Ճիշտ կամ սխալ ոչինչ չկա: Ամեն ինչ կախված է տեսակետից:
Միևնույն բանը մի մարդու համար կարող է ճիշտ լինել, մյուսի համար` սխալ, որովհետև այս կամ այն իրողությունը, առավել կամ պակաս չափով, կախված է մարդուց:
Նույն մարդու համար նույն բանը կարող է մի դեպքում ճիշտ համարվել և կապված իրադրությունից` նույն մարդու համար նույն բանը կարող է սխալ համարվել:
Ձեզ սովորեցրել են մտածել արիստոտելյան տրամաբանությամբ. մեկը ճիշտ է, մյուսը` սխալ: Ահա սա սպիտակ է, այն մեկը` սև: Այստեղ Աստված է, այնտեղ` սատանան: Նման դասակարգումը սխալ է: Կյանքը չի բաժանվում սևի և սպիտակի: Այն ավելի մոտ է մոխրագույնի երանգներին:
Եթե ուշադիր նայենք` կտեսնենք, որ սպիտակը, ըստ էության, մոխրագույնի մի ծայրն է, իսկ սևը` մյուս ծայրը, իսկ այդ գույների միջև ընկած հատվածների ամբողջ գաման իրականում մոխրագույն է:
Իրականությունը բաղկացած է երանգներից. սա բացարձակապես անխուսափելի է, որովհետև որևէ տեղ որևէ բաժանում չկա: Ոչ մի տեղ հերմետիկ միջնապատեր չկան:
Ճիշտը և սխալը մշտապես փոխվում են: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Եթե որևէ մեկը խնդիրն ուզում է լուծել կտրուկ միջոցներով` կաթվածահար կլինի. նա չի կարողանա շարժվել: Մարդը պետք է գործի հարաբերականի սահմաններում, ուր չկան բացարձակ լուծումներ: Ու, քանի որ գոյություն չունեն բացարձակ լուծումներ, այդ իսկ պատճառով մի՛ սպասեք դրանց. ուղղակի նայեք, տեսեք, և, երբ կզգաք, որ այդպես անելն ավելի ճիշտ կլինի` գործե՛ք: Միայն այդպես գործելու դեպքում ձեզ համար պարզ կդառնա` որն է ճիշտ:
Աղբյուրը` Ошо — 365 медитаций на каждый день
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)