Լեոնիդ Ենգիբարով, Ժամանակակից հեքիաթներ

‎«Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես մենակ եմ». Լեոնիդ Ենգիբարյան

Հեքիաթասացը

Ամբողջ գիշեր հսկայական տանը մի պատուհան էր լուսավորվում։ Պատուհանի ետևում մի հեքիաթասաց էր ապրում (ոմանք նրան պոետ էին անվանում)։ Նա հեքիաթներ էր գրում ու նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթների մարդկանց դժվար է ապրելը..

Նրա սեղանին շատ գունավոր մատիտներ կային: Վախենալու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթներ գրելու համար օգտագործում  էր կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներ: Բայց մի անգամ…չար ու հիմար մեկը գողացավ բոլոր մատիտները: Նա հեքիաթասացին թողեց միայն սև ու սպիտակ մատիտները և հեռանալով ասաց. «Հիմա նա ստիպված կլինի ճիշտը գրել»:

Տխրամած նկարիչը երկար կանգնեց դատարկված սեղանի մոտ, հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսն ու դուրս եկավ տնից:

Նա գնում էր` չիմանալով ուր: Դանդաղ քայլում էր իր քաղաքում` անձրևի տակ: Երբ հոգնեց, կանգ առավ` այտի վրա զգալով կեչու թաց տերևի հպումը: Ու հանկարծ նկատեց, որ տերևը մուգ կանաչ գույնի է, հետո նա տեսավ, որ ասֆալտը արծաթամոխրագույն է, հորիզոնը բաց լաջվարդ է, իսկ տանիքները մաքուր են` կղմինդրե կարմիր:

Նա ժպտաց, հավաքեց բոլոր այս գույներն ու վերադարձավ տուն:

Նա կրկին գրում է: Նա կրկին երջանիկ է:

Առավոտ

-Գարու՜ն, գարու՜ն,- կռնչաց ծեր ագռավը,- և ինչո ՞ւ եք բոլորդ ձեներդ գլուխներդ գցել: Միևնույն է, բոլորդ ծերանալու եք և փետուրներդ էլ վաղ թե ուշ թափվելու են: Կարելի է մտածել, հետո աշուն չի գալու ու ձմեռ էլ չի լինելու:

-Հը՜մ,-մտազբաղ շպրտեց պառավ ձին և նայեց ագռավին: Նա ուզում էր ասել, որ գարունը կանաչ մարգագետին է, սեր..

Բայց նրան մտրակեցին. եթե գործի մեջ ես, լավ կանես չփիլիսոփայես: Եվ նա շարունակեց ճանապարհը:

Իսկ ագռավը թափահարեց թևերն ու իջավ ցած` ճանապարհին տաք կեր գտնելու:

Կատու

Զոլավոր պոչով մի կատու ասաց Մեծն Աստվածուհուն. «Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամենակարող ես, ինձ կին դարձրու: Շա՜տ եմ ուզում»:

Եվ Մեծն Աստվածուհին ասաց.« Դա անելը դժվար չէ, դժվարը սիրելն է, իսկ կինը, ով չի կարողանում սիրել, դադարում է կին լինելուց»:

-Ես, ես կսիրեմ,-երդվեց զոլավոր պոչով կատուն:

-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին, -մեկ, երկու, երեք:

Եվ կատուն դարձավ կին:

Կինը սիրեց: Տղամարդը գեղեցիկ էր, բարձրահասակ: Ուներ արևագույն մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպչում էր արևին:

Նա նույնպես սիրեց կատվին:

Բայց երբ նա` տղամարդը, ուզում էր համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից դուրս պրծավ մի մուկ:

Եվ կատուն մոռացավ, որ ինքն արդեն կատու չէ, վազեց մկան ետևից…ու կրկին դարձավ զոլավոր պոչով սովորական կատու:

Իսկ տղամա ՞րդը: Ի ՞նչ կարող էր անել: Նա գնաց:

Նա` տղամարդը, բարձարհասակ էր ու գեղեցիկ, ուներ արևագույն մազեր, որովհետև նա այնքան բարձրահասակ էր, որ գլուխը դիպչում էր արևին…

Երկար լաց եղավ կատուն, բայց Մեծն Աստվածուհին անողոք էր: Չէ՞ որ նա էլ էր կին:

Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև

Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև: Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ` մաքուր և զարմանահրաշ: Լինում են եթե ոչ օրեր, ապա հազվադեպ ժամեր` լի աստղային լույսով, կամ նույնիսկ րոպեներ, թող նույնիսկ ակնթարթներ, բայց լինում են, անպայմա՜ն լինում են, միայն արժե հիշել…

Հիշու՞մ ես, երբ դու կատարեցիր քո ամենավսեմ արարքը…

Ամենասիրելի  մարդու հետ հանդիպման օրը, ժամը…

Արվեստի հետ հանդիպման հիացքի պահը…

Երջանկության րոպեներ, սուգ և ցավ փարատող վայրկյաններ… և բազում այլ ակնթարթներ, որոնք մարդիկ անվանում են  աստղային:

Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև:

Նայի՜ր, ես անձրևի կաթիլները քեզ համար բերել եմ իմ ափերի մեջ պահած:

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Նաև՝  Լեոնիդ Ենգիբարով, Ժամանակակից նովելներ


Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Լեոնիդ Ենգիբարով, Ժամանակակից հեքիաթներ

  1. Գոհար:

    Insh lav e stacvel

    Нравится

  2. Уведомление: Էլեկտրոնային ռեսուրսներ. գրականության ցանկ « Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, նովելներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Լեոնիդ Ենգիբարով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, «Վերջին ռաունդ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Լեոնիդ Ենգիբարով, «Վերջին ռաունդ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Լեոնիդ Ենգիբարյան «Մի քանի բառ Երևանի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: «Լեոնիդ Ենգիբարյան» մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Լեոնիդ Ենգիբարյան «Նրան, ով առաջին անգամ իմացավ՝ ինչ է անձրևը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий