Էռնեստ Հեմինգուեյ «Մարդու հավատամքը»

hemingway-beard

Հուլիսի 21-ին ծնվել է Էռնեստ Հեմինգուեյը:

Մարդու հավատամքը

Ոչ մեկը, ինձնից բացի, չի կարող աշխարհին ասել՝  ով եմ ես իրականում:
Ոչ մեկը չի կարող իրեն թաքցնել մարդկանցից, քանզի մարդու յուրաքանչյուր գործողություն, ստեղծագործական յուրաքանչյուր արարք խոսում է հեղինակի մասին: Ես իմ գրքերով մարդկանց ամեն ինչ պատմում եմ իմ մասին:

Գրողի աշխատանքի մասին

Ինձ թվում է` ես առաջին իսկ վեպից հետո գիտեի, թե ինչպիսին է լինելու իմ հետագա ճակատագիրը: Երբեք ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ ես նոր դարաշրջանի ռահվիրան եմ, և հասկացել եմ, որ հետագա իմ յուրաքանչյուր քայլ ընդունվելու է մեծ հետաքրքությամբ: Դրա համար ես որոշեցի հետևորդներին ճշմարիտ կերպով հաշիվ տալ իմ կատարած բոլոր արարքների և մտքերի համար:

Ես փնտրում եմ այն, ինչը ընկած չէ իրադարձությունների մակերեսին և ժամանակի ընթացքում չի անցնում: Սակայն իմ նպատակը մարդու կյանքը ցույց տալն է այնպես, ինչպես որ այն կա` առանց խտացնող ներկերի և ոչինչ չգունազարդելով: Ես ինձ չեմ համարում մեծ մտածող և մարդկությանն էլ սենսացիոն ոչինչ չեմ տեղեկացնում: Ուղղակի ես շատ լավ գիտեմ աշխարհը և այն ներկայացնում եմ հազարավոր տարբեր կետերից:

Ես երբեք չեմ ընտրել հերոսներ, ավելի շուտ` նրանք են ընտրել ինձ: Ինչպես իմ նախորդները, այնպես էլ ես հիանում եմ ուժեղ մարդկանցով, ովքեր կարողանում են ազդել հանգամանքների և շրջապատի վրա: Այս թեման ինձ գրավել է այնքան, որ ես չեմ կարողացել որևէ այլ բանի ինձ նվիրաբերել: Ոգեշնչումը կարող է լինել նույնքան կրքոտ, ինչպես սերը:

Իմ վեպերի բովանդակությունը բխում է սրտի խորքից և անձնական փորձից, բայց ես չեմ բավարարվել, որ դրանք հեշտորեն ու անհոգ լույս աշխարհ մտնեն: Իմ գրողական սովորությունները պարզ են. մտորումների երկար ժամանակահատվածներ, բայց կարճ գրառումներ:

Աշխատանքի մեծ մասը ես կատարում եմ մտքում: Ես երբեք չեմ սկսում գրել, քանի դեռ մտքերը չեն կարգավորվել: Գրելու ընթացքում ես հաճախ երկխոսությունից բարձրաձայն հատվածներ եմ ասում. ականջը լավ գրաքննիչ է: Ես երբեք նախադասությունը չեմ վստահում թղթին, քանի դեռ չեմ համոզվում, որ խոսքը կառուցված է այնպես, որ հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց և այնպես, ես երբեմն մտածում եմ, որ իմ պատմություններն ավելի շատ ակնարկում են, քան ուղիղ խոսում են: Ընթերցողը պետք է հաճախ դիմի երևակայաության օգնությանը, այլապես նա բաց կթողնի մտքի առավել նուրբ երանգները:

Ես գրում եմ մեծ դժվարությամբ` առանց հոգնության կրճատելով և փոփոխելով: Ինձ համար չափազանց թանկ է իմ գործերի համբավը: Անսահման հոգատարությամբ ես պահում ու հղկում եմ դրանք, քանի դեռ չեն վերածվել ադամանդի: Այն, ինչը շատ հեղինակներ հանգիստ կպահպանեին մեծ ծավալի մեջ` ես դարձնում եմ փոքրիկ գոհար:

Ես տիրապետում եմ բացառիկ շնորհի` ​կարողանում եմ իմ քննադատական ընդունակությունները սեփական գործերի վրա աշխատելիս ընդունել այնպես, կարծես դա ուրիշ հեղինակի աշխատանք լինի: Շատ անգամներ ես առանց տատանվելու մերժել եմ այն, ինչը պակաս բարեխիղճ գրողը կթողներ` կասկածանքի առանց մի կաթիլ ունենալու:

Գրել հարկավոր է, եթե միայն այն ուրախություն է պարգևում: Ես երջանիկ եմ, երբ գրում եմ, բայց ոչ միշտ է, որ ես գոհ եմ նրանից, ինչ գրվում է:

Ես չեմ հավատում, որ իմ գրքերի շնորհիվ ինչ-որ ժամանակ ինձ հուշարձան կբարձրացնեն. ես ձգտում եմ ազնվորեն գնահատել ինձ: Ես կարողացել եմ գրող դառնալ ամենից առաջ իմ հաստատակամության, այլ ոչ թե տաղանդի շնորհիվ: Ես գրականության մեջ ամենավառ օրինակն եմ այն մարդու, ով ամեն ինչի համար պարտական է միայն ինքն իրեն: Բայց ես երբեք չեմ ունեցել այն անհավանական հաջողությունն ու փառքը, որին իրապես արժանի եմ եղել:

Ես ունեցել եմ շատ խանդավառ երկրպագուներ, ովքեր չեն կարդացել իմ գրքերից և՛ ոչ մեկը: Եվ ընդհանրապես, հասարակական կարծիքը միշտ հակված է գերագնահատել իմ կարևորությունը և թերագնահատել արժեքը:

Աշխատանքի և ժամանակի մասին

Արևն առանց ամպի, ուրախությունն առանց վշտի կյանք չէ. այդպես ճակատագիրն ու հաջողություններն են փաթաթված իրար: Միմյանց հաջորդող կորուստն ու ձեռքբերումը հերթականությամբ տխրեցնում և ուրախացնում են մեզ: Նույնիսկ ինքը՝ մահը, կյանքը դարձնում է էլ ավելի ցանկալի: Կյանքի դժվարին պահերին՝ վշտի և զրկանքների մեջ, մարդիկ դառնում են հենց իրենք:

Պարզ դիտողականությունը պետք է համոզի, որ, եթե ձեզ վիճակված է հաջողել որևէ մեծ նախաձեռնության մեջ, ապա գործն առանց դժվարությունների անհնար է գլուխ բերել: Եվ մարդը ճակատագրին պետք է շնորհակալ լինի դրա համար: Անհաջողությունները կոփում են դիմակայելու մեր կարողությունը: Բնավորությունը ծնվում է խորտակված հույսերից:

Միայն այն ժամանակ ենք ինքներս մեզ ճանաչում ու փորձության ենթարկում, երբ սեփական հնարավորությունները գերագնահատելու արդյունքում վնասում ենք ինքներս մեզ: Փորձը մեզ սովորեցնում է սեփական թույլ և ուժեղ կողմերը ճիշտ գնահատել:

Կատարած սխալների համար զղջումն ու դրանք այլևս չկրկնելու ձգտումն իրապես ապաշխարում է: Ճշմարիտ մեծահոգությունն ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ մարդը վեր է կանգնում իր նախկին «եսից»:

Կյանքում և աշխատանքի մեջ առավել կարևոր են ոչ այնքան ընդունակությունները, որքան բնավորությունը, ոչ այնքան խելքը, որքան սիրտը, ոչ թե հանճարը, այլ ինքնատիրապետումը, համբերությունն ու կարգապահությունը, սթափ դատողականությունը:

Իմաստնությունը հասուն մտքի՝ ճակատագրի վերջին պարգևն է:

Մարդը, ում գլխով շատ բաներ են անցել, ապավինում է ժամանակին՝ որպես իր օգնականի: Ժամանակի մասին ասում են՝ այն լուսավորում է անցյալը և մխիթարում, բայց այն նաև սովորեցնում է:

Ժամանակը սնունդ է, որը կերակրվում է փորձով, հող է, որից աճում է իմաստություն: Այն պատանեկության տարիներին կարող է լինել և՛ բարեկամ, և՛ թշնամի:

Ժամանակը ծերության շեմին կարող է լինել մխիթարող կամ էլ դահիճ՝ կախված այն օգտակար կամ վնասակար օգտագործելուց, ինչպես նաև ապրելու կերպից՝ ինչպես պետք էր կյանքն ապրել և ինչպես պետք չէր կյանքն ապրել:

Կյանքը գրեթե անցած է լինում նախքան մեր գիտակցելը, թե ինչ է այն: Սակայն այն չի չափվում միայն տևողությամբ:

Կաղնին ապրում է հարյուրավոր տարիներ, ժամանակ, որի ընթացքում գալիս-անցնում են մահկանացուների բազմաթիվ սերունդներ: Բայց ո՞վ կհամաձայնվի բուսական գոյության մի ամբողջ դար փոխարինել մարդկային լիարժեք, իմաստալից, նպատակասլաց կյանքի հետ:

Մեր շուրջբոլորն այնքան գեղեցիկ ու խորապես հուզիչ բան կա, ու ես փոքր-ինչ ամաչում եմ, որ այդ ամենը չեմ գնահատել: Ետ նայելով, այնուամենայնիվ, ինքս իմ մասին կարող եմ ասել չորսը բառ. «Ես ապրեցի երջանիկ կյանք»:

Մահվան և վախի մասին

«Ծերունին և ծովը» գիրք է մարդկային կյանքի հերոսական ընթացքի մասին: Գրքի վրա աշխատելն ինձ համար դժվար էր: Ես ծերության սարսուռ էի զգում: Քչերն են մահանում ծերությունից: Գրեթե բոլորը մեռնում են հիասթափությունից, չափից ավելի մտավոր և ֆիզիկական աշխատանքից, ծանր ապրումներից, դժբախտ պատահարից: Մարդը գոյություն ունեցող կենդանի էակներից ամենաաշխատունակն է: Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է:

Հազիվ թե գտնվի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի զգացել ավելի ուժեղ ցավ, քան, սովորաբար, զգում է մահվան մահճում հայտնվածը: Մի անգամ հայտնի բժիշկն  ինձ ասաց, որ մահվան տառապանքները թույլ ատամնացավի նմանվող ցավեր են:

Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր: Ես միշտ հավատացել եմ` տղամարդու հիմնական պարտականությունը վախի հաղթահարումն է: Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները  դժվարացնում են, իսկ դժվարները` անանցանելի դարձնում:

Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր` վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում:

Արատների մասին

Այս աշխարհը զրպարտող բոլոր նողկալի արատներից առավել կործանարարն ու առավել վտանգավորը, իհարկե, մոլեռանդությունն է: Ոչ մի ուրիշ թերություն չի կարող համեմատվել մոլեռանդության մութ ու չար ոգու հետ: Մոլեռանդությունը դրսևորվում է, երբ մարդը շարունակաբար և համառորեն հավատարիմ է մնում միևնույն կարծիքին: Նա, ով սովորաբար քննադատում է բոլորին, ըստ էության, ապակառուցողական է: Ստեղծականությունը խորթ է նրան, իրականության նկատմամբ նրա վերաբերմունքը գործնական է ու հաշվարկված: Նրա տերը սեփական վճիռն է, իսկ չափազանց բարձր ինքնագնահատականը` միակ ուսուցիչը: Սեփական տեսակետները նման խեղված գիտակցության կողմից նույնականացվում են`ընկալվելով որպես բացարձակ ճշմարտություն:

Փառասիրությունն է բոլոր չարիքների աղբյուրը: Այն առաջացնում է կեղծավորություն, դրդում է նախանձի, մղում է խաբեության:

Մարդկանց մեծամասնության մոտ բարությունը նվազում է հարստության աճմանը զուգընթաց:

Տվե՛ք մարդուն անհրաժեշտը, և նա կցանկանա հարմարավետություն: Ապահովե՛ք հարմարավետությամբ, և նա կձգտի շքեղության: Պարուրե՛ք նրան շքեղությամբ, և նա նրբագեղ լինել կտենչա: Հնարավորությո՛ւն ընձեռեք նրան նրբագեղ լինել, և նրա սիրտը խենթ մի բան կուզենա: Տվե՛ք նրան այն ամենը, ինչը ինքն է ուզում, և նա կսկսի դժգոհել, որ իրեն խաբել են և, որ ինքը ստացել է ոչ այն, ինչ ցանկացել է:

Կգա ժամանակ, երբ մարդու բնավորությունը կկանգնի իր իսկ ճակատագրի դեմ-դիմաց. այ դա պայթյուն կլինի…

Նպատակաուղղված կյանքի մասին

Օրորոցից մինչև գերեզման, կարիքի և ուրախության մեջ ճանաչելով աշխարհն ու ինքն իրեն, ժամանակակից մարդն անցնում է տարբեր բարդություններ ունեցող անվերջ ջունգլիների միջով. հիմա ամեն ինչ պարզունակ չէ` և ՛ միտքը, և ՛ արարքը, և ՛ հաճույքը, և նույնիսկ` մահը:
Ես միշտ հավատացել եմ`  մարդը, ով սկսում է ավելի լուրջ ներքին կյանքով ապրել, արտաքին կյանքն էլ է փոխում: Դարի անմտությունից և արտառոց դեպքերից վեր բարձրանալով` ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, թե որքան փոքր են մեր ճշմարիտ կարիքները:
Ես ավելի շուտ կցանկանայի հնարավորություն ունենալ գնահատել ինչ-որ մի բան, որը ես չունեմ, քան ունենալ այն, ինչը ես չեմ կարող գնահատել:
Ինձ զարմանք է պատճառում, թե որքան թանկ րոպեներ կարելի է մսխել սեփական թուլություններով պայմանավորված ավելորդ հաճույքների, թեթևամիտ զվարճանքների, դատարկ խոսակցությունների, կասկածելի և անօգուտ վայելքների վրա: Ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը առանց խորացնելու այն, նշանակում է պարզապես թալանել ինքդ քեզ:
Հարկավոր է գործել: Պասիվ զննելը վտանգավոր հոգեվիճակ է: Չի կարելի կյանքը ծախսել դատարկ երազանքների վրա:
Երկրպագուները խաղադրույքներ են անում, խաղացողները սովորաբար մահանում են աղքատության մեջ: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը, ում բախտը բերել է երիտասարդ տարիքում, վերջնական արդյունքում շատ հաճախ տանուլ է տալիս: Այս մարդիկ անտեսում են հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը  զանց առնելով այլոց ընդհանուր կենսափորձը: Աշխատանքը կորցնում է իր գրավչությունը, կյանքը ավերվում է անցնելով հաջողակ գործերի սպասման մեջ, որոնք այդպես էլ չեն հայտնվում:
Մարդիկ միշտ փնտրում են երջանկության կարճ ճանապարհներ: Այդպիսիք չկան:
Մարդը իմաստուն է դառնում, երբ գիտակցում է, որ ուզում է ինչ-որ բան և ձգտում է հասնել իր ուզածին: Սրանք տարբեր բաներ են: Մեծ գրողին հատկանշական է հետևյալը` նա առավել լուրջ վերաբերմունք ունի աշխատանքի նկատմամբ: Նրանց կյանքը տաժանակիր և անուրախ աշխատանք է, բայց նրանք երբեք չեն կարող նստել առանց գործ անելու: Ինչի համար էլ, որ նրանք պայքարեն` լինի դա կրոն, քաղաքականություն, կրթություն կամ պարզապես մի կտոր հացի համար աշխատանք, նրանք դա անում են լիարժեք նվիրումով:

 

Մենակության մասին

Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝  էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել:

Իսկ մենակությունից կշահեն, թե կվասվեն, հիմնականում կախված է բնավորությունից, կրթությունից և մարդու անձնային որակներից: Եթե հարուստ ներաշխարհ և մաքուր սիրտ ունեցողը միայնությունից դառնում է էլ ավելի պարզ ու մաքուր, ապա մանրոգի ու կոպիտ սիրտ ունեցողը՝ էլ ավելի կոշտ ու կոպիտ: Մենակությունը կոփում և բարձրացնում է ուժեղ հոգիներին, իսկ թույլ հոգիներին այն խոշտանգում է:

Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից:

Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքել են ոչ թե գաղափարները, այլ մարդիկ՝ տղամարդիկ ու կանայք: Կինոն, հեռուստատեսությունն ու թատրոնը ինձ համար ձանձրալի են: Ու, քանի որ օժտված ասացողները վատ գրողներն են, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:

Քանի դեռ դուք կարողանում եք շատ բան տալ, ձեր ընկերներն անպակաս կլինեն: Իսկ, երբ դուք որևէ բանի անհրաժեշտություն ունենաք, ձեր ընկերների քանակը կնվազի: Իսկ նրանք, ովքեր կմնան, ձեր իսկական ընկերներն են:

Սիրո մասին

Սերն աշխարհի և մարդու միակ արարիչն է: Սերը համամարդկային բնազդ է: Այն իմաստուն է դարձնում նրանց, ովքեր սիրում են, սրում է միտքը և թարմացնում զգացմունքները, ոգեշնչում է: Սերն ապրում և հզորանում է, երբ տալիս են: Սիրո կոչումը բոլորին տալու, բաժին հանելու մեջ է: Սերը ենթադրում է փոխադարձություն: Ուրիշին հասկանալը արդեն իսկ մեծ երջանկություն է, իսկ հասկանացվելը սիրո պարգև է՝ հաճելի և բավարարող: Սերը տալիս է՝ փոխարենը չակնկալելով որևէ բան:

Սերը համբերատար է ու ազնիվ, եթե անգամ շրջապատում կա զայրույթ, խաբեություն ու անարգանք:

Սերը չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն, ո՛չ արտաքին հանգամանքներ:

Սերը տալիս է ուրախություն, բերում է համաձայնություն՝  անկարգությունների ու բախումների փոխարեն: Սերը չի դատապարտում:

Սերը գոյության գերագույն նպատակն է, եղբայրության մարմնացումը, բարոյական բարձր չափանիշների էությունը, համագործակցության հիմնաքարը:

Սերն ամենուր և բոլոր հանգամանքներում փնտրում և գտնում է լավը:

Սիրո մի հայացքն անգամ բավական է  բացահայտելու համար ողջ տիրեզերքն ու մարդու էությունը:

Իսկ կրոնը սերն է գործողության մեջ:

Ներկայի և ապագայի մասին

Այսօրը պատմության խաղաղ գետնախորշ չէ, այլ անդիմադրելի ուժով առաջ շտապող մակընթացության ալիք:

Նշանավոր ժամանակները անցյալում չեն, նշանավորը մեր ժամանակներն են՝ ներկան, իսկ ամենանշանավորը ապագան է:

Փոխադրամիջոցների հզորացված հնարավորություններն ու փողի ավելցուկը տարեկան այստեղ-այնտեղ ճամփորդող զբոսաշրջային հոսքեր են առաջացնում: Յուրքանչյուրը գնում է ուր որ ուզում է և, ամենայն հավանականությամբ վերադառնում է ավելի արժանավոր ու լայնախոհ դարձած, հասկանալով, որ ինքն անխեզելիորեն կապ ունի ողջ մարդկություն հետ և, որ ինքը նրա մի մասնիկն է:

Թեև թույլ, բայց մարդկության սիրտը բաբախում է որպես մեկ ամբողջություն:

Աղբյուր՝  Эрнест Хемингуэй. Кредо человека

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Հեմինգուեյ. գրող, ով…

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Էռնեստ Հեմինգուեյ «Մարդու հավատամքը»»

  1. Նունե Մովսիսյան:

    Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ: Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատիր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի: Էռնեստ Հեմինգուեյ

  2. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s