Ամռանը տարածությունը աստիճանաբար մեծանում է` դառնալով մածուցիկ և սաթե, ինչպես ծորուն մեղրը:
Շրջապատում փոքր-ինչ դանդաղում է վազքը, փոխվում է ռիթմը, մեծանում է ամպլիտուդը: Միանգամայն ուրիշ ժամանակ, որն ուզում ես ապրել անշտապ` խորհելով, ճմլկոտելով և ըմբոշխնելով: Ապրել` ինչպես երկար սպասված արձակուրդ: Բոլոր մտքերը ամռան վերջում հասունանում են և ինչպես պտուղներ լցվում են նոր հյութով, հանգիստ ուրախությամբ և գոհունակությամբ: Այդ ընթացքում երիտասարդ վարսանդը վստահորեն բողբոջում է կասկածների միջով` լցնելով դատարկությունը և ներքին այգու բացերը:
Ամռան սկզբին դու դեռ ազատվում ես կյանքը մեռցնելու ձանձրույթից: Եվ քո` ժամանակի միջից դուրս գալն այնքան էլ նկատելի չէ և ոչ էլ այնքան կանխատեսելի: Դեռ հնարավոր է ավելացնել, մեծացնել և կուտակել: Թեև դա ամենամեծ պատրանքն է, ամենախորամանկ հնարքը, որ մենք ներում ենք ամռանը ` նրա առատաձեռն խոստումների և մեր սեփական հույսերի դիմաց:
Մահ, ծերություն, անցողիկ կյանք. ամռանը այս ամենը չափազանց անպետք բաներ են, չափազանց անտեղի: Ամռանը բոլորը փոքր-ինչ ջահել են, մի քիչ ավելի վստահ, ավելի երջանիկ (ամեն դեպքում ուզում եմ այդպես մտածել):
Ամառը, ինչպես հոգատար այգեպան, հասունացնում և խնամում է մեզ` հեռու պահելով շտապողականությունից և տագնապներից, աղմուկից և հուսահատությունից: Մեր ներսի խավարը լցնում է արևով` ջանալով մեր ներքին սառույցը հալեցնել:
Եվ երբ փարատվում է այդ խավարը և հալվում է սառույցը` ձեր վախերից ծնված բոլոր հրեշները նահանջում են: Շնչելը հեշտանում է, ժպիտը` պայծառանում, սիրելն ավելի բնական է դառնում, իսկ հավատալը` ավելի դյուրին: Եվ մենք կրկին, մի ամբողջ հավերժություն, դառնում ենք զորավոր և անմահ…մինչև աշուն:
Աղբյուրը` Елена Касьян
Լուսանկարի հեղինակ` Visoot Uthairam
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Օգոստոսը որպես ուժ և քնքշություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)