Աղասի Այվազյան «Եկեղեցի»

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - d4b1d5b2d5a1d5bdd5ab_d4b1d5b5d5bed5a1d5a6d5b5d5a1d5b6.jpg

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։ Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։

Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։

Եվ այդպես ամեն կիրակի։

Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում…

Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից…

Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր…

Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում…

Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա…

Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…

Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը…

Աղբյուրը՝  Աղասի Այվազյան, «Ժամագործների համքարությունը»

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий