեջ՝ ճոխ և քնքուշ, ազգային սրբությունների անձեռնմխելիությունը պահպանելիս՝ հպարտ և անընկճելի, և որոնք, վերջապես, կռվախնձոր են եղել բոլոր ժողովուրդների միջև՝ բոլոր դարերում»:
Ճամփորդությունը մոտենում է ավարտին. «…մենք Անիի՜ն ենք մոտենում: Մեր բոլոր զգացմունքները, մեր ամբողջ ուշադրությունը բռնկված էր միայն մի ցանկությամբ, միմիայն մի ուխտով, սրբազան, սքանչելի, ոգեվառ, սրտամորմոք մի ուխտով, և այդ պահին մեր գլխով սրաթռիչ և խորապես խոյացող այն միտքն էր անցնում, թե որքան մեծ են ու պանծալի, անցողական և ունայն աշխարհիս բոլոր բարիքները և ստրկորեն դրանց հետամտող ժողովուրդները»:
Ահա և «ըղձալի ուրվականը»՝ Անին, սքանչելի Անին, շշմեցուցիչ ու շքեղ Անին՝ իր ընդհատակյա քաղաք-լաբիրինթոսով հանդերձ՝ Գեդար-գյալմազը (թուրքերեն բառ է, բառացի նշանակում է հետևյալը. «կգնա՝ չի դառնա»):
«Անհամբերությունից սիրտս թրթռում էր, աչքերս ագահորեն փնտրում էին սիրելի քաղաքը, հարթավայրն ավելի ու ավելի ընդլայնվում էր, հորիզոնը հալվում էր ջինջ, անամպ օդային օվկիանոսի գեղեցիկ կապույտի մեջ, և հանկարծ,- սիրելի՛ ընթերցող, ների՜ր, լեզուս չի համարձակվում բառերով արտահայտել և՛ վեհ, և՛ հուզիչ, և՛ սրտառուչ, և՛ ցավատանջ ու վշտագին իմ բոլոր զգացմունքներն ու տպավորությունները,- և հանկարծ, օ՜ հրաշք, մեզ երևաց խորհրդավոր քաղաքի վիթխարի զանգվածն իր բազմաթիվ գմբեթներով ու զմայլելի ու արտասովոր վիթխարի պարիսպներով»:
Ուղեգրությունն ավարտվում է այսպես. «Բայց ինչո՞ւ բաց անել այն մուտքը և այն վայրը, որտեղ բարձրացել և որտեղ խրախճանել են միլիոնավոր անմահ հոգիներ. ահա՛, դարձյալ, նրանց ստեղծագործությունները, որ ավելի կենդանի, քան լեզուն ու գրիչը, խոսում են այն ամենի մասին, ինչ որ եղել ու անցել է, և անցել է առհավե՜տ…» (ընդգծումը մերը չէ):
Իսկ վերջում` Աբովյանի եզրահանգում-կանխատեսումների մասին: Աբովյանի կարծիքով` քանի դեռ Կովկասում ապրող ժողովուրդներին չի միավորել ընդհանուր շահը, միշտ կռիվներ են լինելու: Եզրահանգում, որն արդիական է նաև մեր օրերում. «Մեր Անդրկովկասը, որպես աշխարհի սկզբից մինչև մեր ժամանակները եղած և այժմ էլ գոյություն ունեցող բոլոր ժողովուրդների հավաքատեղի, որը մինչև ռուսական տիրապետությունը չուներ ո՛չ ընդհանուր կրոն, ո՛չ ընդհանուր քաղաքականություն, հետևաբար և` ո՛չ ընդհանուր շահ, դեռևս երկար ժամանակ կմնա իբրև ամենադժվար, ամենախորամիտ առեղծվածը` նույնիսկ ամենախելացի և ամենափորձառու քաղաքագետի համար»:
Ըստ էության, «տիեզերահռչակ Անին» (բնորոշումը` Արիստակես Լաստիվերցու) Խաչատուր Աբովյանին գրավում էր ոչ միայն և ոչ այնքան իր «զարմանալի ինքնատիպությամբ ու հանճարեղությամբ», կար մեկ այլ պատճառ. նա ընդհանրություններ էր տեսնում իր և Անիի միջև` իր ստեղծագործական կյանքի, ազգանվեր գործունեության հետ կապված դժվարությունները համեմատելով Անի մայրաքաղաքի հետ: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է Աբովյանի և Անիի տարբերությունը: Աբովյանի կարծիքով` իր և Անիի տարբերությունն այն է, որ նախախնամությունը հետմահու իրեն օգնելով` գնահատանքի է արժանացնելու իր անձն ու իր լուսավոր գործը և, որ ինքը հավատում է դրան:
Ահա այսպիսի զարմանալի Խաչատուր Աբովյան:
Արդարացված չեմ համարում, որ հանրակրթական-առարկայական ծրագրերն այս երկը շրջանցում են. այն կարող է իր արժանի տեղն ունենալ նախագծային ուսուցման մեջ։ Կարծում եմ` այս երկը ճամփորդական շատ լավ ուղեցույց կարող է լինել Արևմտյան Հայաստան այցելող մեր սովորողների և դասավանդողների համար: Գոնե ինձ հիմա ոգևորում է, «Աբովյանը և Անին» պայմանական վերնագրով տեսադասի նկարահանման գաղափարը:
Աղբյուր՝ Խ. Աբովյան, Երկեր, «Սովետական գրող», Երևան-1984թ., էջ 653-703
Աելիտա Դոլուխանյան «Անի մայրաքաղաքը Խ. Աբովյանի և նրա ժամանակակիցների գնահատմամբ»
Լուսանկարը` անձնական արխիվից (Անիի Մայր տաճարը, հեռվում երևացողը Արագածի գագաթներն են)
«Դպիր» մանկավարժական հանդեսի համար
Նունե Մովսիսյան
«Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը
«Խոսել Անիի մասին, նշանակում է շոշափել Հայաստանի պատմության ամենանրբին տեղը: Այդ քաղաքի անունն անգամ բորբոքում է նույն զգացմունքները, ինչպիսիք յուրաքանչյուր մարդու հոգում արթնացնում են Պալմիրը, Բաբելոնը, Կարթագենը և, վերջապես, Հռոմը, ուր ժողովրդի վեհությունը արյունով է ջերմացած, ուր մարդկային մտքի և արվեստի ստեղծածը թաղված է ժամանակի ճակատագրական հարվածի ծանրության ներքո՝ քայքայման փոշու տակ»:
«…Մենք Անին տեսանք հեռվից, գարնանը, լուսաբացին, երբ նա պարուրված էր կախարդական մշուշով, որպես խորհրդական մի ուրվական»:
«Եվ Հռոմը, և Էջմիածինը հոգևոր իշխանության կրողները, քրիստոնեական հավատի պահպանողներն ու պաշտպանողներն են եղել բոլոր ժամանակներում և դարերում, առաջինը՝ Արևմուտքում, երկրորդը՝ Արևելքում»:
«Հռոմը, հենց միայն իշխանասիրության, սուտ հնարանքների և ամբար- տավանության պատճառով իր հավատարիմ որդիներին միլիոններով կորցրեց»:
«Իսկ Ալագյազը՝ արծաթագլուխ Նոյան լեռան այդ նախանձոտ մրցակիցը, որ վեր է խոյանում նրան դեմ ու դեմ,-առայժմ մրափում է»:
«…արևմտյան Ասիայի այդ փյունիկցիների, որոնք խաղաղության օրերին աշխատասեր են և հեզ, թշնամիների սրերի դեմ՝ արիասիրտ և համբերատար, մտքի և բարոյական ուժերի զարգացման մեջ՝ ճոխ և քնքուշ, ազգային սրբությունների անձեռնմխելիությունը պահպանելիս՝ հպարտ և անընկճելի, և որոնք, վերջապես, կռվախնձոր են եղել բոլոր ժողովուրդների միջև՝ բոլոր դարերում»:
«…մենք Անիի**ն ենք մոտենում: Մեր բոլոր զգացմունքները, մեր ամբողջ ուշադրությունը բռնկված էր միայն մի ցանկությամբ, միմյայն մի ուխտով, սրբազան, սքանչելի, ոգևառ, սրտամորմոք մի ուխտով, և այդ պահին մեր գլխով սրաթռիչ և խորապես խոյացող այն միտքն էր անցնում, թե որքան մեծ են ու պանծալի, անցողական և ունայն աշխարհիս բոլոր բարիքները և ստրկորեն դրանց հետամտող ժողովուրդները»:
«Անհամբերությունից սիրտս թրթռում էր, աչքերս ագահորեն փնտրում էին սիրելի քաղաքը, հարթավայրն ավելի ու ավելի ընդլայնվում էր, հորիզոնը հալվում էր ջինջ, անամպ օդային օվկիանոսի գեղեցիկ կապույտի մեջ, և հանկարծ,- սիրելի՛ ընթերցող, ների՜ր, լեզուս չի համարձակվում բառերով արտահայտել և՛ վեհ, և՛ հուզիչ, և՛ սրտառուչ, և՛ ցավատանջ ու վշտագին իմ բոլոր զգացմունքներն ու տպավորությունները,- և հանկարծ, օ՜ հրաշք, մեզ երևաց խորհրդավոր քաղաքի վիթխարի զանգվածն իր բազմաթիվ գմբեթներով ու զմայլելի ու արտասովոր վիթխարի պարիսպներով»:
«Բայց ինչո՞ւ բաց անել այն մուտքը և այն վայրը, որտեղ բարձրացել և որտեղ խրախճանել են միլիոնավոր անմահ հոգիներ. ահա՛, դարձյալ, նրանց
ստեղծագործությունները, որ ավելի կենդանի, քան լեզուն ու գրիչը, խոսում են այն ամենի մասին, ինչ որ եղել ու անցել է, և անցել է առհավե՜տ…»
«Դա ստեղծագործությունն է մի ժողովրդի, որ չի եղել հռոմեացիների նման նվաճող, մոնղոլների ու պարսիկների նման` բազմաքանակ, հնդիկների, չինացիների և հույների նման` առատաձեռն բնությունից և հազարամյա հանգստավետ կյանքով փայփայված ու երկրի հարստությամբ ողողված և ոչ էլ ուրիշների արյամբ և գանձերով է հարստություն ձեռք բերել. դա ստեղծագործությունն է` իր սեփական ջանքով ու աշխատանքով փառքի ու մեծության այդ աստիճանին հասած, խաղաղ, գործունյա, բայց դաժան բախտի բերումով մեծ ու անթիվ բոլոր նվաճողների խաչուղիների վրա ընկած մի ժողովրդի,– ի նկատի ունեցեք այս բոլորը, և դուք կարող եք ինձ հետ լիովին բաժանել իմ և՛ օրինական խանդավառությունը, և՛ արդարացի վիշտը, որպիսի զգացմունքներ իսկական քրիստոնեական, իսկական մարդկային հոգում չեն կարող առաջ բերել ո՛չ Հռոմը, ո՛չ Բյուզանդիոնը, ո՛չ Եգիպտոսը և ո՛չ էլ Բաբելոնը»:
«…իր մեծությամբ և շքեղությամբ անհամեմատ գերազանց է նրանից, ուր մտնողը, առանձնահատուկ դյութանքի ենթարկվելով, իր առջև տեսնում է շքեղությամբ ու գանձերով շշմեցուցիչ բոլորովին նոր մի աշխարհ»:
«Ես որ իմ ծնված օրից չգիտեմ և չեմ տեսել գինեգործության մի այլ ձև, քան գինի ստանալու մեր պապենական, ասիական ձևը, ոչ պակաս հաջողությամբ այնպիսի գինի ստացա, որ 1843 թ. Թիֆլիսից ինձ մոտ եկած հույժ կրթված երկու եվրոպացիների` պարոնայք Ռոզենին և Բոդենշտեդին զարմանք պատճառեց»:
НравитсяНравится
Уведомление: Խաչատուր Աբովյանը և Թիֆլիսը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուղեգրությունը — Սիրուն Զանգի
« Ուր որ հասել է այս ժողովրդի ձեռքը՝ մեղուների պարսի նման՝ ընտրել է իր պաշտպանության համար բնական ամրություններ, իր գործունեության համար՝ նպաստող եւ բարեբեր վայրեր: Մի ոտով կառչելով իր հայրենի ժայռերի եւ լեռների ամրություններին, նա իր հարեւաններից շատերի նման չի սպասել հարմար առիթի եւ րոպեի՝ գիշատիչ գազանի նման օգտվելու ուրիշի բարիքից, այլ մեղվի նման կայտառ եւ ժրաջան, եռանդով եւ սիրով թռել է թ՛ե հեռուները, թ՛ե ծաղկալից, փարթամ իր դաշտերը՝ կյանքի հյութը հավաքելու. նա ոչ նվազ չափով աչքի է ընկել անվեհերությամբ, համարձակությամբ եւ մոլեգնությամբ՝ թշնամուն ետ մղելիս, երբ վերջինս, առաձին-առանձին հարձակվելով, փորձել է դիպչել նրա փեթակներին…»:Աբովյան
НравитсяНравится
ՀՐԱՇՔԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է ԱՆԻՆ Լեո (1860-1932), պատմաբան
…Թող ինչ ասում են ասեն Ակրոպոլիսը և Կապիտոլիումը՝ ամբողջ մարդկության, քաղաքակիրթ աշխարհի բոլոր անկյուններին,-մեր Անին էլ Ախուրյանի ափում բարձր ձայնով ու բաց ճակատով ասում է, թե ինքն էլ նույնպես մարդկային մի մեծագործություն է:
Հրաշքի պես մի բան է նա երևում ասիական աշխարհի այս դժբախտ անկյունում: Բայց այդ հրաշքը երկնքից չի ընկել:
Մայրաքաղաքը իր թագավորության արդյունքն է. իսկ թագավորությունն էլ հրաշքի պես ծնվեց, հրաշքի պես փայլեց և, իբրև հրաշք, կարճ ապրեց, վաղանցուկ եղավ:
Իմ աչքի առջև մարմնացած էր այն ժամանակը, երբ այստեղ կյանք առավ մեր պատմության ամենազարմանալի երևույթներից մեկը, երբ տխուր ճակատագրին հավատարիմ իրականությունը մի կողմից քաջություն, տաղանդ, մտավոր ու կուլտուրական ընդունակություններ էր հանում երկրի երջանկության համար, մյուս կողմից ներքին քայքայում, ապականություն էր դուրս բերում այդ լուսավոր երևույթի դեմ:
Եվ Անին մի՞թե կենդանի հուշարձան չէ փայլուն, լուսատու վերածնության և խավար անկման ու անհամաձայնության:
(«Անի, հուշագրություն», Եր., «Առեդիտ» հրատ., 2014)
НравитсяНравится