Ապրիլի 15-ին ծնվել է «հազարամյակի երկրորդ մարդը»՝ Լեոնարդո Դա Վինչին:
Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիքը» նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։
Խորհրդավոր ընթրիք
Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի համար երկար ժամանակ համապատասխան բնորդներ էր փնտրում. Հիսուսի կերպարը պետք է մարմնավորեր Բարին, իսկ Հուդայինը՝ Չարը:
Լեոնարդոն բնորդների փնտրտուքի պատճառով` շատ հաճախ ստիպված էր լինում ընդհատել աշխատանքը: Մի անգամ, եկեղեցական երգչախմբին լսելիս՝ նա նկատեց երիտասարդ մի երգչի, ում դեմքը շատ նման էր Քրիստոսին: Լեոնարդոն նրան հրավիրեց իր արվեստանոց և մի քանի ճեպանկարներ արեց:
Անցավ երեք տարի, «Խորհրդավոր ընթրիքը» գրեթե պատրաստ էր, բայց, այնուհանդերձ, Լեոնարդոն Հուդային համապատասխան կերպար չէր գտնում: Կարդինալը, ով պատասխանատու էր տաճարի որմնանկարի համար, շտապեցնում էր նկարչին: Եվ ահա, երկար որոնումներից հետո նկարիչը հանկարծ կեղտոտ ջրափոսի մոտ տեսավ մի ընկած հարբեցողի, ով թեև երիտասարդ էր, բայց զառամյալ տեսք ուներ: Լեոնարդոն իր օգնականներին պատվիրեց հարբեցողին անմիջապես տանել տաճար: Մարդը ակնհայտորեն չէր հասկանում՝ ինչ է կատարվում, որտեղ է ինքը գտնվում, իսկ Լեոնարդոն արագորեն կտավի վրա էր փոխանցում մարդու՝ մեղքերով լի դեմքը: Երբ նա ավարտեց աշխատանքը, աղքատը, ով այդ ընթացքում հասցրել էր սթափվել, մոտեցավ կտավին ու բացականչեց.
-Ես այս նկարը նախկինում տեսել եմ:
-Ե՞րբ,-զարմացավ Լեոնարդոն:
-Երեք տարի առաջ, երբ ես դեռ չէի կորցրել ամեն ինչ: Այն ժամանակ ես երգում էի երգչախմբում, կյանքս էլ լի էր երազանքներով, ինձ ինչ-որ մի նկարիչ նկարեց Քրիստոսի կերպարի համար:
Աղբյուրը՝ worldartdalia.blogspot.com
Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը
Կարող եք կարդալ նաև՝ Լեոնարդո դա Վինչիի հայերեն գաղտնագրերը
Հ.Գ.Սույն պատմությունն իրական հիմքեր ունի: Այս մասին վկայում է նաև Լեոնարդո դա Վինչիի ժամանակակիցը՝ Ջորջո Վազարին: Ի դեպ, ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի՝ Վինչին Կրտսեր Հակոբոսի ու Թովմասի կերպարներում պատկերել է հենց ինքն իրեն։