Ժամանակակից վրացական արձակ

irakli-smasonadze

Իրակլի Սամսոնաձե «Ականջաբարձ»: Կասկածից վեր է, որ գործ ունենք լուրջ գրողի հետ:

Այն, որ մեր հարևան վրացիները ժամանակակից նման բարձրակարգ գիր ու գրականություն ունեն, չգիտեմ` ում ոնց, ինձ հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց:

Չեմ կարող չնշել նաև թարգմանչին` Անահիտ Բոստանջյանին, ում շնորհիվ վրացի գրողի գործը հաստատապես շահել է` հայ ընթերցողին ներկայանալով կենդանի ու փայլուն թարգմանությամբ: Ակնհայտ է, որ թարգմանիչը երկու լեզուներին էլ տիրապետել է խորքային մակարդակով:

Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը» հետաքրքիր ոճ ունի: Նման լակոնիկ ոճը` բառ+բառ կամ բառակապակցություն+պատկեր, հիշեցնում է էքզիստեցիալիստ գրողներին: Ես հավանում եմ ասելիքի մատուցման կարճ ու ոչ խուճուճ ճանապարհը, հավանաբար, նաև այդ էր պատճառը, որ այս վիպակը կարդացի մի շնչով:

Վիպակը, ըստ էության, սյուժետային գիծ չունի: Այն առաջ է գլորվում մտորումների, խոհերի, զգացողությունների, հիշողությունների շնորհիվ: Առաջին հայացքից պարզունակ թվացող մտապատկերները խորքային լուծումներ են առաջարկում, իսկ ասելիքը, առավել քան, հստակ է ու հասկանալի:

«Ականջաբարձի» առանցքում դրված է հասարակությունից մարդու` ինչու չէ, նաև ինքն իրենից օտարացման խնդիրը, մեր օրերում ապրող մարդու ողբերգությունը և փրկության հասնելու ճանապարհի փնտրտուքը:

Մեր օրերի մարդը խարսխի կարիքն ունի, և դա, ըստ գրողի, կարող է նաև հավատը լինել: «Ես գենետիկորեն քրիստոնյա եմ ու ժամանակ առ ժամանակ այն եկեղեցու ընդերքում եմ սփոփանք փնտրում, որն ինձ պահ են տվել իմ նախնիք: Հոգիներն են նամշած: Դատարկապորտ երեսպաշտությունից: Երբ շատ եմ հոգնում, ես եկեղեցու ընդերքում եմ գտնում իմ հանգստությունը»:

Թվում է, թե հավատի կամ ճշմարտության մասին կարող են խոսել բոլորը, բայց ոչ. «Զարմանալի բան ստացվեց: Անդրոն ճշմարտությունն ասաց, բայց ինքը ճիշտ չէ: Ճշմարտությունն ասելու համար իրավունք պիտի ունենալ: Իրավունքն իրոք մեծ բառ է: Սիրո նման»:

Իսկ ինչո՞ւ «Ականջաբարձ»: Կարծում եմ` ականջաբարձը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հույս` մենակությունը հաղթահարելու, ապրել շարունակելու ներքին պահանջ, կյանքի դժվարություններին դիմակայելու և չկործանվելու բնատուր միջոց: Ի վերջո, այն հույս է` մութ սենյակում: «Ավագ հայր բարձն ու իր որդին՝ ականջաբարձը: Մեկը մյուսի հետք ու հետագիծ: Քթից-պնչից ընկած: Շարունակության զգացողություն՝ նրանց նմանությունից ու միասին լինելուց: Անընկալելի հույս առ այն, որ ժամանակի հետ ու ականջաբարձն էլ կմեծանանք, երկուսս էլ միաժամանակ հերոսներ կդառնանք ու մերորդիների համար կդառնանք ամենակարող, խաղաղ պաշտպաններ: Հույս՝ մութ սենյակում: Հույս՝ մութ սենյակում: Ես ինձ մենակ չեմ զգում: Այտս մի քանի անգամ հպում-անցկացնում եմ ականջաբարձի վրայով: Ձեռքիս մեկը վրայից, մյուսը՝ տակից եմ անցկացնում, որպեսզի ավելի մերձ զգամ նրա մոտիկությունը»:

Առավել քան համոզիչ է վիպակի ավարտը. «Երբ ես շատ հոգնելուց գրեթե շնչահեղձ եմ լինում, թաքուն մտնում եմ տղայիս սենյակ: Մորս՝ աղերի կուտակումից կռկված ձեռքերով կարած ականջաբարձն եմ մոտեցնում քթից, հոտոտում եմ, հոտը ներս քաշում, ու շունչս տեղն է գալիս, շնչառությունս՝ բացվում: Հետո պառկում եմ: Ականջաբարձը դնում եմ գլխի տակ: Մի ձեռքս ականջաբարձի տակով եմ անցկացնում, մյուսը՝ վերևից: Այտիս էլ եմ քսում, որ իմ տղային զգամ: Ու թվում է, թե սենյակում տարածվում է մորս արդուկած խոնավ սպիտակեղենի փափկանուշ բուրմունքը: Մինչև քնելս մի անգամ էլ կշնչեմ տղայիս գլուխը դրած ականջաբարձը, հեռու-հեռավոր հիշողությունը կբացի շուրթերս, իսկ հետո չգիտեմ, հետո ոչինչ չգիտեմ, հետո տեսնենք, եղբայրս»:

Այս վիպակն ընթերցելուց հետո միայն զարմանքով գիտակցեցի, որ, ախր, ես էլ… «ականջաբարձ» ունեմ, մեկի փոխարեն՝ երկուսը: Այդ իրերը իմ ամենաթանկ ու ամենասիրելի երկու մարդկանցից մնացած մասունքներ են. աշնանային տերևներով սպիտակեղեն և մի բարձ: Դրանք տարիներ առաջ օգտագործել են իմ ամենա-ամենաները… Ամեն անգամ անհանգստությամբ ու սրտի դողով եմ հետևում լվացքի մեքենայից դուրս եկած այդ մաշված իրերին ու, ամեն անգամ էլ, թեթևացած խորը շունչ եմ քաշում, երբ անվնաս եմ տեսնում:

Գիշերը, երբ ես օրվա պես փակվում եմ՝ ինձ ծածկելով աշնանային գունատ տերևներով պատված սպիտակեղենով և գլուխս դնում եմ անշուք ու փոքրիկ իմ ականջաբարձին, ես ինձ լավ եմ զգում. կարո՞տս է պարպվում, անքնությո՞ւնս է մեղմանում, վերանորոգում-վերահաստատո՞ւմ է սիրելիներիս հետ կապը, չգիտեմ, միայն մի բան գիտեմ. առավոտյան ես ինձ ավելի պաշտպանված եմ զգում, ավելի խաղաղված ու ավելի ներող եմ լինում…

«…Հեռու-հեռավոր հիշողությունը կբացի շուրթերս, իսկ հետո չգիտեմ, հետո ոչինչ չգիտեմ, հետո տեսնենք, եղբայրս»:

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ժամանակակից վրացական արձակ

  1. Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գուրամ Օդիշարիա «Պրեզիդենտի կատուն»  | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s