Ծերությունը՝ ճակատագրի պարգև

Փիլիսոփայության մեջ կա մի ճյուղ, որը կոչվում է գերոնտոսոֆիա, որն ուսումնասիրում է ծերությունը և ծերության իմաստությունը։

Այսօր «ծերություն» բառը շատերի մոտ մերժում է առաջացնում։ Այն «անպարկեշտ» բառ է։ Ավելի անպարկեշտ են «ծերունի» և «պառավ» բառերը։ Ծերությունն այլևս չի հարգվում և չի համարվում օրհնություն. այն դարձել է վախենալու և արհամարհվելու պատճառ։ Շատ հաճախ ծերությունն ամեն կերպ քողարկվում է, ներկվում է և վերանորոգվում…

Մինչդեռ ծերություն ապրելը մեծ օրհնություն է, այն բաժին է հասնում ոչ բոլորին։ Ծերությունն արտոնություն է, ճակատագրի պարգև՝ մինչև ծերություն ապրելու հնարավորություն։ Եվ եթե դուք վախենում եք ծերությունից, հուսահատորեն հրաժարվում եք ընդունել այն և հասկանալ դրա օգուտներն ու դժվարությունները, կարող եք կրճատել ձեր երկրային կյանքը։ Դուք կարող եք անգիտակցաբար ինքներդ ձեզ կործանել ժամանակից շուտ՝ կյանքը թունավորելով վախերով ու անհանգստությամբ։ «Ես ծերանում եմ։ Ես չեմ ուզում ծեր լինել» մտքերը կարող են հանգեցնել «Ես այլևս չեմ ուզում ապրել»։ Մարդն ինքն իրեն նման հրաման է տալիս…

  • Ծերությունն օրհնություն է, կյանքի լրացուցիչ շրջան, որը բոլորին տրված չէ: Մինչև ծերություն ապրելն առավելություն է։
  • Ծերությունը «կոտրված» կամ «փչացած» երիտասարդությունը չէ: Դա կյանքի առանձին շրջան է, օրինակ՝ մանկությունը: Մեր արտաքին տեսքը, մեր ուժեղ կողմերը և մեր ներուժն էլ տարբեր են․ այդպես է բնությունը նախատեսել: Դա մի շրջան է, երբ մենք անխուսափելիորեն փոխվում ենք արտաքուստ և ներքուստ։ Դուք կարող եք հիանալի տեսք ունենալ և առողջ մնալ, բայց դուք այլևս չեք կարող ետ դառնալ։
  • Ծերությունը սովորեցնելու և փորձը փոխանցելու հնարավորություն է։ Ծերերի հիմնական գործունեությունը մարդկանց օգնելն է։ Ահա թե ինչու էին հին ժամանակներում տարեցներին կերակրում, պատվում, հարգում և հոգ տանում։ Տարեց մարդիկ փորձի և գիտելիքների պահապաններն էին։ Նրանք գիտեին պատասխանները։ Նրանք կարող էին սովորեցնել։ Բայց ոչ ոք չէր կերակրի կռվարար, հիմար ծերունուն, ով իրեն դրել էր երիտասարդի տեղ։ Հին ժամանակներում մարդիկ գործնական էին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դաժան։ Ծերունի ուսուցիչը ցեղի արժեքավոր և անհրաժեշտ անդամ էր։ Իսկ այն ծերը, ով ուներ ջահելի վարվելակերպ՝ անլուրջ հագուստ, եսասեր էր և դատարկ, արժեք չուներ։ Եվ քիչ հավանական էր, որ նրան որսից բաժին կհանեին…

Ոչ երիտասարդ տարիքում (տեսեք, ես էլ եմ խուսափում «ծերություն» բառից) մարդը պետք է սովորեցնի և ուղղորդի ուրիշներին, բայց․․․ առանց միջամտելու։ Զարմանալի չէ, որ տարեց մարդիկ սկսում են անցյալը հիշել՝ հուշագրություններ գրել, ընտանեկան պատմություններ պատմել, հին լուսանկարներ թվայնացնել, իրենց տոհմածառը և ծագումնաբանությունը կազմել, նույնիսկ՝ ընտանեկան բաղադրատոմսեր փնտրել…Եվ դա լավ է։ Մենք պարզապես պետք է մի քայլ՝ մի գործողություն ևս անենք։ Ի՞նչ դասեր ենք քաղել կյանքից։ Ի՞նչ ենք սովորել։ Ի՞նչ կարող ենք փոխանցել ուրիշներին, մեր երեխաներին, թոռներին, ծոռներին։ Ոչ միայն հիշողություններ և խորհուրդներ, այլև օգտակար փորձ։ Ինչպե՞ս պատրաստել շիլա, ինչպե՞ս թխել կարկանդակներ, ինչպե՞ս արձագանքել հարձակումներին, ի՞նչ անել դժվարությունների հանդիպելիս, ինչպե՞ս ճանապարհը գտնել անտառում, ինչպե՞ս ճանաչել կեղծ ընկերներին։ Մենք պետք է փոխանցենք մեր ստացած գիտելիքները։

Սովորեցնել, այլ ոչ թե դասախոսություններ կարդալ։ Այս հնարավորությունն իմաստ է հաղորդում կյանքին, երբ դու արդեն ծեր ես։ Պահպանել և փոխանցել օգտակարը, աննկատ սովորեցնել հաղորդակցության միջոցով… Սա է իմաստն ու նպատակը։

Եվ յուրաքանչյուր ոք, ով արհեստականորեն իրեն ավելի երիտասարդ է ներկայացնում, ցույց է տալիս ծերության հանդեպ ունեցած վախը: Որպես ուսուցիչ լավ տեսք ունենալը, հարգված և գրավիչ լինելը շատ կարևոր է, բայց արհեստականորեն ավելի երիտասարդ երևալու փորձերը լավ գաղափար չեն: Նման վարքագիծն անհարգալից վերաբերմունք է սեփական անձի նկատմամբ և ինքնաժխտում։

Այսպիսով՝

1․ Ծերությունը օրհնություն է, որը բոլորին չի տրվում։

2․ Ծերությունը կյանքի առանձին շրջան է, ամենևին էլ «փչացած, կոտրված, հիվանդ երիտասարդություն» չէ։ Այդ փոփոխությունն անխուսափելի է, հարկավոր է այն սիրով ընդունել։

3․ Ծերությունը գիտելիքները և փորձը փոխանցելու հնարավորություն է։ Օգտակար լինել՝ սա պետք է լինի մարդու նպատակը ծերության ընթացքում։

Իսկ ե՞րբ է սկսվում ծերությունը։ Դա նույնն է, թե հարցնես՝ ե՞րբ է սկսվում աշունը։ Օրացուցային սկիզբը սեպտեմբերի 1-ն է, սակայն իրականում այն ​​տարբեր է լինում։ Երբեմն աշունն այնքան հրաշալի է․ ավելի լավ, քան կիզիչ ամառն ու անկանխատեսելի գարունը։

Ծերությունը մի առանձին ժամանակաշրջան է, երբեմն երկար ու երջանիկ։ Եթե, իհարկե, ամբողջ ժամանակդ չանցկացնես տերևներն ու խոտը կանաչ ներկելով և ամեն օրը հաշվելով․․․

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Գերոնտոսոֆիա․ ծանոթագրությունը՝ ԱԲ-ի

Գերոնտոսոֆիան (հունարեն՝ geron — ծեր մարդ և sophia — իմաստություն) փիլիսոփայական և մշակութային ուղղություն է, որն ուսումնասիրում է ծերության իմաստը, մարդու կյանքի վերջին փուլի էությունը, և թե ինչպես կարելի է հաղթահարել տարեցների հանդեպ հասարակության վախը (գերոնտոֆոբիան)։ [1, 2]

Այն փորձում է պատասխանել կյանքի իմաստին և որակին վերաբերող էքզիստենցիալ հարցերին՝ կապված ծերացման գործընթացի հետ։ Ի տարբերություն Գերոնտոլոգիայի, որը զբաղվում է ծերացման կենսաբանական և սոցիալական գործընթացների ուսումնասիրությամբ, և Գերիատրիայի, որը բժշկական ճյուղ է, գերոնտոսոֆիան կենտրոնանում է ծերության հոգևոր, մտավոր և իմաստային կողմերի վրա։ [1, 2, 3, 4]

Հիմնական խնդիրներն ու թեմաներն են.

  • Կյանքի փորձի, իմաստության և ժառանգության արժեքավորումը:
  • Տարեց մարդու ինքնության վերաիմաստավորումը նոր, ոչ աշխատանքային փուլում:
  • Գերոնտոֆոբիայի (ծերությունից վախենալու) հաղթահարումը մշակութային և հոգեբանական մակարդակներում։ [1, 2]

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий