Ազգությամբ հույն Պաիսիոս Աթոսացին (1924-1994թթ) ուղղափառ եկեղեցու նորագույն սրբերից է:
«Եթե քաջություն չկա, առաջադիմություն էլ չկա: Քաջությունն այն է, երբ վստահությամբ ամբողջապես Աստծուն ես տրվում: Ով քաջություն ունի, նա սեր էլ ունի, և Աստված դա հաշվի է առնում»: Աթոսացի
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլիներ, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում գտնվող առարկաները չի տեսնում: Չնայած նա էլ, ով կարճատեսություն չունի, եթե նույնիսկ մի փոքր հեռու գտնվող առարկաները տեսնի, հո մեծ նվաճում չէ՞: Մարդը միայն երկու մարմնավոր աչք ունի, իսկ հոգու աչքերը բազմաթիվ են:
Այն մարդիկ, ովքեր հեռանում են Քրիստոսից, իրենց զրկում են աստվածային լույսից, որովհետև անմիտների պես իրենք են արևի լույսից հեռանում և այնպիսի տեղ գնում, որտեղ արևի ճառագայթները չեն ընկնում: Արդյունքում՝ հոգևոր առումով մրսած ու հիվանդ են: Եթե մարդը չմաքրվի, եթե աստվածային լուսավորումը չայցելի նրան, ապա նրա [մարդկային] գիտելիքը, որքան էլ որ այն ճիշտ լինի, ընդամենը ռացիոնալիզմ է և ոչ այլ ինչ: Ահա՛ այսպիսի եզրակացության եմ հանգում: Իսկ եթե աստվածային լուսավորումն անհետանա, ապա մարդկանց ասածից ու գրածից օգուտ չի լինի: Սաղմոսները աստվածային լույսի օգնությամբ են գրվել և միայն տեսեք, թե որքա՜ն խորն են դրանց իմաստները: [Այժմյան} թեկուզ բոլոր աստվածաբաններին ու լեզվաբաններին հավաքիր և կտեսնես՝ նրանք նման խորության նույնիսկ մեն-մի հատիկ սաղմոս չեն կարողանա հորինել: Դավիթ թագավորը գիտուն մարդ չէր, բայց հստակ երևում է, թե ինչպես էր Աստծո Հոգին ղեկավարում նրան:
Եկեղեցին էլ է այսօր տենդի մեջ գտնվում, որովհետև աստվածային լուսավորում չկա, և յուրաքանչյուրը դատում ու դատապարտում է, ինչպես որ խելքին է փչում: Իսկ հետո «մարդկային գործոնն» է խառնվում, կրքեր են առաջանում և սատանան այստեղ արդեն ծավալվելու տեղ ունի: Այդ պատճառով էլ այն մարդիկ, ովքեր սեփական կրքերի իշխանության տակ են գտնվում, չպետք է իշխանության ձգտեն:
— Այսինքն` մարդիկ պետք է համառորեն աստվածային լույսը խնդրե՞ն, Հա՛յր:
— Այո՛, այլապես նրանց կողմից առաջարկվող լուծումները նրանց բանականության ծնունդն են լոկ: Իսկ այնուհետև շփոթմունք է առաջանում: Կոնֆերանսներ, խորհրդակցություններ… Եվ վատ է, որ նրանք, ովքեր զբաղվում են դրանով, նախ իրենք իրենց չեն ճանաչել: Քանի որ ինքն իրեն ճանաչելն ավելին արժե, քան աշխարհի բոլոր գիտելիքները: Ուրիշներն էլ են ընդունում այն մարդուն, ով խոնարհաբար ճանաչում է իրեն:
Եթե որոշ [շատախոսներ] ճանաչեին իրենք իրենց, ապա իրենց ողբալի վիճակը տեսնելով՝ չէին համարձակվի նույնիսկ իրենց բերանները բաց անել:
Իսկ ինչի՞ց է սկսում այդ ամենը: Նրանից, որ մարդը, հոգևոր առումով չաշխատելով, մտածում է, թե ինքը հոգևոր մարդ է, և դրանից հետո հիմարություններ է դուրս տալիս: Մտքի բնական անաղարտություն և քիչ գիտելիք ունեցող երեխան քեզ խելամիտ բաներ կասի: Եվ ընդհակառակը՝ հրաշալի կրթություն ունեցող, բայց ընդունած դիվական ներգործությունից մրոտված ուղեղով մարդն ամենագարշելի աստվածանարգությունները կասի:
Նա, ով իր միտքը մշտապես զարգացնում է գիտելիքներով և միևնույն ժամանակ Աստծուց հեռացած է ապրում, ի վերջո այն երկսայրի է դարձնում: Եվ այնժամ դրա մի սայրով ինքն իրեն է խոցում, իսկ մյուսով՝ իր սոսկ խոհական, հակաճառություններ չընդունող մարդկային որոշումներով՝ մարդկանց է վիրավորում: Մարդկային գիտելիքն այն ժամանակ է օգտակար լինում, երբ լուսավորվում է, դառնում՝ աստվածային: Հակառակ դեպքում՝ դա մարդկային խորամանկություն է, դատողականություն, աշխարհիկ տրամաբանություն: Շնորհազուրկ միտքն ինքն իրենով ոչ մագնիսականացված երկաթե ձող է, որը մետաղե առարկաներին է հարվածում՝ կամենալով, որպեսզի դրանք իրեն կպչեն: Բայց դրանք չեն կպչում, այլ միայն ծռմռվում են դրա հարվածներից:
Այդպիսին են այժմյան մարդիկ: Ամեն ինչ չոր դատողականության տեսակետից են ընկալում: Այդ դատողականությունն իսկական աղետ է, քանի որ ասված է «գիտությունը հպարտացնում է» (Ա Կորնթ. 8:1):
Եթե մարդու մեջ աստվածային լույսը չկա, ապա գիտելիքն անպետք է, այն կործանում է բերում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուր` surbzoravor.am
Սկզբնաղբյուր` С болью и любовью о современном человеке
Уведомление: Պաիսիոս Աթոսացի «Հոգևոր պայքար» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)