Թուրքիայում եղել եմ բազմիցս։
Թուրքիա մեկնում եմ բացառապես ուխտագնացության նպատակով։ Սկզբում ցանկանում էի գնալ, որովհետև ուզում էի ծանոթանալ իմ պապերի ծննդավայրին, հետո արդեն սովորույթի ուժով գնում էի, որովհետև պահանջ էի զգում տեսնել իմ ու իմ պապերի Էրգիրը։ Ինչևէ, այդ մասին խոսել եմ և շատ եմ խոսել։ Այսօր ասելիքս այլ է։
Այս օրերին մտովի Թուրքիայի այն վայրերում եմ, որտեղ մոլեգնում են հրդեհները։ Հրդեհների ընդգրկման տարածքը, թերևս, Թուրքիայի ամենախնամված և ամենածաղկուն շրջաններից է։ Տարիներ առաջ, Կիլիկիա գնալիս, հիշում եմ՝ ինձ ամենաշատը տպավորել էր այդ շրջանի նորակառույց, դեռևս չբնակեցված ամբողջական քաղաքների գոյության փաստը։
Ովքեր քիչ, թե շատ ծանոթ են Թուրքիային, գիտեն այդ պետությունը ներսից և սուր աչք ունեն, հավանաբար, զգացած կլինեն նաև այդ պետության հզորության տակ թաքնված ողբերգականությունը։ Թուրքիան առերևույթ եվրոպական արժեքներին դավանող՝ հզոր տնտեսությամբ և անընդհատ զարգացող պետություն է, մյուս կողմից այդ հզորությունը երերուն ու փխրուն է, որովհետև հիմնված է սուլթանություններին հատուկ բիրտ ուժի, բռնության և դաժանության վրա։
Միայն մի փաստ նշեմ։ Ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս, երբ Դիարբեքիրում ականատես եղա հետևյալ պատկերին։ Թուրքական կառավարությունը, գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի կենտրոնում, մի ամբողջ բնակելի թաղամաս ժապավեններով առանձնացրել էր և սկսել վերևից ռմբակոծել, ինչ է թե այդ տարածքում քրդական բանվորական կուսակցության օջախ էր հայտնաբերվել։
Թուրքիայում քրդերին հավասար ճնշում է գործադրվում նաև ալևիների նկատմամբ։ Առհասարակ, ալևիզմը շատ է տարբերվում Թուրքիայի հիմնական կրոնական ուղղությունից՝ սուննիզմից։ Ալևիզմը հավատ է, դավանաք, կյանքի փիլիսոփայություն։ Ալևիների աղոթատները կոչվում են ջեմևիներ։ Ալիևիականությունը հավատում է հումանիստական, ժողովրդավարական գաղափարներին, տղամարդու ու կնոջ հավասարությանը։ Այն իր բնույթով աշխարհիկ դավանանք է։ Եվ, քանի որ ալևիները հստակորեն առանձնանում են իսլամադավաններից, հենց այդ պատճառով էլ մշտապես գտնվում են Թուրքիայի կառավարության թիրախում։ Բավականաչափ մանրամասն ուսումնասիրվում են նաև ալևիներով բնակեցված տարածքներ մուտք գործողների փաստաթղթերը։ Համենայն դեպս, ես Թուրքիայի մեկ այլ վայրում չեմ առնչվել նման խստության ստուգման։ Ալևիների կարելի է հանդիպել Դերսիմում, Մարաշում, Սվասում։
Մի բան հաստատ կարող եմ փաստել՝ Թուրքիայում բնակվող ոչ թուրք մարդկանց միավորում է ատելությունն ու վրեժը։ Նրանք տարբեր ժամանակներում և մեր օրերում թուրքական պետության կողմից ենթարկվել-ենթարկվում են ազգային ինքնության բռնաճնշումների և արհամարհանքի։ Մեղմ ասած՝ նրանք չեն համարվում Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ։ Իսկ այդպիսիք Թուրքիայում շատ են՝ եզդիներ, ասորիներ, ղզլբաշներ, վրացական ծագում ունեցող լազեր, իրանական ծագմամբ զազաներ կամ դիմլիներ, դավանափոխ եղած համշենահայեր, Հաթայի արաբներ և այլն։
Ասված է՝ ինչ ցանես, այն էլ կհնձես․․․
Նունե Մովսիսյան
Լուսանկարում՝ Մովսես պապիս Դիադինն է (Թուրքիա)