Գիտակցության խորխորատներում չկա վերահսկողություն:
Ինչո՞ւ պիտի ինձ վերահսկեմ, ումի՞ց պիտի ինձ պաշտպանեմ կամ պաշտպանվեմ: Ես եմ ու ես: Ինքս ինձ հսկելու, ինքս ինձնից պաշտպանվելու կարիք բնավ չունեմ ու երբևէ չեմ ունեցել: Էդ էր պակաս` ինքս իմ վրա վերահսկողություն սահմանեմ, կասկածեմ կամ տվյալներս ստուգեմ: Հո հսկիչ կամ սահմանապա՞հ չեմ:
Գիտակցության ծալքերում չի կարող խանդ կամ նախանձ լինել:
Դե՛, չի կարող: Ինչո՞ւ կամ ինչի՞ համար պիտի խանդեմ կամ նախանձեմ, եթե ինձ ոչ մեկի հետ երբեք չեմ համեմատել, առավել ևս` մրցել: Իրենք իրենք են, ես էլ` ես: Իրենք մարդու լավ տեսակ են` ուրախանում եմ, բարի են ու խելացի` հիանում եմ, թիկունքից խփում են` անասելի տխրում եմ:
Գիտակցությունն ազատություն է:
Անում կամ ասում եմ այն, ինչ ուզում եմ անել կամ ասել: Չեմ անում և չեմ ասում այն, ինչ չեմ ուզում ասել կամ անել: Ակնարկներով կամ ենթատեքստերով, ասել է թե` քողարկված հանդես չեմ գալիս: Դա հարաբերվելու իմ ոճը չէ, ինձ դրանից դուրս փնտրեք, ես դրա մեջ չկամ և չեմ էլ կարող լինել: Եթե ուզում եք ինձ գտնել` իմ ներսում փնտրեք:
Գիտակցությունն ունի միայն ներկա ժամանակ:
Արածիս կամ չարածիս մասին դարդ չեմ անում: Ինչ անցել է` մնում է անցյալում: Ցավս ու տխրությունս ուրիշների վզին չեմ փաթաթում, հետս էլ քարշ չեմ տալիս, այլ թողնում եմ ներսում` մարդկանց աչքից հեռու մի անկյունում` սրտիս մոտիկ:
Սիրտս միշտ բաց է:
Միշտ էլ կարող եք ներս գալ, համեցե՛ք, միայն պիտի խնդրեմ` ներս գալուց առաջ ոտքերի փոշին թափ տալ, դուրս գալուց էլ` դռները շխկոցով չփակել: Հակառակ դեպքում ձեզնից իմ ներս ձգվող լարերը կարող են կտրվել: Իսկ, այն, ինչ իմ ներսում մաշվում է կամ կտրվում` ես սովորաբար ինձնից դուրս եմ բերում. կարկատելու սովորություն չունեմ:
Ն. Մ.