Եթե դու չես սիրում աշխարհը, դու չես կարող ստեղծել:
Եթե դու անտարբեր ես ծառերի գեղեցկության հանդեպ, ինչպե՞ս կարող ես նկարել: Եթե դու անտարբեր ես թռչունների երգի նկատմամբ, ինչպե՞ս կարող ես երգել: Եթե դու անտարբեր ես սոճիների ճյուղերի միջով անցող քամու երաժշտության հանդեպ, ինչպե՞ս կարող ես ջութակ նվագել:
Միայն ամբողջ սրտով բնությանը սիրահարվածը կարող է ստեղծել: Ահա իմ պատգամը. հոգևոր մարդ դառնալու միակ ճանապարհը ստեղծագործ անհատ լինելն է: Եթե Աստված ստեղծող է, ուրեմն Նրա գործերին մասնակից լինելու միակ միջոցը ստեղծագործելն է:
Դարձի՛ր սիրահար: Դարձի՛ր ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկի սիրեկանը, այլ ընդհանրապես սիրահար: Թող սերը դառնա քո որակը, և թող այդ որակը դրսևորվի ոչ միայն որոշակի մեկի հետ ունեցած հարաբերություններում, չէ՞ որ սիրելով կոնկրետ ինչ-որ մեկին, դու, ըստ էության, բացառում ես տիեզերական համարող մնացածին:
Խիստ անհամաչափ փոխանակություն է. ընտրել սիրո որոշակի օբյեկտ՝ բացառելով տիեզերքը, բայց չէ՞ որ տիեզերքը առաջին հերթին պատկանում է քեզ, և դու պատկանում ես տիեզերքին:
Տիեզերքը քեզ սիրով է ողողում: Չպատասխանել այն փոխադարձ ջերմությամբ՝ նշանակում է անշնորհակալ լինել:
Սիրի՛ր արևը, լուսին, աստղերը, ծառերը, գետերը, լեռները, մարդկանց, կենդանիներին, դարձի՛ր տիրեզերքի սիրահար: Հենց դա է մարդուն դարձնում հոգևոր: Երբ սերն իրենով է լցնում ամբողջ տարածությունը, երբ այն կորցնում է սահմանները, երբ սերն այլևս չի կարող մնալ շրջանակների մեջ, երբ այն ուղղված չէ որոշակի մեկին, բայց ողողել է ողջ էությունը, ապա այդ դեպքում սերը դառնում է աղոթք:
Սերը դառնում է մեդիտացիա, սերը ազատագրում է բերում:
Որքան շատ ես բարձրանում այդ սիրո մեջ, այնքան կարևոր է դառնում քո կյանքը: Այնքան շատ երգեր են հնչում քո սրտում, այնքան շատ հիացական պահեր ես դու ապրում:
Սիրո բարձրագույն արտահայտությունը Աստվածային սերն է, երբ դու վերածվում ես լոտոսի, համուհոտ ես դառնում ու զմայլանք:
Այդ ժամանակ չկա ո՛չ մահ, ո՛չ ժամանակ, ո՛չ միտք, այդ ժամ դու հավերժության մի մասնիկն ես:
Այդ ժամ վախի մասին խոսք լինել չի կարող: Եթե մահ չկա, էլ ի՞նչ վախ:
Այդ ժամ անհանգստության մասին խոսք լինել չի կարող: Եթե միտք չկա, էլ ի՞նչ անհանգստություն:
Կա՛ միայն վստահություն, բավարարվածություն, իրագործում:
Աղբյուրը՝ Ошо — О возвышенном
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ