Նոր տարու հետ նորանալով

Nor tari

Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի
Թեկուզ մի քիչ կորանալով:

Համո Սահյան

Հովհաննես Թումանյան «Նոր տարի»

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր-գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի

Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

Պարույր Սևակ «Արի՜, Նո՛ր տարի»

Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Միսաք Մեծարենց «Նոր տարին»

Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվո ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր.
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին՝
Վառ հույզերու մեջ կ’օրրե զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնված աշխարհ կու գա նոր տարին:

Եղիշե Չարենց «Նոր տարվա համար»

Ես նոր Տարի եմ մտնում,- բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,

Անկախ կամքից իմ ու քո, կամքից, Ղեկավա՜ր,
Շուռ է գալիս ու դառնում – հավիտյան ու հար…

Ու դառնալու է անվերջ… մինչև չմնա
Ո՜չ մի ձգտում, ո՜չ մի կամք աշխարհի վրա…

Օ, Նիրվանա տևական, քե՜զ եմ անրջում,-
Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում…

Վահագն  Դավթյան «Խոսք Նոր տարուն»

Ես ի՞նչ եմ ուզում, որ բերես դու ինձ…
Ոչինչ… Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես
Ու քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը՝
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
Ու լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն:

Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
Ու ես ամեն ինչ կունենամ կյանքում:

Ձյո՜ւն է գալիս 

Ձյո՜ւն է գալիս դրսում… Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ…

Որ դու իջնող ձյունի քնքշությունը հագած
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ,
Ներշնչանքի նման սպասված և սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:

Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝
Թարթիչներիդ վրա ձյունն սպիտակ,
Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ
Ու մեղմորեն շոյել ճակատս տաք:

Որ կարող է քո սև թարթիչներին իջած
Ձյունափոշին հալվել իմ տաք շնչից:
Ու կարող ես դու ինձ գիշերի մեջ ժպտալ
Սիրո մաքուր-մաքուր արտասուքի միջից:

Ձյո՜ւն է գալիս դրսում… Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ:

Հրանտ Մաթևոսյան

Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր ժամանակն է լինելու: Ինչ որ դուք ուզեք, այն էլ գալու է: Շիտակ ու անվեհեր լինեք և աշխարհին նայեք անվեհեր մարդու շիտակ հայացքով` ձեր առջև բացվելու է շիտակ մարդկանց շեն աշխարհը, ուր շնչելը թեթև է լինելու…Միայն թե պետք է պարտավորվեք ուժեղ ու շիտակ մարդու ձեր ընթացքի կողքին չանտեսել թույլերին, այլապես ձեր ետևը ընկճված ու չարացած մարդ եք թողնելու և համոզվա՛ծ եղեք, որ նրա ծանր հայացքը ծանրացնելու է  ձեր քայլը, ձեր սիրտը նրանից չի ազատվելու: Ուրեմն` բարձրացրե՛ք թույլերին և կտեսնեք, որ նրանց բարձրանալով` ինքներդ եք շտկվում, ձե՛ր շունչն է բացվում, ձե՛ր սիրտն է հրճվում և ձե՛ր առջև ծավալվում, ջերմանում է շիտակ մարդկանց ձեր աշխարհը, ուր դուք գրեթե իշխան-իշխանուհի եք:

Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր աշխարհն է լինելու, ինչ որ ձեր միտքն ու հոգին` այն էլ ձեր ու մեր կյանքն է լինելու…

Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Նոր տարու հետ նորանալով

  1. Уведомление: Ամանորյա, սուրբծննդյան նյութեր — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий