Զարմանալի, շա՜տ զարմանալի ժողովուրդ ենք․․․
Անհիշելի ժամանակներից եկել-հասել ենք 21-րդ դար, սակայն այդպես էլ ո՛չ հաղթել ենք սովորել, ո՛չ էլ պարտվել։ Այդպես էլ ոչ հաղթանակին ենք դիմանում, ոչ էլ՝ պարտությանը։ Հաղթանակից խելքներս կորցնում ենք՝ մեծամտանում, պարտությունից մեզ կորցնում ենք՝ խեղճանում։ Մինչդեռ դարերի ընթացքում մեզնից պահանջվում էր ընդամենը մեծամտանալ-խեղճանալու մեջտեղը գտնելը և դրանց արանքում զգոն ու սթափ տեղավորվելը․․․
Երկուսն էլ՝ թե՛ մեծամտությունը և, թե՛ խեղճությունը վտանգավոր, շա՜տ վտանգավոր գոյավիճակներ են։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Երկու դեպքում էլ կորցնում ենք իրականության զգացումը՝ կտրվում ենք երկնքից ու երկրից։ Մեծամտանալու դեպքում՝ կտրվում ենք Աստծուց, խեղճանալու դեպքում՝ ինքներս մեզնից։
Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ ամբարտավանությունը։ Հարցին պատասխանում է Պարույր Սևակը․«Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի, որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձր է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար»:
Ցավո՞տ է, հաստա՛տ, սակայն եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք՝ արդյո՞ք մեր դժբախտությունների պատճառներից մեկը մեծամտությունը և ազգային սնապարծությունը չէ։ Առավել վտանգավորն այն է, որ ազգային այս ինքնասպանությունն արվում է պետական մակարդակով։
Լսո՞ւմ եք՝ մենք ոչ մի բանով առավել չենք մյուսներից և ոչ էլ որևէ բանով պակաս։ Եթե ինչ-որ բանով էլ առավել ենք, ապա ինչ-որ բանով հաստատ պակաս ենք։ Այնպես որ, բոլորը ժողովուրդներն իրար հավասար են։ Հո չե՞ք մտածում, որ մենք՝ հայերս, պատահաբար ենք հայտնվել այսպիսի շրջափակման մեջ։ Ո՜չ, սիրելիներս, այսպիսի բաները չեն կարող պատահականության արդյունք լինել։
Եվ, ընդհանրապես՝ բնության մեջ և ազգերի կյանքում ոչինչ պատահական չի լինում, ոչինչ․․․
Ու, քանի դեռ մենք չենք կարողացել լեզու գտնել մեր հարևանների հետ, քանի դեռ չենք հաջողել արժանապատիվ բանակցել նրանց հետ, մենք էսպես վիզներս ծուռ ենք մնալու՝ հույսներս սրա-նրա վրա դնելով․․․
Ի սեր Աստծո, միայն թե պետք չէ գերտերությունների մոտ ձեռնածությամբ զբաղվել, դա սատանի մայլեն քյանդրբազություն անելու պես մի բան է։ Թողնե՛նք այդ միամիտ ու պրիմիտիվ բաները։ Դրանով մենք հաջողության ո՛չ հասել ենք, ո՛չ էլ կհասնենք։
Մեզնից հիմա պահանջվում է մի պահ կանգ առնել, որքան էլ դժվար է՝ փորձել խաղաղվել, խելքը գլուխը հավաքել և առաջ շարժվել։ Այսպիսի՞ բաներ են եկել ու անցել մեր ժողովրդի գլխով, սա էլ կանցնի։ Հաստատ կանցնի․․․
Նախորդիվ՝ Ծուռ նստենք, շիտակ խոսենք 1
Լուսանկարում՝ Մենք ենք, մեր սարերը
Նունե Մովսիսյան
Уведомление: Հպարտության մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 3 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)