Հունիսի 14-ին ծնվել է Սայաթ-Նովան:
Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը
Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի, նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա։ Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, և հայի, և վրացու, և թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և հայերեն, և վրացերեն, և թուրքերեն։
Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ, էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ։ Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեռու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով՝ ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակ – էդ միևնույն սիրունների սիրով պետք է բռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե իր ժամանակակիցներին և թե գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ – «Աշուղլուղ քուրա դուր, յախար, յանդըրար» – աշուղությունը հնոց է, կէրի, կավերի։ Եվ ի՜նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց։
Սայաթ–Նովայի երգում քիչ կան էն վառ փայլուն գույները, որոնցից Արևելքում բնությանը հաճախ առնում է մի տարօրինակ ու խաբուսիկ արտաքին փայլ։ Չկան և էն ֆանտաստիկ պատկերները, որոնց ասես թե հաշիշն է ծնում։ Առհասարակ նրա երգերում քիչ երևակայություն կա – շատ զգացմունք։ Եվ էդ զգացմունքները նրա երգերում մեծ մասամբ արտահայտում են էնքան մեղմ ու անվրդով խաղաղություն, որ նրա սերը նման է ընկերության, ընկերությունը սիրո։ Որ հայրենի քերականության մեջ էլ արականի ու իգականի տարբերությանը չկա – Սայաթ–Նովայի մի քանի երգերում դժար է հասկանալ, իր ոգևորված խոսքով ում է դիմում նա՝ քնքույշ սիրով սիրած ընկերի՞ն, թե տարփալի սիրով սիրած կնոջը։
Նրա հոգու տարրը, ոգևորության ժամերին, չի կարողանում հաշտվել գգայնականության հետ, ինչպես կրակը չի կարող հաշտվել ջրի հետ։ Նա էնքան է բարոյական, որ աշուղի կոչմանն էլ նայում է բարոյական տեսակետից։ Իր երգերից մեկի մեջ ասում է. «Աշուղի լիզան բըլբուլ է, օրհնանք ունե, անեծք չունի», թեև երբեմն նրան համակում է սոսկալի թախիծը։
Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.
Աշխարհըս մե փանջարա է,–
Թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,–
Դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–
Վաղերումեն բեզարիլ իմ…
Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։
«Գուզիմ թըռչի բըլբուլի պես,–
բաղերումեն բեզարիլ իմ…»։
Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։
1913
Աղբյուրը՝ Հովհ. Թումանյան, «Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը»
Կարող եք ծանոթանալ նաև «Սայաթ-Նովա» ուսումնական փաթեթին
Արի ինձ անկա՛ճ կալ
Արի ինձ անկա՛ճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սիրե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստված սիրե, հոքի սիրե, յար սիրե:
Էն բանն արա, վուր Աստըծու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վանքումն է.
Յիրիք բան կա՝ հոգու, մարմնու կարքումն է՝
Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե:
Ե՛կ, ա՛րի, սի՛րտ, մընա դուն մե դամաղի,
Հալալ մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա՝ մարթ վըրետ չը ծիծաղի՝
Խրատ սիրե, սաբըր սիրե, շար սիրե:
Հըպարտութին չանիս՝ դուր գու քաս Տերիտ,
Խոնարութիտ արա կանց քիզ դեվերիտ,
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե:
Սայաթ-Նովա, էրնեկ քիզ, թե է՛ս անիս՝
Հոքուտ խաթրի մարմնուտ ումբրը կես անիս.
Թե գուզիս, վուր դադաստան չը տեսանիս՝
Վանք սիրե, անապատ սիրե, քար սիրե:
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի’ անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա’մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի’ղ տալու է, ցա’վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։
Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի.
Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։
Աշխարհըս մե փանջարա է
Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ:
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է’ գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ’ իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես,- բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն’
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում’ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն’ մե ղուլ չին պահում,- աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց’ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ’ վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու,-քաղերումեն բեզարիլ իմ:
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ