Հովհաննես Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին

38132213_1543381972434955_4535296924101640192_n

Հովհաննես Թումանյանի հուշերը

Խրիմյան Հայրիկը Թիֆլիս գտնված ժամանակ մի օր կանչել էր սովորականի նման զրույց անելու, թե իր գրած ոտանավորները կարդալու։ Պետք է ասեմ, որ շատ էր սիրում ոտանավոր գրելը և իրեն նշանավոր բանաստեղծ էր համարում։
— Գիշերները քունս չի տաներ,— ասում էր, — սենյակում կշրջեմ, կծխեմ ու կգրեմ։
Մի պայծառ, գեղեցիկ առավոտ էր։ Մտա Թիֆլիսի առաջնորդարանը։ Նախասենյակում մի խումբ խնդրատուներ էին կանգնած։ Նրանց միջից մի ծերունի տիրացու, որ ճանաչում էր ինձ, առաջս կտրեց, խնդրեց, որ միջնորդեմ կաթողիկոսին իրեն օգնելու։ Խոստացա․ ներս գնացի։ Արևը լցվել էր սենյակը, ու Հայրիկը Աստվածաշունչի նահապետներից մեկի նման գահավորակին թիկնած ծխում էր։ Քեֆը լավ էր, ու դեմքն էլ պայծառ՝ օրվա նման։ Չգիտեմ ինչու քեֆի լավ ժամանակները նա սիրում էր ետ դառնալ, խոսել իր երիտասարդ ժամանակից, անցած օրերից, Վարագա կյանքից։ Սիրուն, սրտաշարժ պատմություններ էր անում զանազան մարդկանցից, որոնցից ոչ մեկից ես ոչ մի տեղեկություն չունեի։ Ես ինչքան ձանձրույթով էի լսում նրա ոտանավորները, այնքան և ավելի հետաքրքրությամբ լսում էի նրա տաղանդավոր զրույցները։
Պատմում էր, պատմում ու վերջը տխրությամբ ավելացնում․ «Ո՜վ գիտի, հիմա մեռեր են ամենքը…»։ Բայց ավելի շատ ծիծաղաշարժ բաներ էր պատմում ու այնպես դուրեկան, այնպես սրտալի ծիծաղում, որ միայն Հայրիկին էր հատուկ։
Այն օրը, որ ասում եմ, շատ զվարթ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ շատ էր բաց պահում իր դուռը։ Քիչ կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։
Հայրիկի քեֆն ավելի բացվեց։
— Օ՜հ, բարով եկար,— ասավ,— ի՞նչ կուզես։
— Հայրի՛կ, ինձ ուսումնարանից դուրս են անում։
— Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։
— Այո՛, Հայրի՛կ։
— Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։
— Դուրս են անում, Հայրի՛կ։
— Ո՞վ է դուրս անում։
— Դիրեկտորը։
— Ինչու՞։
— Ասում է՝ փողը բեր։
— Է՛հ, դու ալ չունի՞ս։
— Չէ՛, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս․․․— երեխան սկսեց իր պատմությունը։
— Մոտ եկ, տեսնեմ։
Երեխան մոտեցավ։
— Էհ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։
— Լավ եմ սովորում, Հայրիկ,— և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։
— Լա՛վ, լա՛վ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։
— Ասեցի, Հայրիկ։
— Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։
Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։
— Ծո՛, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն․․սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։
— Հայրի՛կ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխալով մնացեր եմ դռները: ․․․
— Հա՛, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։
Կրկին ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց․ ճամփա դրավ։
Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։
— Հայրիկ, 40 տարի Ս․ Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ Աստծուն, այժմ քաղցած եմ․․․
— Անխելք մարդ,— ընդհատեց Հայրիկը,— քեզի ո՞վ ըսավ 40 տարի աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տարի եթե մի վաճառականի ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր․․․— ու սկսեց ծիծաղել։— Է՛հ, աղեկ, կհոգանք։
Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։
— Ծո՛, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։
Եվ այսպես ամբողջ օրը։
Աղբյուր` 
ԵԼԺ հ 5, էջ 71

Վարդգես Ահարոնյան «Ամենայն հայոց բանաստեղծը»

Իբրև իր ժամանակաշրջանի հայ գրական և հասարակական կյանքի առաջաբեմը գրավող դեմքերից մեկը, Հովհ. Թումանյանը ծանոթ էր և շփում ուներ Կովկասում ապրող կամ Կովկաս այցելող իրեն ժամանակակից բոլոր նշանավոր հայ դեմքերի հետ: Բնականաբար, իր ծանոթությունների շրջանակից դուրս չէին կարող մնալ և աչքի ընկնող հոգևորականները: Թեև քահանայի որդի և քահանայի փեսա, Հովհ. Թումանյանը միանգամայն ազատ էր եկեղեցու հետ կապված նախապաշարումներից: Եկեղեցին չէր սիրում իբրև ծես, այլ իբրև հայ մշակույթը պահպանող և զարգացնող մի ազդակ: Շատ հազվագյուտ առիթներով էր ոտք դնում եկեղեցի: Հոգևորականությանը չէր սիրում իբրև դաս: Թերևս չէր մոռացել և այն, որ իր կյանքի առաջին ձախողանքը՝ կոնսիստորիայի պաշտոնից զրկվելը, արդյունք էր մի քանի հոգևորականների անհանդուրժող ոգու և սահմանափակ մտածողության: Բայց միաժամանակ գնահատում և սիրում էր արժանիքների տեր և տաղանդավոր հոգևորականներին, որոնց հետ շփվելու առիթներից չէր խուսափում:
Գրագետ կամ հասարակական կյանքի մեջ դեր կատարող հոգևորականների հետ բարեկամական, երբեմն նույնիսկ մտերմական հարաբերություններ ուներ:
Հարգանք և հիացում ուներ Վասպուրականի Արծվի՝ Խրիմյանի հանդեպ: Խրիմյանին այցելելու ոչ մի առիթ չէր փախցնում Հովհ. Թումանյանը, երբ ինքը Էջմիածին էր գնում, կամ երբ Խրիմյանը գալիս էր Թիֆլիս:
Խրիմյանը, որ իր խոր ծերությանն իսկ պահել էր իր սուր մտքի պայծառությունը, անշուշտ, հաճույքով էր ընդունում Հովհ. Թումանյանին: Եվ, բնականաբար, իրենց զրույցները հաճախ գրականության շուրջ էին դառնում:
Այդպիսի այցելություններից մեկի ընթացքում հայոց Հայրիկը առաջարկել է կարդալ Հովհ. Թումանյանի համար իր մեկ նոր գրվածքը:
«Խրիմյանը նստեց, ինձ էլ հրավիրեց նստել ու սկսեց կարդալ,- պատմում էր Թումանյանը:- Սկիզբը ուշադրությամբ լսում էի, բայց գրվածքը շատ երկար էր և շատ էլ հետաքրքրական չէր: Խրիմյանի գրիչն էլ ծերացել էր իրեն պես: Հինգ-տասը րոպե վերջը այլևս ուշադրությամբ չէի լսում: Խրիմյանը այդ նկատեց, բայց զգալ չտվեց և շարունակեց կարդալ: Երբ վերջացրեց, նույնիսկ չհարցրեց, թե ինչպես է իր գրվածքը: Հասկացա, որ ծերունին վշտացել էր և խղճի խայթ զգացի: Բաժանվելիս ասաց. «Երբ նորեն Էջմիածին գաս, չմոռնաս այցելել Հայրիկին»: Խոստացա և մեկնեցի: Մի քանի ամիս հետո, երբ կրկին Էջմիածին հանդիպեցի, գնացի տեսնելու Վեհափառին:
Զրույցի ընթացքին Խրիմյանը հարցրեց.
-Նոր բան մը գրե՞ր ես, բե՛ր, կարդա Հայրիկին համար:
Հաջորդ օրը ձեռագիրը գրպանս՝ գնացի վեհարան:
Խրիմյանն ինձ ընդունեց վեհարանի դահլիճում:
-Նստե, նստե կարդա, նայիմ:
Խրիմյանը նստեց, ես էլ նստեցի ու սկսեցի կարդալ:
Հազիվ էի մեկ-երկու էջ կարդացել, որ կաթողիկոսը ոտքի կանգնեց: Ես էլ քաղաքավարության համար դադարեցի կարդալ:
-Կարդա՛,-ասաց Խրիմյանը:
Ես շարունակեցի կարդալ: Խրիմյանն սկսեց քայլել դեպի ընդարձակ դահլիճի մեկ ծայրը: Ես նորից կանգ առա:
-Կարդա՛, դուն կարդա՛,- կրկնեց Խրիմյանը, շարունակելով քայլել:
Ստիպված եղա շարունակել ընթերցումը:
Խրիմյանը դահլիճից անցավ հաջորդ սենյակ: Ես նորից կանգ առա: Նորից լսվեց Խրիմյանի ձայնը.
-Դուն կարդա՛:
Կարդում էի, ականջս շարունակ Խրիմյանի հեռացող քայլերին:
Վեհարանը ընդարձակ շենք է: Մեկ սենյակից մյուսը անցնող Խրիմյանի քայլերի ձայնը այլևս չէր լսվում: Ես, մենակ նստած ընդարձակ դահլիճում, շարունակում էի կարդալ:
Վերջացրի թե չէ, լսվեց Խրիմյանի ոտնաձայնը:
Ներս մտավ և քմծիծաղը դեմքին դարձավ ինձ.
-Ըշտե ատանկ, Հայրիկ կկարդա, դուն չես լսեր, դուն կկարդաս՝ կուզես որ Հայրիկ լսե՞…
Հայրիկը չէր մոռացել մի քանի ամիս առաջ իմ անուշադրությունը և այժմ իր վրեժն էր առնում»,- վերջացրեց իր պատմությունը Հովհ. Թումանյանը:

Աղբյուր`  irates.am

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Հովհաննես Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին

  1. Уведомление: Խրիմյան Հայրիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խրիմյան Հայրիկ. հոգևոր ընթերցումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s